Առողջապահության նախարարություն. շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Առողջապահության նախարարություն. շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է
Առողջապահության նախարարություն. շնչառական հիվանդությունների առումով իրավիճակը համեմատաբար հանգիստ է

Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և թոքաբորբերի առումով համաճարակային իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այդ մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը` հղում կատարելով հանրապետության տարածքում իրականացվող սուր շնչառական վարակների օրական մոնիտորինգին:
Ըստ տվյալների, ներկա դրությամբ սուր շնչառական վարակներով հիվանդացությունը, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, գտնվում է միևնույն մակարդակի վրա:
Ըստ նախարարության, կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ ներկայումս հանրապետությունում հիմնականում շրջանառում է գրիպի վիրուսի B տեսակը:

«2011 թվականին, 2010 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են հանրապետության հիվանդանոցներ հոսպիտալացված թոքաբորբերի դեպքերը: Վերակենդանացման բաժանմունքներ հոսպիտալացվել է թոքաբորբի մեկ դեպք »,-տեղեկացնում է նախարարության պաշտոնական հաղորդագրությունը:

Շարունակելով սուր շնչառական վարակների կանխարգիչ միջոցառումները, ինչպես նաև դրանցից խուսափելու համար` ՀՀ առողջապահության նախարարությունն առաջարկում է խուսափե´լ հիվանդների հետ շփումից, հիվանդ լինելու դեպքում մնալ տանը եւ բժիշկ հրավիրել` զերծ մնալով ինքնաբուժումից:

«Հագնվե´ք եղանակին համապատասխան, պահպանե´ք հազի և/կամ փռշտալու վարվելակարգը, օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկ,հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները»,-խորհուրդներ է տալիս Առողջապահության նախարարության հաղորդագրությունը:

© Medialab.am