«Տեսիլք եմ տեսել, որ վերջին շնչում ա, ինչ դիրքով ա ընկած, էդ դիրքով էլ գտել են»․ Ռազմիկ Մադաթյանը զոհվել է Հադրութում՝ հայտնվելով շրջափակման մեջ

«Իրա զոհվելուց հետո իմ կյանքը լրիվ մեռած ա»,- կսկիծով ասում է 41-ամյա Շողիկ Հարությունյանը, որի որդին՝ 21-ամյա Ռազմիկ Մադաթյանը, զոհվել է Արցախյան երրորդ պատերազմի ժամանակ։

Մայրն ասում է, որ որդու զոհվելուց երկու օր անց տեսիլք է տեսել, եթե մինչ այդ հույսով սպասում էր, որ տղան ողջ-առողջ կվերադառնա պատերազմի դաշտից, այդ օրվանից հույսը կտրում է։

«Տեսիլք եմ տեսել՝ ոնց ա ինքը իրա վերջին շունչը փչում, ինչ դիրքով ա ընկած, էդ դիրքով էլ գտել են»,- կսկիծով ասում է մայրը։

Ռազմիկ Մադաթյանը զոհվել է հոկտեմբերի 12-ին Հադրութում՝ հայտնվելով շրջափակման մեջ։ Երկու ամիս անց՝ դեկտեմբերի 5-ին, ընտանիքը ստացել է բոթը։

Շողիկը հիշում է, որ վերջին անգամ՝ հոկտեմբերի 5-ին, երբ խոսել է որդու հետ, տղան ասել է, որ թեժ մարտերի մեջ են եղել, մեդալի է արժանացել, մայրը որդուն հորդորել է զգույշ լինել, այդ օրվանից հետո Շողիկն այլևս որդուց զանգ չի ստացել․ «Ասեց՝ թուրքերին սաղին կոտորել ենք, ջարդել ենք, թեժ կռիվ ա գնացել, ասեց՝ շատ բաներ կլսես մեր մասին, ասեցի՝ փորձանք չբերեք ձեր գլխին… Հետո իրանց Մարտունուց տեղափոխել են Հադրութ, էնտեղ փոխհրաձգություն ա եղել, շրջափակման մեջ են ընկել, զոհվել ա»։

Ռազմիկի մորաքույրը՝ 44-ամյա Գյուլնարա Թորոսյանը, ասում է, որ Ռազմիկին որդու պես է վերաբերվել, շատ կապված են եղել, և բոլորի համար մեծ ցավ է եղել նրա կորուստը։ 

Մորաքույրն ասում է, որ Ռազմիկը բանակ էր գնացել «Ես եմ» ծրագրով, երազանքն էր մոր համար տուն գներ․ «Բայց Ռազմիկիս երազանքը չիրականացավ»։

Ռազմիկը չափազանց ուշադիր ու հոգատար էր ամեն հարցում, շատ նվիրված էր բոլորին՝ թե՛ ընկերներին, թե՛ հարազատներին, շատ էր սիրում օգնել և անակնկալներ անել՝ պատմում է մորաքրոջ աղջիկը՝ 21-ամյա Քրիստինե Թորոսյանը։

Քրիստինեն հուզմունքով հիշում է եղբոր անակնկալներից մեկը, որն արել էր իր ծննդյան օրվա առթիվ։

«Հիշում եմ՝ մի քանի տարի առաջ ծննդյանս օրը տանը չէի, զանգահարեց, ասեց՝ ո՞ւր ես, ասեցի՝ մի ժամից տանը կլինեմ: Եկա տուն, զանգեցի ասեցի՝ արդեն տանն եմ, մի տեսակ ծիծաղով ասեց՝ հա ի՛նչ անեմ, եկել-եկել ես։ Ես մինչև էդ մտածում էի՝ անակնկալ է անելու, բայց որ տենց ասեց, տրամադրությունս ընկավ, ասեցի՝ լավ, դե: Կես ժամ չէր անցել, ծովախոզուկը ձեռքին՝ մտավ տուն, հիշում եմ դեմքի մեծ ժպիտը։ 

Իմ դասընկերներից հետաքրքրվել, իմացել էր՝ արդյոք ծովախոզուկ սիրո՞ւմ եմ, որ անակնկալը իմ սրտով լիներ»,- պատմում է Քրիստինեն ու կսկիծով ասում, որ մինչև այսօր էլ չի հավատում, որ եղբայրն այլևս իրենց հետ չէ։

«Օրերն ինչքան անցնում են, մենք դեռ սպասում ենք, ես մտածում եմ, որ գուցե մի օր հայտնվի՝ իրա անակնկալ ձևով։ 

Երբ մեզ զանգահարեցին, ասեցին՝ իրանց վաշտի տղաների մարմինները գտել են, եկեք դիակի ճանաչման, մենք վերջին պահին էլ հույսը չենք կորցրել, մենք դրանից հետո էլ չենք հավատում»,- ասում է Քրիստինեն։

Ռազմիկի մայրը՝ Շողիկը, հուզմունքով ասում է, որ ապրում է միայն փոքր տղայի համար, իսկ Ռազմիկի տեղը դատարկ է մնում, ցավը չի ամոքվում, որևէ սփոփանք չի գտնում։

«Մեռած ապրում եմ, աշխատանքի եմ գնում, փորձում եմ ինձ սփոփել, բայց չի ստացվում, Ռազմիկի տեղը շատ-շատ դատարկ ա»,- ասում է մայրը ու կրկին հուզվում։

Արփինե Արզումանյան

MediaLab.am