«Մենք էլ ենք հայ, բայց այստեղ մեզ օտար ենք զգում». երիտասարդ լիբանանահայերը մեկուսացած «գաղութ» են հայրենքիում

«Մենք էլ ենք հայ, բայց այստեղ մեզ օտար ենք զգում». երիտասարդ լիբանանահայերը մեկուսացած «գաղութ» են հայրենքիում
«Մենք էլ ենք հայ, բայց այստեղ մեզ օտար ենք զգում». երիտասարդ լիբանանահայերը մեկուսացած «գաղութ» են հայրենքիում

Լիբանանահայ Ջո Գուրնյանն արդեն մեկ տարի է, ինչ կնոջ հետ ապրում է Հայաստանում եւ աշխատում է երեւանյան փաբերից մեկում՝ որպես մատուցող:
Բեյրութում ծնված եւ մեծացած 30-ամյա Ջոն, Լիբանանում թողնելով իր հարզատներին, դեռեւս 2006-ին ընկերների հետ, հույսերով ու նոր սպասումներով լի տեղափոխվում է Հայաստան եւ բախվում մի շարք խնդիրների:
«Ընկերներով 2 տարի ապրեցինք Հայաստանում: Բայց ամենասկզբից մեզ համար դժվար էր մարդկանց հետ շփումը: Մեզ ասում էին պարսիկ, կռիվներ էր շատ լինում: Կողքներով անցնելիս հայհոյում էին մեզ, ասում էին ինչ ե՞ք անում ստեղ: Չէին հանդուրժեր մեզ, քանի որ ասում էին հայրենիքը կորցրել եք, մենք հետ ենք բերել, մենք իսկական հայերն ենք, դուք օտարացել եք»,-պատմում է Ջոն:

Նա նշում է, որ ընկերներից շատերն այդ տարիներին հիասթափվեցին ու գնացին, իսկ ինքը, ծանոթանալով այստեղ իր ապագա կնոջ հետ, 2011-ին որոշեց կրկին վերադառնալ ապրելու եւ աշխատելու համար Հայաստանում:

«Հիմա մի քիչ փոխվել է, արդեն հայ ընկերներ ունեմ, որոնց շատ սիրում եմ: Դե սկզբից ամեն ինչ նոր էր ինձ համար, անգամ լեզուն՝ արեւելահայերենը, դժվար էր հասկանալ, խոսել, բայց ազգասիրական հասկացողությունն էր, որ ինձ պահեց էստեղ»,-ասում է լիբանանահայը:

Նա նշում է, որ իր հարազատներից ու ընկերներից շատերի մոտ կա ցանկություն գալ Հայաստան, բայց մտավախություն ունեն, որ որպես հայ չեն ընդունվի:

«Քույրս, իր ամուսնու ու երեխաների հետ նույնպես ուզում ա գա էստեղ ապրելու, բայց իրանք էլ վախ ունեն, ասում են եթե գանք, չենք կարող բիզնես բացել, աշխատել, գողություն են անում ստեղ, բայց ես իրանց ասում եմ, որ նման բան չկա, հիմա ավելի զարգացած է Հայաստանը, աշխատատեղեր են ավելանում, ավելի մարդամոտ են դարձել ու ընդունում են մեզ որպես հայ: Համոզում եմ ընկերներիս էլ, որ գան, մնան ստեղ, բայց չի ստացվում»,-ասում է Ջոն:

Լիբանանում զբաղվելով իր մասնագիտական աշխատանքով՝ բիզնես մենեջմենթով եւ ունենալով բավականին բարձր աշխատավարձ՝ Ջոն չի համեմատում այդ ամենը Հայաստանի աշխատանքային պայմանների հետ. «Այստեղ մասնագիտությամբ աշխատելու համար շատ տեղեր եմ դիմել, բայց վճարը այնքան քիչ է, որ իմ ուզած ձեւով ապրել չեմ կարող: Ճիշտ է Լիբանանում ամեն ինչը ավելի թանկ է համեմատած Հայաստանի, բայց այնտեղ աշխատավարձքն է բարձր: Հայաստանում միակ ձեւը իմ համար մատուցող աշխատելն է, որը թեեւ իմը չի, բայց անում եմ, որ հանգիստ ապրեմ, որ չհիասթափվեմ ու իմ ուզած վայելքներից օգտվեմ, քանի որ մատուցողներին ստեղ լավ են վճարում»:

Ըստ նրա՝ Հայաստանում ավելի անվտանգ է ու ապահով, ի տարբերություն Լիբանանի: Նա ցանկություն ունի, որպեսզի իր ապագա երեխաները ծնվեն եւ ապրեն Հայաստանում:

«Ես Լիբանան ծնվել մեծացել եմ, Լիբանանը իմ երկիրն ա, լավ աշխատանք ունեի այնտեղ, ընկերներ ունեմ, ընտանիք, աշխատավարձքն ու ապրելու պայմանները շատ լավ էին, բայց ես միշտ մտածում էի, որ սա ի վերջո իմը չի, այսինքն մերը՝ հայերինը չի: Հիմա ես փորձում եմ այստեղ ամեն ինչ անել, որպեսզի մնամ: Կարոտում եմ Լիբանանը շատ, բայց Լիբանանում լինեի էստեղ էի կարոտելու, ի վերջո մի տեղ պետք է հարմարվես չէ՞, ես ուզում եմ էստեղ հարմարվեմ»,-ասում է Ջոն:

26-ամյա Հակոբ Չբուկչյանը, ով նույնպես եկել է Լիբանանից, արդեն 7 տարի է, ինչ ապրում է Հայաստանում:

Նա սովորում է Երեւանի պետական բժշկական համալսարանում եւ Սիրիայից, Լիբանանից ու Դուբայից եկած հայ ընկերների հետ հիմնել է Երեւանում ժամանացային ակումբ, որտեղ հիմնականում հավաքվում են սիրիահայերն ու լիբանանահայերը:

Երիտասարդ լիբանանահայերը նշում են, որ հիմնականում դրսի հայերի հետ են շփվում ու իրենց առանձնացված են զգում տեղի հայերից: Անգամ հայրենիքում նրանք ստեղծում են իրենց փոքրիկ «գաղութները» ու ընկերանում, շփվում, զվարճանում իրենց սփյուռքահայ ընկերներով:

«Ես սկզբից մենակ էի եկել Հայաստան ու ոչ մի բան չգիտեի: Բեյրութում արաբական դպրոց եմ գնացել ու հայերեն գրել, կարդալ էլ նորմալ չգիտեի, ու քանի որ անգլերեն կուրսեր կար բժշկականում, դրա համար էստեղ դիմեցի սովորելու համար»,- ասում է Հակոբը:

Նա հիշում է, որ առաջին 2 շաբաթը Հայաստանում անցկացնելուց հետո, ուզում էր ետ վերադառնալ Լիբանան. «Հետո սիրիահայերի ու լիբանանահայերի հետ ծանոթացա էստեղ, ընկերացանք ու մնացի: Քիչ քիչ վարժվեցի»:

«Հայերի հետ մենք ընդհանրապես շփում չունենք էստեղ, միայն գործի մեջ ենք շփվում: Էն ժամանակ մեր մազերի, հագուստի վրա խոսում էին, որ անցնում էինք փողոցով: Բայց իրանք էլ փոխվեցին, հիմա արդեն տենց չի, իսկ 2005-ին սեւավոր էին սաղ հագնում ու մեր արտաքինից խոսում: Մենք էլ չենք ուզում իրանց հետ շփվենք, տարբեր մտածելակերպ է, ի՞նչ ասեմ»,-ասում է Հակոբը:

Համաձայնելով ընկերոջ հետ՝ նույնն է փաստում 32-ամյա Սարգիսը, ով մեկուկես տարի է, ինչ Բեյրութից եկել է Հայաստան եւ աշխատում է՝ որպես բարմեն լիբանանահայ ընկերոջ ակումբում:

«Աշխատանքս այստեղ շատ լավ է, բայց հայերի հետ շփվելը դյուրին չէ: Ես հայաստանցի բարեկամներ ունեմ, իսկ ընկերներ ոչ: Դրսի հայերի հետ եմ մենակ շփվում, սիրիահայեր, լիբանանահայեր եւ այլն, իսկ ստեղի հայերը կարծում են, թե իրենք միշտ ճիշտ են ու կռիվներ էլ են լինում: Մենք էլ ենք հայ, բայց գալիս ենք այստեղ, մեզ օտար ենք զգում»,-ասում է Սարգիսը:

«Սկզբից շատ էի նեղանում, որ ինձ ասում էին, հայ ես, բայց ստեղի հայ չես, դու օտար ես: Հիմա քիչ քիչ փոխվում ա էդ մտածելակեպը էստեղ: Ու եթե աշխատավարձքը գնալով լավ եղավ, շատ գումար կարողացանք աշխատել, ես չեմ ուզի հեռանալ Հայաստանից, քանի որ կյանքը ավելի հանգիստ է էստեղ»,-ասում է Հակոբը:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը «Մեդիալաբի» հետ զրույցում նշում է, որ հայրենադարձների մեկուսացումը բնիկ հայերից եւ առանձին խմբերով շփումը, միայն լիբանանահայերի խնդիրը չէ, սա վերաբերում է նաեւ պարսկահայերին, սիրիահայերին, ինչպես նաեւ մյուս հայրենադարձներին:

«Առաջին խնդիրը կայանում է նրանում, որ բնիկ հայերը մշակութային տարբեր կարծրատիպերի կրող են եւ դիմացինից ակընկալում են, որ նա էլ ընդունի դրանք: Մինչդեռ նույնը եւ հայրենադարձների մոտ է, ովքեր ունեն իրենց ձեւավորված մշակութային կարծրատիպերը եւ փակվում են իրենց խմբերում»,-ասում է Խառատյանը:

Ըստ նրա՝ սկզբունքորեն բնիկ հայերի մոտ չկա տոլեռանդության խնդիր մարդուն կամ մարդկանց խմբին օտարելու. «Ես կարող եմ ասել, որ բոլորի մոտ կա տեսական ցանկություն շփվելու, բայց գործնական հողի վրա արդեն խնդիրներ են առաջ գալիս, անգամ լեզվի տարբերությունը արեւմտահայերն, արեւելահայերն, պատմության, հայ մշակույթի, արվեստի մասին ընկալումը, մի շարք կենցաղային հարցերում, տղամարդ կին հարաբերություններում մոտեցումները»:

Նա կարծում է, որ ժամանակ է պետք, որպեսզի փոխադարձաբար ձեւավորվեն ընդհանուր վարքի նորմեր, որպեսզի փոխադարձաբար շփվեն եւ հարգեն միմյանց:

«Երկրորդ կարեւոր խնդիրներից մեկը այն է, որ ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներին հայաստանցիներն ավելի լավ են ծանոթ, մինչդեռ հայրենադարձներն իրենց պատկերացումներն ունեն, որոնք իրականությանը հաճախ չեն համապատասխանում: Եւ երրորդ Լիբանանի ու Սիրիայի համայնքերը սերտ կապված են կուսակցական կազմակերպությունների կամ կրոնական կառույցների հետ, իսկ հայաստանյան հասարակությունը կրոնական կյանքի օտարում ունի: Եւ շփումը որպես քաղաքացի բազմաթիվ ենթատեքստերով տարբերվում է համայնքային շփումից, Լիբանանի մեր հայրենադարձները շփվում են միմյանց հետ որպես համայնք, ոչ որպես քաղաքացիներ»,-նշում է ազգագրագետը:

Խառատյանը համոզված է, որ այսօրվա կյանքի ինտենսիվ զարգացման հետ այս խնդիրները ժամանակի ընթացքում հաղթահարվում են, բայց մատնանշում է նաեւ Հայաստանում ներգաղթյալների համար ինտեգրային ծրագրերի բացակայությունը, որոնց առկայության դեպքում, ըստ նրա, միգուցե ձգձգվեր փոխըմբռնումը, բայց չէր լինի նման առճակատում:

Լիլիթ Առաքելյան

Տես ֆոտոպատմությունը

© Medialab.am