Սեռական դաստիարակությունը և ԼԳԲՏ-ն՝ կրկին ապատեղեկատվության թեմա. ով, ինչ և ինչպես էր մանիպուլացնում նախորդ շաբաթ․ Fip.am

Նախորդ շաբաթվա ընթացքում՝ օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ը, լրատվամիջոցներում և համացանցում հայտնվեցին կեղծ պնդումներ և մանիպուլյացիաներ:

«Փաստերի ստուգման հարթակը» շաբաթական ամփոփման շրջանակում ներկայացնում է իրականությանը չհամապատասխանող այն հայտարարությունները, որոնք չեն հայտնվել մեր առանձին հոդվածներում:

Արման Բաբաջանյանի անունից կեղծ հաղորդագրություն տարածվեց

Օգոստոսի 31-ին համացանցում տարածվեց Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին վերագրվող գրառումը, որով նա, իբր, իր աջակցությունն էր հայտնում ԼԳԲՏ անձանց և Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը:

«Մենք գտնում ենք, որ անկախ սեռային կողմնորոշումից անձը պետք է պաշտպանված լինի ընտանեկան բռնությունից։ Պետությունը պետք է երաշխավորի բոլորի՝ այդ թվում նաև ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությունը, ինչը չի իրականացվել նախկին իշխանությունների ժամանակաշրջանում»։

Նյութը, նախ, տարածեց A1+-ը, ապա ջնջեց այն: Այնուհետև բազմաթիվ կայքեր, այդ թվում՝ Analitik.am-ը, Lurer.com-ը, hzham.am-ը, zham.am-ը և այլն, հղում անելով A1+-ի այլևս գոյություն չունեցող նյութին, տարածեցին այն:

Ժամեր անց Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց, որ հայտարարությունն իրեն չի պատկանում: Նրա խոսքով՝ որոշ շրջանակներ կեղծ էլեկտրոնային հասցեից լրատվամիջոցներին են ուղարկել իրեն ու «Հանուն Հանրապետության» նախաձեռնությանը վերագրվող կեղծ տեղեկատվություն:

https://www.facebook.com/babajanyana/posts/3598114776885890

Թալիշում հրկիզել էին տներ, բայց երկու տարի առաջ

Սեպտեմբերի 1-ին Արցախի քննչական կոմիտեի հաղորդագրությունը շփոթության պատճառ դարձավ լրատվամիջոցներում: Հղում անելով գերատեսչության՝ նույն օրը հրապարակված հաղորդագրությանը՝ հայաստանյան կայքերը հաղորդեցին երկու տարվա վաղեմության տեղեկություն այն մասին, որ անհայտ անձը դիտավորությամբ հրկիզել է 7 բնակարան Արցախի Թալիշ բնակավայրում:

Տեղեկությունը տարածեցին lragir.am-ը, medialab.am-ը, hetq.am-ը և այլ կայքեր:

Այնուհետև պարզաբանում տարածեց հենց Քննչական կոմիտեն՝ հայտնելով, որ իրականում դեպքը տեղի էր ունեցել 2018 թվականին, սակայն գործը վարույթ էր ընդունվել միայն այս տարի: Այնուամենայնիվ, նյութն արդեն հասցրել էր բազմաթիվ կայքերում հայտնվել որպես թարմ տեղեկատվություն:

«Սեռական առողջության այբբենարանը» ներառված չէ դպրոցական ծրագրում

Սեպտեմբերի 2-ին հայաստանյան բազմաթիվ կայքեր տարածեցին սեռական դաստիարակության վերաբերյալ հերթական շահարկումը: Առանց պարզաբանումների և հավելյալ տեղեկությունների՝ 7or.am-ը, Lurer.com-ը,  Hayeli.am-ը, blog.168.am-ը վերատպեցին ֆեյսբուքյան օգտատեր Աննա Պետրոսյանի գրառումը, որը նկարներ էր ներկայացրել «Սեռական առողջության այբբենարանը» գրքից:

https://www.facebook.com/anna.sanoyan.9/posts/1380288245499606

Ժամեր անց հարցին արձագանքեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հայտնելով, որ գրքույկը «դպրոցական ծրագրում ներառված չէ, ինչպես և ներառված չէ սեռական դաստիարակություն անունով որևէ առարկա»։

Թեմային անդրադարձավ նաև «Տեղեկատվության ստուգման կենտրոնը»՝ պարզելով, որ գրքույկը հրատարակվել է 1999 թվականին։

Նշենք, որ չնայած հերքմանը, այս տեղեկությունը դեռևս ակտիվորեն տարածվում է սոցցանցերում:

Լուսինե Ոսկանյան

Fip.am