«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը
– Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը՝ «Կրթության բնագավառի տեսչական վերահսկողության մասին», խորհրդարանը ընդունեց առաջին ընթերցմամբ: Առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ ձեր գնահատականն եմ խնդրում:
– Երկու հանգամանք կուզեի առանձնացնել. առաջինն այն է, որ այսուհետ տեսչությունն իրավունք կունենա առանց նախազգուշացման ստուգումներ իրականացնել դպրոցներում և ուսումնական հաստատություններում: Իհարկե, սրա մեջ որոշակի իմաստ կա, որովհետև հաճախ, երբ նախօրոք ծանուցում ես, մարդիկ հասցնում են այդ երեք օրում ամեն ինչ կարգի բերել և կազմ ու պատրաստ դիմավորել: Թեև, եթե մենք հիմա գնում ենք այս տարբերակին, ապա սա ցույց է տալիս, որ կրթության համակարգում կա անվստահություն, կա խնդիրների կոծկում, ու այս ձևով տեսչությունը փորձում է հասկանալ դպրոցների իրական վիճակը:
Նույն հաճախումների մասով. բոլորս էլ գիտենք, որ բարձր դասարաններում՝ հատկապես տասնմեկերորդ ու տասներկուերորդ դասարաններում, հաճախումները շատ վատ են: Հիմա այս փոփոխությունը հնարավորություն կտա անակնկալ այցելել դպրոց ու տեսնել՝ քանի մարդ է ներկա: Բայց սա, իհարկե, խնդրի լուծում չէ, որովհետև մենք պետք է հասկանանք՝ ինչո՛ւ են աշակերտները բացակայում, միգուցե տասներկուամյա կրթությունը պարտադիր դարձնելը սխալ էր:
Շատ կարևոր է, որ այս փոփոխություններից օգտակար եզրահանգումներ արվեն, օրինակ՝ խնդիրը լինի ոչ թե տնօրենին պատժելը, դպրոցին պատժելը, այլ՝ խնդիր լուծելը: Օրինակ՝ եթե այս ամենի արդյունքում տեսչությունը գա այն եզրահանգման, որ միգուցե սխալ է տասներկուամյա կրթությունը պարտադիր դարձնել, միգուցե մեր կրթության բովանդակությունը լավը չէ և այլն, դա շատ լավ կլինի, բայց եթե այս ամեն ինչն ավարտվի նրանով, որ որոշ տնօրենների պատժենք, նկատողություն տանք, նրանց ավելի վախեցած դարձնենք, ես կարծում եմ, որ ոչ մի խնդիր էլ չի լուծվի, դրա համար շատ բան կախված է նրանից, թե ինչպես կկիրառվի:
Երրորդ հանգամանքը ինձ համար շատ տարօրինակ էր, որ տեսչության մոտ, փաստորեն, կա այդպիսի կարծիք, որ երբ իրենք գնում են դասեր դիտարկելու, ուսուցիչները, որպես կանոն, հարցնում են գերազանցիկներին, լավ սովորողներին, ինչը տալիս է դասարանի ոչ ճշգրիտ պատկերը, այսինքն՝ տպավորություն է ստեղծվում, որ երեխաները լավ են սովորում, բայց դրա պատճառն այն է, որ ուսուցիչը միայն գերազանցիկներին է հարցնում: Հիմա, ամբողջական պատկեր ստանալու համար տեսուչը դասի ժամանակ կարող է ուսուցչին դիմել ու ասել, թե ուսուցիչը ո՛ր աշակերտին հարցնի:
Սա ինձ համար տարօրինակ է, որովհետև մանկավարժության մեջ ընդունված է, որ դասին միջամտելը էթիկետի խախտում է: Դա մոտավորապես նույն բանն է, որ դուք գնաք ներկայացում կամ համերգ ու ընթացքում ասեք՝ մի րոպե սպասեք, ես միջամտեմ: Դասավանդումն էլ արվեստի պես մի բան է, որտեղ կա ակադեմիական ազատություն, այսինքն՝ ուսուցիչն է որոշումներ կայացնում՝ ի՛նչ հարցնի, ո՛ւմ հարցնի, հիմա պարզվում է՝ տեսուչը կարող է միջամտել:
Սա ինձ համար անընդունելի է, էթիկետի խախտում, որովհետև եթե դուք տեսնում եք, որ ուսուցիչը գերազանցիկներին է հարցնում, ապա դասից հետո կարելի է վերլուծության ժամանակ ասել, հարգելի՛ ուսուցիչ, մենք նկատեցինք, որ դուք միայն լավ սովորողներին էիք հարցեր տալիս, և դասարանի զգալի մասը ներգրավված չէր դասապրոցեսին: Կարելի է այս ձևով ասել կամ գրավոր կարծիք գրել, որ ուսուցիչը չէր ներգրավում բոլորին, բայց դասի ժամանակ ընդհատել ուսուցչին, ինձ համար, իհարկե, անընդունելի ու անհասկանալի է:
– Մինչ այս տեսչական մարմիններն այդպիսի գործառույթ իրականացրե՞լ են, որի մասին ասացիք:
– Դե, գործառույթներ ունեն, բայց այս օրենքով դրանք ընդլայնվում են, գնահատման ռուբրիկներ (սյունակաշարեր) են մշակվում, որոնք ավելի հնարավոր են դարձնելու ամբողջական գնահատել դասը: Տեսչությունը միշտ ասում է, որ իր նպատակն օգնելն է, բայց դրա համար լավ կլիներ, որ ինչ-որ կանխարգելիչ բաներ լինեն:
Հիմա դպրոցներում նշանակվում են տնօրենի պաշտոնակատարներ, նրանց մի մասը ո՛չ տնօրենի հավաստագիր ունի, ո՛չ վերապատրաստում է անցել, օրինակ՝ լավ կլիներ ինչ-որ մի ձեռնարկ հրատարակվեր՝ խորհուրդներ սկսնակ տնօրենին, ինչ պետք է անի տնօրենը մարդ աշխատանքի ընդունելիս, ազատելիս, ֆինանսական հարցերում: Լավ կլիներ այս տեսակի օգնություն ստանային դպրոցները:
– Պարո՛ն Խաչատրյան, տեսչական մարմնի գործառույթը որքանո՞վ է արդյունավետ ոլորտի զարգացման համար:
– Տեսչությունը կարևոր օղակ է, նա պետք է տեսնի, թե ինչպես է իրականացվում կրթական քաղաքականությունը, ի՛նչ խնդիրներ են առաջանում, դրա հիման վրա դուրս բերի եզրակացություններ, առաջարկություններ, որոնք էլ նոր փաստաթղթեր ընդունելիս պետք է հաշվի առնվեն:
– Մեր իրականությունում արվո՞ւմ է այդ ամենը:
– Մասամբ արվում է, բայց ես կրթության ոլորտում չեմ տեսնում շարժ, օրինակ՝ ինձ շատ դուր եկավ, որ խոսվում է այն մասին, որ աշակերտները շատ են բացակայում ավագ դպրոցում, բայց այս խնդիրը մենք 15 տարի է՝ գիտենք, ի՞նչ է արվում դա լուծելու համար: Երբ մենք այսպիսի հարց ենք տալիս, մեզ ասում են՝ նախագծային ուսուցում ենք անում, նոր չափորոշիչ, բայց երեխաները դասերից բացակայում են ոչ թե այն պատճառով, որ չափորոշիչները հնացել են, կամ նախագծային ուսուցում չկա, այլ որ իրենք գնում են աշխատելու, նրանց փող է պետք: Սա է, որ պետք է ճիշտ ու տեղին լինեն միջամտությունները, եզրակացություններն ու առաջարկությունները:
– Այդ շարժը որ չեք տեսնում՝ որպես մասնագետ ինչո՞վ եք բացատրում:
– Որովհետև մենք սխալ խնդիրներ ենք լուծում, այսինքն՝ հիմա ամբողջ եռանդը դրվում է չափորոշչի վրա, բայց իրականում ավելի լուրջ խնդիրներ ունենք. երեխաները չեն ուզում սովորել, չեն կարդում, ուսուցիչները հոգնել են, ուսուցիչների մեծ մասն ավելի շատ գումար է աշխատում այլ տեղերից, քան դպրոցից: Երկրի ընդհանուր մթնոլորտը կրթության համար բարենպաստ չէ, մարդիկ չեն տեսնում, որ եթե դու կրթված չես՝ կձախողես, հաճախ հակառակն են տեսնում:
Այս կարգի խնդիրներ մենք պետք է փորձենք լուծել, իսկ այն, ինչ հիմա արվում է, ոչ մի օգուտ չի տալիս ոլորտին բովանդակային առումով, որովհետև բարեփոխումներն ու իրականությունը հաճախ իրար զուգահեռ են ընթանում, այսինքն՝ բարեփոխումը մի զուգահեռ գիծն է, իրականությունը՝ մեկ այլ, ու նրանք չեն հատվում իրար, ռեֆորմը չի հասնում դպրոց, ռեֆորմը հաճախ այն չէ, ինչը պետք է դպրոցը բարելավելու համար:
– Որոշումներ կայացնող օղակներում չկա՞ բավարար պատկերացում կամ գիտելիք, որ ռեֆորմը չի հասնում դպրոց կամ սխալ ռեֆորմ է իրականացվում, թե՞ այլ է խնդիրը:
– Ես կասեի՝ իրականությանը նայելու խիզախությունը չկա, որովհետև կրթության ոլորտը շատ արագ քաղաքականացվում է այն իմաստով, որ կրթության նախարարությունն անընդհատ փորձում է դրական, հաճելի լուրերով կերակրել և՛ կառավարությանը, և՛ հասարակությանը, ու, տարվելով դրանով՝ բաց ենք թողնում ավելի կարևոր հարցեր:
Եթե մենք հասնենք այն իրավիճակին, որ կրթությունը այդ քաղաքական ճնշումից ազատագրվի, որ անընդհատ վարչապետին պետք է լավ լուրեր հաղորդել, ապա այն ավելի լավը կդառնա:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am


















