Կարծում եմ՝ բնակչության մեծ մասը դեռ կառերեսվի վիրուսի հետ․ Տաթև Գրիգորյան

Երիտասարդ բժշկուհի Տաթև Գրիգորյանը նոր էր ավարտել կլինիկական օրդինատուրան՝ նեղ մասնագիտությամբ՝ որպես ֆթիզիատր, երբ Հայաստանում սկսվեց կորոնավիրուսի համաճարակը։

Առողջապահության նախարարության հայտարարությունից իմանալով, որ կամավորների կարիք կա, առանց երկմտելու դիմել է՝ որպես կամավոր մասնագիտական աջակցություն ցուցաբերելու վարակված անձանց։ 

«Սկզբնական շրջանում աշխատում էի «Նորք» ինֆեկցիոնում «Արմեդ» ծրագրով, սակայն շատ էի ուզում հիվանդների հետ աշխատել, որպեսզի հասկանայի՝ ինչ հիվանդություն է, ինչ ընթացք ունի։ Երբ առաջարկ ստացա ներգրավվել «Նաիրի» հյուրանոցում, անմիջապես ընդունեցի, այնտեղ արդեն որպես բժիշկ էի աշխատում՝ ասիմպտոմ հիվանդների հետ էինք աշխատում։ Սատուրացիան էինք որոշում, սիմպտոմատիկ բուժում էր անցկացվում և այլն»,- պատմում է Տաթև Գրիգորյանը։

Այնուհետև ներգրավվել է «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցում՝ թերապևտիկ բաժանմունքում՝ որպես թերապևտ։

«Հիվանդանոցում աշխատանքը էապես տարբերվում էր հյուրանոցի աշխատանքից, այստեղ գտնվում են միջին ու ծանր աստիճանի հիվանդներ՝ հիմնականում երկկողմանի թոքաբորբով, ցածր սատուրացիայով: Շատ հիվանդներ ունեն ուղեկցող հիվանդություններ, որոնք իրենց հերթին ծանրացնում են հիվանդության ընթացքը, ու այս հիվանդներն արդեն լուրջ բուժման կարիք ունեն։ Հիվանդանոցում իմ պարտականությունների մեջ են մտնում՝ նոր հիվանդների ընդունումը, առաջնային զննում իրականացնելը, որոշել՝ ինչ հետազոտություններ է պետք կատարել, բուժումներ նշանակել և այլն»,- նշում է բժշկուհին։

Գրիգորյանն ինքն անձամբ չի վախեցել վիրուսով վարակվելուց։ Դժվարություններից էլ չի տրտնջում։

«Շատ-շատ էի ուզում ինչ-որ բանով օգնել, ընդհանրապես չէի վախենում վարակվելուց։ Միակ մտահոգությունս ընտանիքիս անդամներին վարակելն էր, ու երբ առաջարկ ստացա հյուրանոցում աշխատելու ու էնտեղ էլ պիտի բնակվեի, միանգամից ընդունեցի, շատ էի ոգևորվել։ Երբ առողջապահության նախարարության ներկայացուցչի հետ պայմանավորվեցինք՝ երբ պետք է գնամ, նոր այդ մասին հայտնեցի տանը: Սկզբում շատ անհանգստացան, մայրս շատ էր վախենում, որ կվարակվեմ, սակայն ինձ լավ ճանաչելով՝ չփորձեցին հակառակվել»,- պատմում է բժշկուհին։

Հիվանդանոցում աշխատում է 24-ժամյա հերթափոխով, ասում է, որ օրվա ընթացքում լինում է, որ 9-10 ժամ արտահագուստով են լինում՝ կախված հիվանդների հոսքից ու նրանց ծանրության աստիճանից, սակայն արդեն սովորել է դա կրել՝ հաճախ զսպելով ծարավն ու քաղցը, քանի որ գիտի՝ ինչի համար է անում և չի բողոքում։

Ասում է, որ աշխատանքում ամենաբարդը ծանր հոգեբանական վիճակում գտնվող հիվանդների հետ աշխատելն է։ «Նրանից շատերը հուսահատված են, ընկճված, ու բավական բարդ է լինում նրան դրական էներգիա փոխանցելը։ Ամեն անգամ, երբ մտնում եմ նրանց մոտ, աշխատում եմ լավ տրամադրությամբ մտնել ու շատ եմ ուրախանում, երբ հիվանդասենյակից դուրս գալուց հետո կարողանում եմ էդ դրական էներգիան փոխանցել նրանց: Հիվանդներ են լինում, որ հենց իրենք են փորձում մեզ ոգեշնչել, ու շատ հաճելի է, երբ գնահատում են աշխատանքդ ու այդ ձևով քեզ վերաբերվում»,- ընդգծում է Գրիգորյանը։

Բժշկուհին ցավով է նշում, որ այս իրավիճակում, երբ վիրուսն արագ տարածվում է և վտանգավորության մասին է ասվում, այդուհանդերձ, անգամ իր հարազատների շրջանում կան մարդիկ, որ դեռևս չեն հավատում վիրուսի գոյությանը․ «Փորձում եմ չբարկանալ, դեպքեր պատմել մեր հիվանդանոցային կյանքից ու օրինակներով ցույց տալ, որ վիրուսը կա, ու շատ մարդ հիվանդ է ու շատ մարդ մարդ ծանր է տանում, ու չպետք է մատների արանքով նայել այդ ամենին ու անլուրջ վերաբերվել։ Որովհետև ցանկացած ոք կարող է հայտնվել էդ հիվանդների փոխարեն։ Շատ ավելի հեշտ է դիմակ կրել ու հեռավորություն պահպանել, քան հայտնվել հիվանդանոցում ու գտնվել էդ պայմաններում»,- ասում է Գրիգորյանը։

Բժշկուհին նշում է, որ շատ է կարոտել մինչ կորոնավիրուսը եղած կյանքը, զբոսանքները, բնությունը, մարդկային շփումները։

Ասում է, որ երկրում իրավիճակը տեսնելով՝ չի կարող կանխատեսել, թե երբ կավարտվի այս ամենը։

«Հստակ ասել, թե կորոնավիրուսի դեմ պայքարի որ փուլում ենք, ու երբ այն կավարտվի՝ չեմ կարող, սակայն հաշվի առնելով մեր երկրում տարածման տեմպերը ու վիրուսի առանձնահատկություները, ենթադրում եմ, որ այս իրավիճակը երկար կշարունակվի, ու բնակչության մեծ մասը դեռ կառերեսվի վիրուսի հետ»,- ընդգծում է բժշկուհին։

Արփինե Արզումանյան

MediaLab.am