Ալիևը հայտարարել է, որ Հայաստանն Ադրբեջանին տվել է միայն Ակնայի շրջանի ականապատման քարտեզները․ Factor.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե իբրև Հայաստանն Ադրբեջանին տվել է միայն Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատման քարտեզները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, գրում է Factor.am-ը։

«Միայն Աղդամի շրջանում 97 հազար ական է եղել տեղադրված։ Մենք կարողացել ենք Հայաստանից ստանալ միայն Աղդամի շրջանի ականապատման քարտեզները, մյուս շրջաններում ևս կան հազարավոր ականներ։ Սակայն նրանք հրաժարվում են մեզ փոխանցել այդ քարտեզները։ Պատերազմի ավարտից հետո մեր շուրջ 30 քաղաքացիներ են մահացել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Հիշեցնենք՝ հունիսի 12-ին հայտնի դարձավ, որ Բաքուն Ակնայի (Աղդամ) ականապատ տարածքների քարտեզի դիմաց Հայաստանին է փոխանցել 15 հայ ռազմագերու։

Դրանից հետո ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների ճշտված թիվը 60 է, չճշտվածը՝ 110։