Երկխոսություն. Իշխանության պատվիրակության կազմը հայտնի է, բայց քաղաքագետները դեռ բաց հարցեր են տեսնում

Երկխոսություն. Իշխանության պատվիրակության կազմը հայտնի է, բայց քաղաքագետները դեռ բաց հարցեր են տեսնում
Երկխոսություն. Իշխանության պատվիրակության կազմը հայտնի է, բայց քաղաքագետները դեռ բաց հարցեր են տեսնում

Թեև շաբաթ առավոտյան իշխանությունները հրապարակել են ընդդիմության հետ երկխոսողների պատվիրակության կազմը, սակայն քաղաքագետները դեռ որոշ բաց հարցեր են տեսնում: Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը «Մեդիալաբի» հետ զրույցում ասում է, թե հարցը դեռ բավական հում է:

 

«Պետք է հստակեցում մտցնեն, թե ո´ւմ է ներկայացնում այդ պատվիրակությունը` ԱԺ-ի՞ն, թե՞ գործադիր իշխանությանը»,- ասում է Մեհրաբյանը` շեշտելով, որ եթե պատվիրակությունը ներկայացնում է խորհրդարանը, ապա բավարար լիազորություններ չի ունենա, և նման պատվիրակության հետ երկխոսելն իմաստ չունի:

Հիշեցնենք, որ շաբաթ հրապարակված իշխանության պատվիրակության կազմում են իշխող կոալիցիայից երկուական գործիչներ. ՀՀԿ-ից` Դավիթ Հարությունյանն ու Գագիկ Մինասյանը, ԲՀԿ-ից` Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Բոստանջյանը, և ՕԵԿ-ից`Մհեր Շահգելդյանն ու Խաչիկ Հարությունյանը:

Ընդ որում, իշխանությունները հրապարակել են պատվիրակության կազմը, թեև մինչև այդ հայտարարում էին, որ ընդդիմության հետ երկխոսելու համար որևէ պատվիրակություն չեն ձևավորելու:

«Մենք պատվիրակություն չենք կազմում և հայտարարել ենք, որ եթե կան խնդիրներ, այդ խնդիրները կարող են քննարկել համապատասխան մարմինների հետ»,-շաբաթներ առաջ հայտարարել էր ՀՀԿ մամլո խոսնակ, պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:

Իսկ իշխանության պատվիրակության կազմում ընդգրկված ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանն էլ ասել էր, թե «ընդհանրապես պատվիրակությունների ստեղծումը ձևական է, սարսափելի բարդ խնդիրներ չկան, որի համար ներկայացուցիչների ինստիտուտ է պետք, պատվիրակություններ են պետք»:

Պատվիրակություն չձևավորելու մասին բազմաթիվ հայտարարություններ էին արել այլ ՀՀԿ-ական պատգամավորներ ևս: Քաղաքագետները իրավիճակի նման փոփոխության համար մի քանի պատճառներ են տեսնում:

Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, օրինակ` իշխանությունների վարքագծի նման փոփոխությունն ունի երկու պատճառ` արտաքին և ներքին, «որոնք սերտորեն կապված են իրար հետ, և դժվար է ասել, թե նրանցից ո´րն է ավելի առաջնային»:

«Արտաքին պատճառը, բնականաբար, Ղարաբաղի հիմնախնդիրն է, որը ներկայումս գտնվում է կարևորագույն փուլում: Իսկ ներքին պատճառը` հասարակական տոտալ դժգոհությունն է երկրից, տարվող քաղաքականությունից»,- ասում է Մեհրաբյանը:

Իսկ այն, որ իշխանություններն իրենց հայտարարություններին հակառակ քայլ կատարեցին, Մեհրաբյանը դրան մեկ արտահայտությամբ է հակադարձում. «Քաղաքականության մեջ, ինչպես և կյանքում, երբեք չի կարելի ասել երբեք, քանի որ հանգամանքներն ավելի ուժեղ են, քան մարդկանց խոսքն ու ասածը»:

Մեհրաբյանի խոսքով` իշխանությունների կողմից պատվիրակություն ձևավորելուց հետո միայն գործընթացի սկիզբը կդրվի, մյուս հարցերն արդեն պետք է հստակեցվեն:

Ռազմավարական և ազգային հետազոտությունների կենտրոնի (ՌԱՀԿ) փորձագետ Սարո Սարոյանն էլ «Մեդիալաբին» ասում է, թե «վաղուց է նկատվել, որ ՀԱԿ-վարչախումբ երկխոսությունն ընթացել է արտաքին միջնորդությամբ»:

«Այսօր ևս մենք այդ միջնորդության պտուղներն ենք քաղում: Ընդ որում, կարելի է արձանագրել, որ շատ զորեղ միջնորդություն է, որը կարողանում է չեզոքացնել քրեաօլիգարխիկ կլանի շատ ու շատ մեծամեծների ցանկությունները: Թե որքանո՞վ այդ միջնորդությունն ի շահ մեր հասարակության կլինի` ցույց կտա ժամանակը: Այսօր միայն մի բան կարելի է արձանագրել, որ ովքեր մաքուր վերլուծություն են կատարում` հիմնվելով միայն ներքաղաքական ուժերի տրամադրությունների վրա, ամենայն հավանականությամբ կարող են հայտնվել ծիծաղելի իրավիճակում»,- ասում է Սարյանը:

Փորձագետի խոսքով` ինքը հույս ունի, որ նախկին` պատվիրակություն ձևավորելուց հրաժարվելու Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների մտքերը, ու ներկա` համաձայնությունը «գոնե կսթափեցնի իշխանություններին և հետագայում առավել ծիծաղելի իրավիճակների մեջ նրանց չի գցի»:

«Նույնը պետք է հաշվի առնեն ընդդիմադիր քաղաքական գործիչները, ովքեր երբևէ կարող են պնդել, թե հասարակական ճնշման արդյունքում է այս կամ այն որոշումը իշխանությունը կայացնում: Մասնավոր հարցերում միգուցե` շարունակի դեր խաղալ այդ ճնշումը, սակայն քաղաքական մեծ հարցերում, ինչպիսին արտահերթ ընտրություններն են, այլևս պետք է սպասենք բարձր միջնորդության կամքին»,- ասում է ՌԱՀԿ փորձագետը:

Ռուբեն Մեհրաբյանը, սակայն, պնդում է, թե քաղաքագիտորեն ասած` այլ ելք, քան այդ երկխոսության արդյունքում արտահերթ ընտրությունների հասնելն է, ուղղակի չկա, քանի որ Հայաստանը հակառակի համար որևէ այլ ռեսուրս այլևս չունի` ո´չ ժամանակի առումով, ո´չ քաղաքական:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի մամլո խոսնակ Արմեն Արզումանյանը շաբաթ օրը News.am-ին ասել էր, թե իշխանության կողմից պատվիրակության կազմի հրապարակումից հետո տասն օրվա ընթացքում նախատեսվում է սկսել ընդդիմության հետ երկխոսությունը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, սակայն, չի շտապում որևէ մեկնաբանություն ներկայացնել իշխանական պատվիրակների վերաբերյալ:

«Մենք դեռ չունենք որևէ պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձևավորված պատվիրակության մասին, ուստի առայժմ ձեռնպահ ենք մնում որևէ մեկնաբանությունից»,- «Մեդիալաբին» փոխանցեց Կոնգրեսի մամլո խոսնակ Արման Մուսինյանը:

Հիշեցնենք նաև, որ ընդդիմության կողմից որպես երկխոսության բանագնացներ են նշանակվել Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը (խմբի ղեկավար), Կոնգրեսի Կենտրոնական շտաբի անդամ Դավիթ Շահնազարյանը, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ-ից` Ֆելիքս Խաչատրյանը և ՀՀՇ-ից` Սամվել Աբրահամյանը:

Քրիստինե Խանումյան

© Medialab.am