Մեդիասանիտարները. «գրիչի վարպետները» տեսակավորում են «աղբը»

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

«Ջորջ Օրուելը սխալվել է: Մեծ Եղբայրը չի հետևում քեզ: Մեծ Եղբայրը երգում և պարում է: Կախարդական գլխարկից սպիտակ ճագարների է հանում: Ամբողջ օրը, քանի դեռ քնած չես, Մեծ եղբայրը քեզ զբաղեցնում է, շեղում է ուշադրությունդ: Նա անում է ամեն ինչ, որպեսզի դու հանկարծ չմտածես: Նա անում է ամեն ինչ, որ զբաղված լինես: 

Նա անում է ամեն ինչ, որպեսզի քո երևակայությունը թուլանա և մարի: Մինչև վերջնականապես չմեռնի: Վերածվի անիմաստ կույրաղիքի: Մեծ Եղբայրը հետևում է, որ ոչ մի լուրջ բան քեզ չշեղի: 

Բայց ավելի լավ կլիներ, որ նա քեզ հետևեր, քանի որ սա ավելի վատ է, երբ քո մեջ այդքան բան են մտցնում: Երբ շուրջբոլորն այսքան բան է կատարվում, դու այլևս չես ուզում ինքնուրույն մտածել: Դու այլևս անվտանգ ես: Երբ բոլորի մոտ երևակայությունը ատրոֆիայի ենթարկվի, ոչ ոք չի ուզի փոխել աշխարհը»: 

Սա հատված է Չաք Փոլընիքի «Օրորոցային» վեպից: Ստեղծագործության հիմքում գիրքն է, որտեղ, ի թիվս այլ բանաստեղծությունների, մի օրորոցային կա: Եթե այն կարդալ մարդու համար քնելուց առաջ, նա այլևս երբեք չի արթնանա: Գլխավոր հերոսը, որը փորձում է գտնել գրքի բոլոր օրինակները և վերացնել դրանք, մտածում է՝ եթե իրոք կարելի է բառերով սպանել, ապա ի՞նչ պետք է անել: Արդյոք պե՞տք է արգելել խոսքը, փակել ականջները… 

Շատ տարօրինակ ձևով այս գիրքը, որ տարիներ առաջ եմ ընթերցել, պարբերաբար մտքիս է: Սոցիալական ցանցերը փորփրելիս, մեդիադաշտը «հոտոտելիս», այս «Օրորոցայինի» բառերը կարծես ականջիս լինեն: Արդի աշխարհի օրորոցայինը, սակայն, չի սպանում, ամեն ինչ ավելի վատ է: Ինչպես ասում է What Dreams May Come ֆիլմի հերոսը՝ դժոխքում (ինչպես սոցցանցերում.- հեղ.) դու էլ չես կարող մեռնել, այստեղ միայն մի վտանգ կա՝ դու կարող ես խելագարվել: 

Լրագրության տրանսֆորմացիան

Երբ ես լրագրության ֆակուլտետի ուսանող էի, մեզ պատմում էին օբյեկտիվության մասին: Կային մի քանի հստակ կանոններ, որոնց պետք է հետևեր իրեն հարգող լրագրողը: Եթե կա խնդիր, հավանաբար խնդիրն ունի մի քանի կողմ, նախընտրելի է, որ այդ կողմերից գոնե երկուսի տեսակետը ներկայացվի: Այս կոնցեպցիան միանշանակ չէր, հազարավոր «բայց»-եր ուներ, այդուհանդերձ, վատ թե լավ, այն փարոսի դերում էր: Այսօր, սակայն, այս ամենը վերանում է մատների արանքով հոսող ավազի պես: Մեր օրերում լրագրողի առաքելությունը փոխվել է: Նա այլևս նորություն հաղորդող չէ: 

Նա ստի դեմ է պայքարում, մեդիասանիտար, թվային մաքրուհի, աղբ տեսակավորող թիմի անդամ է… համաշխարհային մեծ մեդիաաղբանոցում: 

Առանցքային պահը ինձ համար եղավ, երբ դիտում էի CNN-ի հայտնի լրագրող Քրիստիան Ամանփուրի հարցազրույցը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: Մի պահ տիկին Ամանփուրը պարզապես հարցրեց պարոն Լավրովին՝ արդյոք դուք ուզո՞ւմ եք լինել պատմության սխալ կողմում:

Սխալ: Այսինքն՝ կա նաև ճիշտը: 

Եթե դուք կարծում եք, որ պատմությունն ունի ճիշտ և սխալ կողմեր, ապա ստացվում է, որ դուք արդեն իսկ ընթացիկ գործընթացներին գնահատական եք տալիս: Եվ դա շատ նորմալ է ու մարդկային, բայց թվում էր, թե լրագրողը պետք է ամեն կերպ խուսափի այս ամենից: 

Հետագայում «ճիշտ» կողմերը թվային դարում սկսեցին սնկի պես աճել: Ամեն անգամ, երբ դու կարծում ես, որ ճիշտ ես, դուրս ես եկել ինչ-որ հերթական մեդիապղպջակի ճիրաններից, երբ դու կարծում ես, որ քեզ, հենց քե՛զ չեն խաբի այլևս, դու ամեն ինչ հասկացել ես, հենց այդ պահին կարող ես համոզված լինել, որ մեկ այլ պղպջակի, մեկ այլ ճշտի մեջ ես ընկել: Կոպիտ ասած՝ եթե դու կարծում ես, որ քեզ ուզում են չիպավորել, ապա շնորհավորում եմ, դու արդեն «չիպավորված» ես: 

Էստի՜ համեցեք…

Այս ամենն այսքան տխուր է, քանի որ մարդը չի կարող պարզապես փակել ամեն ինչ և ոչինչ չկարծել: Դու վաղ թե ուշ ընտրելու ես քո «ճիշտ» կողմը, իրեն հարգող լրագրողի խնդիրն էլ թերևս այն է, որ քո ընտրության ճանապարհին քեզ այնքան ստուգված և մաքուր տեղեկություն տա, որ հետո իր խղճի առաջ հանգիստ լինի, իմանա, որ ամեն ինչ արել է, որ քո՛ «ճիշտը» մաքսիմալ ազնիվ ես ընտրել, գոնե նա քեզ չի մոլորեցրել: 

Սա իրոք պատասխանատու գործ է: Քանի որ արդեն իսկ ձևավորված աշխարհայացքը գրեթե անհնար է փոխել: 

Մարդկության պատմության մեջ թերևս մեծագույն էքսպերիմենտը այս առումով նացիստական Գերմանիան էր: Երբ պատերազմից հետո սկսվեց այդ այսպես կոչված ապազգայնացումը: Սկզբում թվում էր, թե գործերը նորմալ են գնում: Հետագայում, սակայն, պարզվեց, որ մեծ հաշվով գերմանական հասարակությունը սկսեց փոխվել միայն այն ժամանակ, երբ նացիստական ռեժիմի քաղաքացիներն այնքան ծերացան, որ պարզապես մահացան: 

Իրական փոփոխությունը եկավ միայն թոռների հետ: Ապազգայնացումը պատրանք էր, ինչպես պատրանք էր Խորհրդային Միության բյուրոկրատիայի ներկայացուցիչներին լիբերալ դարձնելու փորձը: Ոչ մի արտաքին դեկորացիա՝ դրոշի, օրհներգի, սահմանադրության փոփոխություն, ոչինչ չի փոխի հասարակությունը, եթե չկա փոփոխություն ներսից: Իսկ այդ ներսիցը փոխելու համար պետք է ամեն անգամ սկսել սկզբից: 

Այս առումով դժվար է պատկերացնել, թե ինչպիսի հասարակություն ենք ունենալու 20 տարի անց, այս ամբողջ մեդիաաղմուկի մեջ մեծացող, ձևավորվող, իրար հակասող, անհանդուրժող, ֆեյսբուքյան բետոնե պատերի արանքում վազվզող մեր սերնդի հետ: 

Մեդիադաշտը մի աղմկոտ տոնավաճառ է: Մարդկանց ձայները փոշու պես լցնում և թանձրացնում են օդը: Տարբեր խմբեր փորձում են ինչ-որ բաներ վաճառել, հրամցնել, խաբել, վերավաճառել, քարոզել…

Տարբեր չափսերի տաղավարների պատերից խոսում են Դիփ Ֆեյքերը, մեզ են նայում բեմականացված պատերազմների հերոսները, իրար հակասող լուրերը, որոնք պարզապես թույլ չեն տալիս մտածողությանդ շունչ քաշել, իրար խառնված հայհոյանքն ու պաթոսը թարմացվում են, թարմացվում են, թարմացվում են…

Այս մեծ տոնավաճառում այսօր լրագրությունը թերևս մեկ անելիք ունի, աղբահանող մեքենայի նման վրա հասնել, վատ հոտով վանել բոլոր անցորդներին և մաքրել, մաքրել, մաքրել… Սա տհաճ և անշնորհակալ գործ է, և այն երբեք չի ավարտվելու:

Այդուհանդերձ, գուցե մի օր, հարյուրավոր տարիներ անց, ինչ-որ իրականության մեջ, լրագրողներին իրոք հաջողվի գտնել այդ չարաբաստիկ «օրորոցայինի» բոլոր օրինակները: 

Լիանա Խաչատրյան 

MediaLab.am