Պուտինի խոսքում կար վտանգավոր ակնարկ․ կողմերին չհաջողվեց կոտրել հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը․ Նարեկ Սուքիասյան

Լուսանկարը՝ aua.am

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Քաղաքակրթական ու մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, քաղաքական գիտությունների դոկտոր Նարեկ Սուքիասյանը

– Պարո՛ն Սուքիասյան, Բիշքեկում կայացած Պուտին-Փաշինյան հանդիպումն ինչպե՞ս կգնահատեք, կողմերը ի՞նչ ընդհանուր հայտարարի եկան:

– Կողմերին չհաջողվեց կոտրել այն ճգնաժամը, որի մեջ են հիմա հայ-ռուսական հարաբերությունները: Կողմերից յուրաքանչյուրը եկել էր հանդիպման կարծես թե տարբեր առաջնահերթություններով: Ռուսաստանի պարագայում առաջնահերթություն էր ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հեռանկարը, իսկ Փաշինյանն իր խոսքը սկսեց Հայաստանում գործող ռուսական ընկերություններից ու սլաքներն ուղղեց դրանցից անարդյունավետ աշխատողներին: 

Կարող ենք ենթադրել, որ խոսքը «Հարավկովկասյան երկաթուղու» մասին է ու վերջին օրերին նաև Հայաստանից հնչող հայտարարությունները այն մասին, որ ապաշրջափակման պատմական հնարավորության համատեքստում պետք է լուծում գտնել այն խնդրին, որը ստեղծված է երկաթգծի ռուսական կոնցեսիայի պատճառով, քանի որ սա վանում է արևմտյան ներդրողների, պետք առաջնահերթ է լուծել, որն ուղիղ բխում է ԹՐԻՓՓ-ի հաջողությունից, այն դարձել է մյուս բոլոր արտաքին օրակարգերն իր հետևից քաշող լոկոմոտիվը: 

Արձանագրում ենք, որ կային առաջնահերթությունների տարբերություններ: Չգիտենք՝ հանդիպման փակ հատվածում խնդիրներից ո՛րն է քննարկվել, ո՛րը՝ ոչ ու ինչ խորությամբ, բայց կարող ենք արձանագրել, որ իրավիճակը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչև հանդիպումը, այսինքն՝ կողմերի տեսակետները վիճելի հարցերում շարունակում են մնալ իրարից հեռու, թեև չի բացառվում, որ որոշ կետեր ավելի մոտարկվել են, որոնց մասին դեռ տեղյակ չենք:

– Այդ մոտարկված կետերի մեջ մտնո՞ւմ է ԵԱՏՄ կամ ԵՄ երկընտրանքի հարցը:

– Ոչինչ չեմ կարող ասել, բայց հանդիպման բաց հատվածն ընդհանրապես չի խոսում այն մասին, որ այդ հարցում որևէ մոտարկում եղել է: Հետևաբար որևէ փոփոխություն այն պարադիգմից, որ եղել է վերջին ամիսների ընթացքում, ակնկալել պետք չէ: Կարծում եմ, որ շարունակվելու է խորացող խճճումն այն հարցերի մեջ, թե ինչո՛ւ է Հայաստանը 2025 թվականի մարտին ընդունել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը ու ի՛նչ է դա իրենից ներկայացնում: Պուտինի խոսքում կար վտանգավոր ակնարկ, որ այդ օրենքի ընդունումն ինքնին հայտարարություն էր ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրության մասին, որին վարչապետը հակադարձեց, նշելով այդ գործընթացի հստակ քայլերի հաջորդականությունը, որը պետք է հիմնվի անդամ պետության ուղիղ դիմումի վրա: 

Հուսանք, սա չի տանի կողմերի փաստարկների միջև հետագա էսկալացիայի: Այս հանդիպման ընթացքում նշվեց, որ որոշումը պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում կայացվի, հարցի հրատապությունը, առնվազն հռետորաբանության մակարդակում, չի թվում թե նահանջել է:

– Վլադիմիր Պուտինի հայտարարությունն այն մասին, որ եթե Հայաստանը շահագրգռված չէ ռուսական ռազմաբազայով, ապա Մոսկվան պատրաստ է Գյումրուց դուրս բերել այն, ի՞նչ մեսիջ էր պարունակում:

– Դա ուղիղ հարցի պատասխան էր, ու ես չեմ կարծում, թե այդ հարցն օրակարգում կա ու քննարկվել է: Այս հայտարարությունը նույն տրամաբանության մեջ էր, ինչ, օրինակ, հնչել է ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ Ռուսաստանից: Չեմ կարծում, թե այսօր անհրաժեշտություն կա ռազմաբազայի վերաբերյալ ավելի մանրանալ, քանի որ չեմ կարծում, թե դա օրակարգային հարց է:

– ԵՄ խորհուրդն այսօր համաձայնություն է տվել ներդնել հայկական արտադրանքի արտահանման համար ժամանակավոր ազատականացման միջոցառումներ՝ Ռուսաստանի կողմից վերջերս սահմանված առևտրային սահմանափակումներից Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար, պարո՛ն Սուքիասյան, սա ի՞նչ կարող է տալ Հայաստանին:

– Այս որոշումը որևէ առնչություն չունի անդամակցության հեռանկարի հետ: Այս պահին բոլոր մայրաքաղաքներում հստակ գիտեն, որ Հայաստանը առաջիկա տարիներին ԵՄ անդամ դառնալու որևէ հեռանկար չունի, ու բոլորն էլ մյուս այլ որոշումները բխեցնում են այս բազային պայմանից: Ռուսական կողմն ուղղակի ունի կասկած, որ Հայաստանը կարող է հիմնովին փոխել իր արտաքին քաղաքական վեկտորը, դրա համար էլ հարկ են համարում բարձրաձայնել այդ մասին ու Հայաստանի առաջ պահանջներ դնել:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am