Սերժ Սարգսյան. «Ձեն բուդդիստը»

Սերժ Սարգսյան. «Ձեն բուդդիստը»
Սերժ Սարգսյան. «Ձեն բուդդիստը»

Սերժ Սարգսյանը լռում է: Դա իր գործն է: Բայց նա սպասում է աղետի, ոչ մի կասկած: Նա այդպես է կենսունակ պահում թիմը: Ամբողջ թիմը գիտի, որ խոսելն իմաստ ունի, եթե աղետն անխուսափելի է: Որովհետև հո չի՞ կարող նոր կառավարության հաջողությունների տրամաբանությունը շուռ տալ:

Ես, իհարկե, մեծ հաջողություններ դեռ չեմ տեսնում, ավելին, որոշ պաշտոնյաներ իրենց գոյությունն արդեն համարում են մեզ տրված երկնային պարգև, բայց մենք քնած չենք, մենք գիտենք՝ ինչպես տարանջատել երկնային պարգևը սովորական ծնունդից: Ու մենք կարող ենք իրենց հիշեցնել, որ պետական ապարատում իրենց գոյության և գործունեության չափիչը մենք ենք, մենք նրանց «Սերժ Սարգսյանն» ենք, որը հրապարակավ և ամեն օր ասում է ու ասելու է, թե ինչն այն չէ:

Մենք նոր իշխանությունից աղետ չենք սպասում, որովհետև գրեթե ամեն մարտահրավեր ծամել և դրել ենք նրանց բերանը: Նրանք պիտի որ իմանան ինչ անեն: Նրանց և մեր միջև մի պորտալար կա, որը չի դադարեցնելու մարտահրավերների հաղորդագրությունները:

Իսկ ՀՀԿ-ն իր առաջնորդի գլխավորությամբ աղետի է սպասում: Եւ իր լռությունը մեզ վրա «նաղդում» է որպես ամպերում մի տեղ ճշմարտությանը հասու մի ձեն բուդդիստ, որը չի կարող ցածրանալ, ապրել և գնահատել չիմացողների առջև, որպեսզի գոնե մի անգամ ասի, թե ինչ է կատարվել և ինչ է կատարվում: Նա կարող է ասել, որ ինքը կուսակցության ղեկավար է, և այն ամենը, ինչն ասելու է, ասում է իր կուսակցականներին:

Նա իրեն դրել է Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի տեղը միաժամանակ, որոնք նույնպես իշխանությունից հեռանալու առաջին տարիներին լռեցին: Բայց փոքրիկ անհամապատասխանություն կա: Լևոն Տեր-Պետրոսյանը կուսակցության ղեկավար չէր, իսկ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես որևէ կուսակցություն չէր ներկայացնում: Ավելին, նրանք հեռացան, երբ երկիրը դեռ կառավարման նախագահական համակարգում էր:

Կարող է հարց ծագել՝ բայց ի՞նչ պիտի ասի Սերժ Սարգսյանը: Արդյոք մենք ունե՞նք նրա խոսքի կարիքը: Ոչ: Հազիվ թե: Բայց մեզ քաղաքականության մեջ խռովկաններ պետք չեն: Եթե ասելիք չկա, ավելին, եթե տապալվել ես քո անձով ու տապալել ես քո կուսակցությունը, հեռացիր: Չէ՞ որ քո համակարգը չաշխատեց: Քո համակարգում Հայաստանն ուրիշ երկրներին ապահովում էր աշխատող ձեռք և միտք, իսկ ինքը թաղված էր կոռուպցիայի ու աղքատության մեջ: Չկար մի հարց, որը հնարավոր էր լուծել ու լուծվում էր:

Մարդը, ինչպես ընդունված է կարծել, շատախոս չէ: Բայց երբ Լևոն Տեր-Պետրոսյանին Քոչարյանի հետ միասին հեռացրեցին իշխանությունից, բլբուլ էր կտրել: Խոսում էր այն մասին, թե Վազգեն Սարգսյանը գինի է սիրում, իսկ ինքը՝ վիսկի: Արմենիկումի «հրաշքը» հենց Սերժ Սարգսյանը նետեց ասպարեզ: 2007-ից մինչև 2017-ը այդ մարդն անձամբ էր իրականացնում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավները:

Հասկանո՞ւմ եք՝ մարդը նեղացած է ժողովրդից: Ու այդ պատճառով նրանից՝ «ձեն բուդդիստից» «ձեն, ծպտուն» չի լսվում: Ունենք մենք նրա խոսքի կարիքը, թե չունենք, Հայաստանը կենդանի օրգանիզմ է որպես պատմական և քաղաքական միավոր: Սերժ Սարգսյանն այդ պատմական և քաղաքական միավորի կենդանի, անբաժանելի մասն է:

Հարյուրավոր հարցեր կան, որոնց պատասխանները պետք է հնչեն, որպեսզի ինչ-որ մեկը տեղից նորից վեր չկենա և մի նոր ֆիլմ սարքի, ասենք՝ մարտի 1-ի կամ թավշյա հեղափոխության մասին: Ինքը պետք է խոսի հենց որպես քաղաքական դեմք, որը երբեմնի իշխող կուսակցություն է ղեկավարում: Իսկ չի խոսում, որովհետև այդ մարդը երբեք չի խոսել Հայաստանի քաղաքացու հետ, նա մենախոսել է, նույնիսկ հռչակավոր «իա, իրո՞ք»-ը շպրտել է լրագրողի վրա, նստել մեքենան ու հեռացել:

Ինքը մենախոսել է, այսինքն՝ եղել է պարտադրող խոսքի ներկայացուցիչ: Այսպիսի մարդիկ կամ պետք է հարմարվեն նոր իրավիճակին, որին նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն է հարմարվել, որը գրեթե պատահական լրատվամիջոցների էր հարցազրույց տալիս, կամ հեռանան:

Սա անձնական ընտրություն է: Այստեղ արդեն Սերժ Սարգսյանն ինքը պետք է որոշի՝ մերժի՞ իրեն, թե՞ մնա:

Մհեր Արշակյան

MediaLab.am