Պետք է անել ամեն ինչ ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելու համար

Պետք է անել ամեն ինչ ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելու համար
Պետք է անել ամեն ինչ ցեղասպանության հարցը իրավական դաշտ տեղափոխելու համար

Հայոց ցեղասպանության  99-րդ տարելիցը  ապրիլի 24-ին կնշվի Ստամբուլում և Թուրքիայի տարբեր այլ քաղաքներում, այս հավաքները տարեցտարի ավելի մասսայական են դառնում, և մասնակցում են ոչ միայն  Թուրքիայում բնակվող հայեր, այլ նաև մեծաթիվ քրդեր ու թուրքեր:

Այս մասին «Մեդիա կենտրոնի» կազմակերպած «Իրադրությունը Թուրքիայում և Հայաստանում 99 տարի անց» թեմայով քննարկմանը ասաց լրագրող, թուրքական IMC հեռուստաընկերության լրատվական ծրագրերի ղեկավար Արիս Նալչին, ով քննարկմանն էր միացել  տեսազանգով:
Նալչին ընգծեց, որ հիմնականում ակտիվություն դրսևորողները քրդական կուսակցության ներկայացուցիչներն են և համալսարանական երիտասարդությունը: Արդեն այսօր Ստամբուլում Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված հավաք է տեղի ունեցել, իսկ վաղը՝ ապրիլի 24-ին,  սպասվում է առավել մարդաշատ հավաք Թաքսիմ հրապարակում:

Թուրքական հասարակության մեջ տեղի ունեցող այս փոփոխություններին անդրադարձավ քննարկման մասնակիցներից թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը ՝ մատնանշելով, որ որոշակի տեղաշարժ առկա է, սակայն  թուրքական պետությունը շարունակում է նույն՝ ժխտողական, քաղաքականությունը: Մելքոնյանը թուրքական  իշխանությունների այդ քաղաքականության փոփոխման միակ հնարավոր տարբերակ է համարում թուրքական հասարակության առավել լայն շրջանակների ճնշումը:

«Քրդերն այժմ շատ ակտիվ են Հայոց ցեղասպանության խնդրի  բարձրացման հարցում, և նրանք առաջին խումբն են, ովքեր պետք է ընդունեն իրենց մեղսակցությունը այդ ոճրագործությանը»,- ասաց  Մելքոնյանը:

Վերջինս անդրադարձավ նաև հայ հասարակության մեջ տիրող իրադրությանը` նշելով, որ մեր հասարակությունը մակերեսային տեղեկություն ունի Թուրքիայում ցեղասպանության հետ կապված իրականացվող նոր գործընթացներից:

Քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև Հայոց ցեղասպանության հաջորդ տարի սպասվող հարյուրամյակին նախընթաց իրականացվող երկկողմ գործողություններին:

Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ պետք չէ հարյուրամյա տարելիցը ֆետիշացնել և կարիք չկա մեծ սպասելիքներ ունենալ այդ իրադարձությունից ու հետո հիասթափվել: Թուրքագետը հիշեցրեց, որ ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունեցող հանցագործություն է և 150 տարի էլ անցնի` պետք է բարձրացնել պատժի հարցը:

«Մենք պետք է անենք ամեն ինչ` հարցը իրավական դաշտ տեղափոխելու համար», ասաց Մելքոնյանը:

Ցեղասպանության հարյուրամյա տարելիցից մեծ սպասելիքներ չուներ նաև թուրքագետ Արտակ Շաքարյանը, ով համակարգում էր քննարկումը.

«Վաղուց ժամանակն է, որ մենք դուրս գանք զոհի կարգավիճակից և Ցեղասպանության 100- ամյակը պետք է առիթ լինի դրա համար», ասաց թուրքագետը` իր խոսքը եզրափակելով հույսով, որ  մենք կսկսենք ապրիլի 24-ին խոսել ոչ միայն կոտորված հայերի մասին, այլ նաև այն հայերի, ովքեր պայքարել են ու փրկվել:

Ստամբուլից կապի մեջ գտնվող Արիս Նալչին տեղեկացրեց, որ թուրքական իշխանությունները ևս պատրաստվում են ցեղասպանության հարյուրամյակին, ու ըստ իր ունեցած տեղեկությունների՝  արդեն կառավարության կողմից մեծացվել է լոբբինգի համար նախատեսված գումարը, նկարահանվում են ցեղասպանության թեմայով ֆիլմեր: Նալչինը ցեղասպանության գալիք հարյուրամյա տարելիցի հետ կապեց նաև Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի փոփոխությունը, ու ըստ լրագրողի՝  ընտրվել է այնպիսի անձ, ով հայկական կողմի հետ առավել հաջող  ձևով կկարողանա բանակցել:

Հայոց Ցեղասպանությանը հակադրման համար սպասվում է նաև Խոջալուի դեպքերի վերաբերյալ մեծ քարոզչական արշավ, որը ադրբեջանական և թուրքական կողմերը ներկայացնում են որպես հայերի կողմից իրականացված ցեղասպանություն:

Հավելենք, որ Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խիստ ելույթ է նախապատրաստում:

«ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ընդամենը հետաքրքրություն առաջացնելու համար է», դեսպանի խոսքին արձագանքեց Ռուբեն Մելքոնյանը, ով նշեց, որ  ցեղասպանության հարցում որևէ էական փոփոխություն ԱՄՆ  քաղաքականության մեջ չի կանխատեսում:

«Մեդիա կենտրոն»

http://www.youtube.com/watch?v=oudZZ_hiPHM