«Օրորոցային». կախարդական ներկայացում

Լիաննա Խաչատրյանը (Լուսանկարը՝ Էմմա Գրիգորյան, MediaLab.am)

Ջորջ Օրուելը* սխալվում էր. Մեծ եղբայրը քեզ չի հետևում: Մեծ եղբայրը երգում և պարում է: Իր կախարդական գլխարկից սպիտակ նապաստակներ է հանում: Անընդհատ, քանի դու քնած չես, Մեծ եղբայրը քեզ զբաղեցնում է, շեղում ուշադրությունդ: Մտածելու ժամանակ քեզ չի թողնում… որ հանկարծ չշեղվես:

*Այս տողերը վերցված են ամերիկացի գրող Չաք Փոլընիքի «Օրորոցային» վեպից:

Հանկարծ չփորձես փոխել աշխարհդ…

Բայց ամեն ինչի համը մի օր ելնում է: Մեծ եղբայրն այսօր ինքն է վախեցած: Նրա ձայնը դողում է: Նա գիտի, որ ոչ մեծ է, ոչ էլ եղբայր: Նրա բեմը փոքր է, հանդիսատեսը՝ վտիտ: Նա նյարդային շարժումով գլխարկի մեջ սպիտակ ճագարներ է փնտրում: Չի գտնում: Միակ խաղալիքը հայրենիքիդ փայտե նմուշն է: Նա թափահարում է հեռվից ոսկեգույն թվացող փայտե հայրենիքդ: Բայց մի բանն այն չէ: Խաղալիքը չի զնգզնգում: Ծափահարություններ չկան: Հանդիսատեսը դառն է, ինչպես Մեծ եղբոր թաքուն մտքերը: Ոչ ոք չի ժպտում: Գլխարկը դատարկ է: 

Նրա ձայնը դողում է… Նա երևի երազում է, որ դու իրեն այլևս չնայես: Ոչ ինքը քեզ հետևի, ոչ դու՝ իրեն: Որովհետև պարզվեց, որ իրական կյանքում, երբ քեզ Մեծ եղբայրը հետևում է, դու էլ իրեն ես նայում: Եվ սա է պատճառը, որ նա ստիպված պիտի անընդհատ պարի…

Ուժերը սպառվել են: Բառերը կուլ են գնում: Դրսից ձեզ հետևում են ավելի մեծ եղբայրները: Նրանք չեն պարում: Նրանք պարզապես բացել են պատուհանը: Այն պատուհանը, որը դուք այսքան ամուր փակել էիք: Եվ այժմ միջանցիկ քամին հարյուրամյա երկարությամբ ձգվող ճանապարհներից բերել և ձեր տունն է լցրել արյան այն հոտը, որը այսքան տարի փորձել եք մաքրել, փակել թանգարաններում, վերածել պաթոսի, մարսել այն, զզվել նրանից… Բայց հիմա այդ հոտը հորդել է ներս, ու էլ ոչինչ չի օգնում: 

Մեծ եղբայրը թափահարում է փայտե հայրենիքդ: Խոստանում է, որ նոր ներկայացում է լինելու: Սենյակը կօդափոխվի: Դու չես հավատում: Նա ինքն այլևս չի հավատում: Դուք բոլորդ վախենում եք…

Տարիներ շարունակ ինքնախաբեություն: Տարբեր տրամաչափերի գլխարկներից դուրս պրծնող ճագարներ: Սուտ, համերգ, երգ ու պար: «Եվրատեսիլը» գլուխը պատովն է տվել: Ու այսօր բոլոր համերգային կոստյումները մաշվել են: Ծակծկված ու քոսոտ: Չեք լվացել, չեք մաքրել, նորը չեք գնել… Հագնելու բան չկա: Հանդիսատեսը բոբիկ է: Բեմում կանգնածները չգիտեն՝ ինչպես ձեռքով ծածկեն սեփական հագուստի կարկատանները: Նրանք իրար են մեղադրում: Ոչ ոք մաշված շորը կարել չգիտի, բայց թելն ու ասեղն իրար վրա են շպրտում: Թե բա՝ դու արա, դու կարի, դու ես մեղավոր, օճառը բեր, լվա, արա…

Հանդիսատեսը հոգնում է: Հանդիսատեսը բոբիկ է: Հանդիսատեսը մրսում է: Բեմում կանգնած Մեծ եղբոր ձայնը դողում է: Փորձում է քեզ ու բոլորին աճպարարությամբ զբաղեցնել: Հայրենիքիդ փայտե տարբերակը մտցնում է գլխարկի մեջ: Հանում է՝ հայրենիքիդ մի մասը չկա: Նորից է մտցնում գլխարկի մեջ: Դու էլ չես ուզում, որ հանի: Ոտքերդ շատ են մրսում: Ատամներդ կտկտացնում ես: Բեմից զուռնան հայհոյանք է նվագում: Մտքերդ խառնվում են իրար: Ոտքերդ մրսում են: Ամբոխի մեջ հանկարծ ինչ-որ աղջիկների ու տղաների շշուկներ ես լսում. «Բոբիկ ենք, մրսում ենք, պահեստում կանաչ համազգեստ կա, տվեք հագնենք…»

Նայում ես՝ բեմում իրար մազ են քաշում: Դհոլը հեսա կտրաքի: Աճպարարի գլխարկի համար կռիվ է հասունանում: Բայց շշուկները քեզ շեղում են ներկայացումից: Ոտքերդ կապտում են ցրտից: Շշուկներն ասես ծորում են ուղեղիդ մեջ: Զուռնան խլանում է: «Բոբիկ ենք, կաշվե բատինկաներ կան պահեստում… անջատեք լույսերը, անջատեք ներկայացումները, կաշվե բատինկաներ տվեք հագնենք: Բոբիկ ենք…» 

Վարագույր: Պատից պոկվում է գալիք ներկայացման պաստառը: Վրան գրված է՝ «Օրորոցային»: Քունդ էլ չի տանում: Աթոռիդ մեջ կուչ ես գալիս: Այս թատրոնից փախչել չի լինի: Տեղում պիտի սպասես հաջորդ ներկայացմանը: 

Լիանա Խաչատրյան

MediaLab.am