«Ով քրիստոնյա չէ, նա հայ չէ՞»

«Ով քրիստոնյա չէ, նա հայ չէ՞»
«Ով քրիստոնյա չէ, նա հայ չէ՞»

Վերնագրում առկա հարցադրումն իրականում պնդում է: Պնդում, որը մեկ անգամ չէ, որ հնչել է բարձրաստիճան հոգևորականների շուրթերից: Այս պնդումը իր մեջ ներառում է մի քանի բացասական երանգներ: Կրոնի և ինքնության նույնացում, այլատյացություն, ազգի մի հատվածի ուրացում, անառողջ սահմանների գծագրում, մարտնչող տգիտություն:

Սակայն ամենավատը սա չէ: Ամենավատը դեռ առջևում է: Հայաստանի Հանրապետությունը Սահմանադրությամբ աստվածապետություն չէ: Ավելին, մեր պետությունը Սահմանադրությամբ անգամ կրոնապետություն չէ: Երբ պետության ու եկեղեցու սահմանները խառնվում են, դա խոսում է պետության թուլության մասին:

Որպեսզի տողերիս հեղինակին չմեղադրեք չգործած մեղքերի մեջ, ապա ի սկզբանե փաստեմ, որ ես կողմ եմ ուժեղ եկեղեցի ունենալուն, բայց երկու պարտադիր պայմանով: Եկեղեցին չպետք է միախառնվի պետական համակարգերին և եկեղեցին պետք է ծառայի ի շահ պետության:

Սակայն մեզանում եկեղեցին չի ցանկանում հրաժարվել անցյալի իր դերից: Բնական է, որ իշխանությունը քաղցր հաճույք է, և երբևէ այն ճաշակած մարդը կամ համակարգը դժվարությամբ է հրաժարվում դրանից:

Կրոնը և հավատը խիստ անձնական երևույթներ են:

Շատ զարգացած հասարակություններում, երբ դու հարցնում ես մարդու կրոնական ուղղվածության կամ հավատալիքների մասին, նույն է, թե մտնես նրա անկողին, անձնական կյանքի նվիրական տիրույթ: Սակայն մեզ դա քիչ է հուզում: Ոչ միայն չի հուզում, այլև կարծես ունենք պարտավորություն իմանալու, թե մեր հարևանը, դասընկերը, ընկերը կամ պարզապես ծանոթը ի՞նչ գերբնականի են հավատում կամ մերժում: Ու դա անում ենք բամբասկոտ տատիկի այն թեթևությամբ, որով նա արձանագրում է շուկայից եկած հարևանների տոպրակների պարունակությունը: Սա նշանակում է հոգևոր դաշտի և արժեքների պարզունակացում:

Ու նույն սկզբունքով շարժվելով՝ եկեղեցին մտնում է ամենուր, այդ թվում՝ դպրոց:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի քողի տակ ոչ միայն պարտադրվում է կրոնական քարոզ, այլ նաև իրականացվում է անառողջ սահմանազատում, ինքնության եսի կտտանք, քննական մտածողության բացառում, անջրպետների առաջացում, իրականության և փաստերի խեղաթյուրում:

«Մերժի՛ր դասընկերոջդ, նա այնպես չի պատկերացնում իրերի ուղին, ինչպես մենք ենք ուզում, նա համարձակվում է ինքնուրույն մտածել»: Չէ՞ որ կրոնն արգելում է մտածել: Այդ մասին սևով սպիտակին գրված է քրիստոնյաների Սուրբ Գրքում. «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»:

Ազգայինը և կրոնականը համարվում են համահունչ: Միմյանց են խառնվում ազգ, կրոն, եկեղեցի, հավատ հասկացությունները: Դրանք սիրողական մակարդակում նույնացվում են և պարտադրվում մի ողջ սերնդի: Այնինչ ՀՀ Սահմանադրությունն ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք:

Ջատագովները պնդում են, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան կրոնական քարոզ չէ, այլ պարզապես պատմությունն է մի կառույցի, որը վերջին երկու հազարամյակներում միախառնված է եղել մեր պատմությանը: Կհավատայինք այդ պնդմանը, եթե ծանոթ չլինեինք բովանդակությանը: Կհավատայինք այդ պնդմանը, եթե չիմանայինք, որ շատ դպրոցներում այդ առարկայի դասերին դեռ ստիպում են աշակերտներին աղոթել:

Աղոթքն ինքնին նվիրական երևույթ է: Այն հոգևոր հասկացություն է: Աղոթքը պարտադրանքով չի լինում: Այն բխում է մարդուց, մարդու ցանկություններից ու նվիրական զգացումներից: Չէ՞ որ այդ նույն Սուրբ Գրքում գրած է.

«Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս։ Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն։ Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք։ Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք»:

Շարունակելի…

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am