«Պրոտոկոլը» ՃՈ մեքենան կանգնեցնելու պարտականությունից չի ազատում․ վարչապետի աշխատակազմը մանիպուլացնում է. Fip.am

Ապրիլի 26-ին վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացու, որը մահացել է։ Լուրը լայն քննարկման առարկա դարձավ համացանցում և լրատվամիջոցներում՝ տարատեսակ մեկնաբանությունների առիթ տալով։

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը դեպքի հաջորդ օրը դրա վերաբերյալ մի քանի տեղեկություններ հայտնեց՝ փորձելով պատասխանել թեմայի վերաբերյալ հանրային հարցադրումներին։ 

Ըստ գրառման՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չէր նկատել վրաերթը, այդ իսկ պատճառով էլ ավտոշարասյունը կանգ չի առել, իսկ երբ տեսել է գետնին ընկած կնոջը, հրահանգել է շտապօգնություն կանչել և պարզել, թե ինչ է տեղի ունեցել: 

«Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին և իրավապահներին»,- նշված է Չախոյանի գրառման մեջ։

Նա պատասխանել է նաև ցանցում տարածված հարցադրմանը, թե ինչու ՃՈ աշխատողները չեն կանգնել օգնություն ցուցաբերելու համար․ «ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենան կանգ առնելու դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն, այդ թվում՝ բուն դեպքի վայրին և տուժողին մոտենալուն: Նաև նման հանգամանքների հաշվառումով՝ ըստ աշխատանքի միջազգայնորեն ընդունված կանոնակարգի՝ երկրների ղեկավարների շարասյունը ուղեկցող (տվյալ դեպքում՝ ՃՈ) մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու՝ անգամ պատահարների դեպքում»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը ավտոշարասյան չկանգնելը պատճառաբանում է՝ հղում անելով ինչ-որ կանոնակարգի՝ առանց հստակեցնելու, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ Ամեն դեպքում, ըստ իրավական աստիճանակարգման, համաձայն Սահմանադրության 5-րդ հոդվածի՝ ՀՀ օրենքներն ու միջազգային կոնվենցիաները գերակա են ենթաօրենսդրական ակտերին։ 

Հայաստանը 2006 թվականի փետրվարի 8-ին վավերացրել է «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիան, որի 31-րդ հոդվածը սահմանում է վարորդի գործողությունները ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում։ Ըստ այս հոդվածի՝ պատահարին առնչվող վարորդը պետք է հնարավորինս արագ կանգնիերթևեկության համար լրացուցիչ վտանգ չստեղծելով։

Կոնվենցիան այս հոդվածի վերաբերյալ որևէ բացառություններ չի սահմանում, հետևաբար՝ կոնվենցիայի այս հոդվածը տարածվում է բոլորի, այդ թվում՝ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վրա։ Ընդ որում, ՀՀ վավերացրած միջազգային կոնվենցիան ավելի գերակա է, քան ներպետական օրենսդրությունը, այդ թվում՝ ենթաօրենսդրական ակտերը։ 

Այնուամենայնիվ, ներպետական օրենքներով նույնպես հստակ սահմանվում է վարորդի գործողությունների հաջորդականությունը՝ տրանսպորտային պատահարի դեպքում։ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածը սահմանում է հենց այդ դեպքերը։ Հոդվածի 2-րդ մասի «դ» կետը կոնկրետ սահմանում է վարորդի վարքը պատահարին մասնակցություն ունենալու դեպքում։ Ըստ այս կետի․

1․ Վարորդը պարտավոր է անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները։

2․ Ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն կանչելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել։

Նկատենք, որ այս օրենքով նույնպես չկան սահմանված բացառություններ, հետևաբար՝ օրենքը գործում է բոլորի համար, այդ թվում՝ վարչապետի շարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենաների։

Ինչ վերաբերում է շարասյան կազմում երթևեկող տրանսպորտային միջոցների՝ այլ տրանսպորտային միջոցների նկատմամբ ունեցած արտոնություններին, ապա դրանք սահմանվում են կառավարության որոշմամբ, այսինքն՝ ենթաօրենսդրական ակտով, այս դեպքում՝ կառավարության 2007 թվականի որոշմամբ։

Ըստ որոշման 4-րդ բաժնի՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել ճանապարհային երթևեկության որոշ կանոններ: Վարորդներն առավելությունից կարող են օգտվել միայն համոզվելով, որ ճանապարհն իրենց զիջում են: Այդ իրավունքից օգտվում են նաև այն վարորդները, որոնց տրանսպորտային միջոցներն ուղեկցվում են կապույտ և կարմիր գույների առկայծող փարոսիկներ և հատուկ ձայնային ազդանշան միացրած տրանսպորտային միջոցներով: Ուղեկցվող տրանսպորտային միջոցների վրա պետք է միացված լինեն լապտերների մոտակա լույսերը:

Ինչպես նկատեցիք, որոշման այս հատվածում հստակ նշվում է, թե կառավարության որոշման ո՛ր կանոնները կարող են չպահպանել կարմիր և կապույտ փարոսիկներ և ձայնային ազդանշան միացրած մեքենաները և նրանց կողմից ուղեկցվող շարասյունները։ Դրանք վերաբերում են լուսացույցի և կարգավորողի ազդանշաններին, մանևրելուն, տրանսպորտային միջոցների՝ երթևեկելի մասի դասավորությանը, երթևեկության արագությանը, վազանցին, կանգառին և կայանմանը, խաչմերուկների անցմանը, հետիոտնային անցումների հատմանը, երկաթուղային գծանցերով, ավտոմայրուղիներով, բնակելի գոտիներով երթևեկությանը և ճանապարհային նշաններին։

Այսինքն, թվարկված բոլոր դեպքերը բացառություններ են, որոնք թույլ են տալիս կարմիր և կապույտ առկայծող փարոսիկ և ձայնային ազդանշան միացրած ոստիկանական մեքենաներով ուղեկցվող ավտոշարասյանը չենթարկվել սահմանված ընդհանուր կանոնին։

Սակայն այս կետերից և ոչ մեկը չի սահմանում ավտոշարասյանն ուղեկցող ոստիկանական մեքենայի գործողությունները վթարի ժամանակ, այդ թվում՝ վրաերթից հետո չկանգնելու արտոնություն չի տալիս։

Եթե անգամ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան գործողություններն իրականացվում են ինչ-որ գաղտնագրված արարողակարգի (պրոտոկոլ) կամ կանոնակարգի համաձայն, ապա դա չի կարող գերակա լինել օրենքին և կոնվենցիային, քանի որ արարողակարգերը սահմանվում են ենթաօրենսդրական ակտերով։

Այսինքն, ՀՀ օրենքն ու միջազգային կոնվենցիան պարտադրում են վթարի մասնակից վարորդին կանգնեցնել տրանսպորտային միջոցը և օգնություն ցույց տալ տուժածին, իսկ կառավարության որոշումներն ու պրոտոկոլները ենթաօրենսդրական ակտեր են, և դրանք ընդունվելիս համապատասխանեցվում են օրենքին և միջազգային կոնվենցիային։ Այսինքն, վարչապետի աշխատակազմի ղեկավարի պնդումն այն մասին, որ մեքենան չէր կարող կանգնել, քանի որ դա պրոտոկոլի խախտում է, կեղծ է։

Ի դեպ, 2019 թվականի մարտի 5-ի մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Փաշինյանը, ներկայացնելով իր կառավարության ձեռքբերումների հերթական 100 փաստը, նշում է․ «Փաստ համար 91․ Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի։ Հատուկ դեպքերն էն ա, երբ որ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և այլն, և այլն,․․․ և քաղաքացիներին զիջում է ճանապարհը հետիոտնային անցումների վրա»։

https://youtube.com/watch?v=GzS02i1d9Mw%3Fstart%3D3587

Նարեկ Մարտիրոսյան

Fip.am