«Ինատով» ապրեցինք, ի հեճուկս ոմանց՝ մնացինք պատմության դասագրքերում․ Տարոն Սիմոնյանի գրառումը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը

«ՎԵՐՋԻ մասին

Ինձ շատ են հարցնում՝ բա լավ, վերջն ի՞նչ է լինելու … Քանի որ զգացի, որ արդյունավետ չէ առանձին֊առանձին պատասխանելը, այսպես ասեմ։Գիտեք՝ ինչն է տարօրինակ ու ինչն է մեր ամենամեծ խնդիրը։ Այն, որ մենք անընդհատ վերջին ենք սպասում։ Այս մետաֆիզիկական մտածողությունը մեր թերացումների, սխալ ընտրությունների ու դժբախտությունների պատճառ է դառնում։ Մենք անընդհատ վերջին ենք սպասում, կարծես՝ հոգնել ենք ապրելուց, էլ հետաքրքիր չէ ճանապարհը, կյանքը, մեզ միայն ավարտն է հետաքրքրում։

Կարծես՝ հեքիաթը կամ ինչ֊որ պատմվածք ապրելուց լինենք։ Ուզում ենք շտապ հասնենք գրքի վերջին, որ բավարարվենք վերջին տողերով՝ «և նրանք ապրեցին երկար ու երջանիկ»։ Այդպես չի լինում ո՛չ անձնական կյանքում և ո՛չ էլ ազգերի կյանքում։ Չկա ավարտ, չկա վերջ։ Կա ընթացք, որ պետք է ապրենք։ Ինչքան էլ ծանր լինի, պիտի ապրենք և ոչ միայն ապրենք, այլև արժանապատիվ ապրենք ու ապրենք հաղթական կյանք ունենալու համար։ Պարտություններն էլ օգտագործենք մեզ ճանաչելու, մեր բաց տեղերը լրացնելու, կազդուրվելու ու ի վերջո՝ առողջացած նոր հաղթանականեր գրանցելու համար։

Մենք վերջին էինք սպասում նաև Արցախյան խնդրում։ Դրա համար քառորդ դար սպառեցինք լուծումը՝ մեր պատկերացրած ինչ֊որ վերջ ունենալու համար։ Մինչդեռ լուծումը մեր ձեռքերում էր. հարկավոր էր պահել այն ատամներով, ամենայն ուժով, որովհետև այն հարյուրամյակներով մեր կորսված արժանապատվությունն էր, որ կարողացել էինք, ի վերջո, ձեռք բերել…Բայց արի ու տես, որ մենք էլի վերջին էինք սպասում։ Ինչ֊որ պետությունների, անձանց ու միջազգային կառուցների խոսքին էինք սպասում, որից հետո գալու էր այդ երանելի վերջը… Ու այդ ընթացքում մեր ձեռքում առկա իշխանությունը տալիս էինք կա՛մ հանցավոր վարքագծի, կա՛մ տգիտության սիրահարներին, կա՛մ՝ երկուսը միասին … ՈՒ մտքում ասում՝ ոչինչ, սրանք հեչ. մենք այն վերջին ենք սպասում… Այն վերջին, որ մեզանից կախած չէ՝ ձեռքի հետ էլ պատասխանատվությունը մեզնից գցելով։ Անխելք մարդու հեքիաթի պես։ Եղած կյանքը թողած, եղածը զարգացնելու, եղածը օգտագործելու, եղածով հզորանալու ու երջանկանալու փոխարեն՝ վազում ենք ինչ֊որ մի տեղ՝ բախտին սպասելու, իսկ ավելի ճիշտ՝ մուրալու։

Մինչդեռ բախտը ուժեղի սեփականությունն է, թույլինը՝ դժբախտությունն է։Վերջին ձգտելու այս մոլուցքը մեզ զրկում է այսօրվանից։ Կարծես՝ մենք չենք ուզում լինել այսօր, մենք ուզում ենք լինել, հաղթել, ազատագրել միայն պատմության դասագրքի համար։ Թվում է՝ մենք գրում ենք մի դասագիրք, ձգտում ենք երջանկանալ վերջին հաղթանակով, փակենք գիրքն ու ինքներս վերջանանք։Ասես՝ էլ գործ չունենք անելու էս մոլորակի վրա, հանգիստ կարող ենք մեռնել։ «Ինատով» ապրեցինք, ի հեճուկս ոմանց՝ մնացինք պատմության դասագրքերում, արդեն կարող ենք հանգիստ մեռնել, քանի որ կյանքը մեզ չէր հետաքրքրում դեռ էն գլխից, բայց դե ապրում էինք, որովհետև ինչ֊որ մեկին ապացուցելու բան ունեինք … Ախր, մենք ճանկռտելով ու մեր լավագույն տղերքի կյանքի գնով պետականություն ենք վերականգնում ու նույնքան ջանասիրությամբ քանդում դրա ֆունդամենտը, երբ արդեն կառուցած ենք լինում այն…Սա տրամաբանական չէ, սա բանական չէ, սա անմարդկային է … Պիտի հասունանանք, այլ տարբերակ չկա։ Պիտի գիտակցենք, որ վերջին պետք չէ սպասել, ոչ մեկին պետք չէ սպասել։

Ինքներս մեզանից էլ պետք չէ հիասթափվել։Այլ տարբերակ չկա, պիտի գիտակցենք, որ ինչպես երեսուն տարի առաջ որոշեցինք, որ մենք ու մեր արժանապատվությունն անքակտելի են, ու այս կռվում մենք պիտի ապրենք, այնպես էլ հիմա պիտի գիտակցենք, որ պարտվել ենք ոչ թե նրա համար, որ Ադրբեջանի հանցագործներին օգնում էին Թուրքիայի հանցագործներն, այլ որ մենք ինչ֊որ թմրած գիտակցությամբ ինչ֊որ վերջի էին սպասում։ Մինչդեռ պիտի հասկանայինք, որ պատերազմում վերջ չկա՝ մարդկության պատմության արձանագրված 5000-ամյա փորձը վկա։ Կա պայքար, պայքար հանուն կյանքի, պայքար հանուն արժանապատվության, պայքար հանուն Արցախի ու Մայր Հայրենիքի միացման … Եթե սա գիտակցենք, կհասցնենք մեր երազած հաղթանակների դասագիրքն էլ գրել, այդ հաղթանակները սովորական էլ դարձնել, տարիներում ապրած կյանքն էլ երջանկացնել արժանապատվությամբ, մեզնից հետո էլ գրել՝ շարունակելի…»։