44-օրյա պատերազմի փորձով գիտենք, թե Հայաստանին ի՛նչ կտա Էրդողանի հաղթանակը. «Ակոս»-ի խմբագիր Բագրատ Էստուկյան

Լուսանկարը՝ «Ազատություն»

Մայիսի 14-ին Թուրքիայում կայացան նախագահական 13-րդ և խորհրդարանական 28-րդ ընտրությունները։ Պաշտոնական տվյալների համաձայն, նախագահական ընտրությունները տեղափոխվում են  2-րդ փուլ, քանի որ նախագահի թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել է ստանալ 50%+1 քվե։ Ըստ թուրքական պաշտոնական աղբյուրների,  2-րդ փուլին կմասնակցեն նախագահական ընտրությունների առաջին փուլում ամենաշատ ձայներ հավաքած առաջին 2 թեկնածուները՝  իշխող ուժի «Ժողովուրդ» դաշինքի միասնական թեկնածու Ռեջեփ Թայիփ Էրդողանը (49.50%) և ընդդիմադիր «Ազգ» դաշինքի միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն (44.89%):

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» պարբերականի խմբագիր, հրապարակախոս Բագրատ Էստուկյանը

– Պարո՛ն Էստուկյան, ինչպե՞ս անցան Թուրքիայում նախագահական ու խորհրդարանական ընտրությունները։ Նման արդյունքը սպասելի՞ էր։

– Պետք է նշեմ, որ չնայած բոլոր մտահոգություններին, ընտրությունը անցավ բավական խաղաղ: Մի քանի մանր խախտումներ նկատվեցին, բայց լուրջ միջադեպ՝ ոչ: Մասնակցությունը բավականին բարձր էր, ընտրողների շուրջ 89 տոկոսը ընտրատարածքներ է այցելել: 

Ընտրության արդյունքները բավականին անսպասելի էին, քանի որ բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ ընդդիմադիր դաշինքի թեկնածու Քըլըչդարօղլուն առաջին փուլում կհաղթահարեր 50 տոկոսի պատնեշը: Ընտրության արդյունքները հավասարապես հիասթափեցնող էին երկու թեկնածուների ընտրողների համար էլ։

– Առաջին փուլից հետո ի՞նչ տրամադրություններ են Թուրքիայում։ Ռուսաստանի ներգրավվածությունը, ինչպես հայտարարվեց, իսկապե՞ս կար այս ընտրություններում՝ հօգուտ գործող իշխանության։

– Արդեն ասացի, որ ընտրողները հավասարապես հիասթափված են արդյունքներից: Չի բացառվում, որ երկրորդ փուլին ընտրողների մասնակցությունն առավել նվազ լինի: Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության մասին պնդումը հնչեցրեց ընդդիմադիր դաշինքի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն: Իսկ կա՞ն արդյոք այդ պնդումը հավաստող փաստեր, այս պահին այդպիսիք չենք տեսել։ 

– Երկրորդ փուլի նախընտրական քարոզարշավը, ըստ ձեզ, ինչպե՞ս կանցնի։

– Պետք է սպասենք ու տեսնենք: Նմանատիպ դժբախտ փորձ ունենք 2015 թվականին, երբ նախագահ Էրդողանը առաջին անգամ դժգոհություն հայտնեց ընտրության արդյունքներից, դիմեց ընտրության կրկնության: Հունիսի 7-ից նոյեմբերի 1-ը շատ ծանր նստեցին հասարակության վրա: Եղան ահաբեկչական հարձակումներ, որոնք բազում կյանքեր խլեցին, բայց ամրապնդեցին Էրդողանի հանդեպ զորակցությունը, քանի որ նա խոստանում էր անվտանգություն: Վախենամ թե Էրդողանը ցանկանա դարձյալ նույն ռազմավարությունից օգտվել:

– Պարո՛ն Էստուկյան, երկրորդ փուլում ո՞վ կստանա ձայների մեծամասնությունը։ Կախված այդ արդյունքներից՝ ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Վերջին ընտրություններն ապացուցեցին, որ Թուրքիայի հասարակության հակումներն այնքան էլ կանխատեսելի չեն: Թեև նախագահ Էրդողանը 5 տոկոսի առավելությամբ պիտի մասնակցի ընտրության, սակայն առաջիկա երկու շաբաթների քարոզարշավը ևս կարող է նշանակալից լինել արդյունքների համար: Ինչպես գիտենք, նախագահ Էրդողանը սիրում է շոյել իր ընտրողների կրոնական հակումները: Չի բացառվում, որ վերընտրվելու պարագայում նա էլ ավելի սրի կրոնամոլությունը: Դարձյալ՝ բոլորին ծանոթ է Էրդողանի իշխանության շրջանում արդարադատության համակարգի բոլորովին քաղաքականացված լինելը, որի հետևանքով ականատես ենք լինում բազմաթիվ անարդարությունների: Բազմահազար մարդիկ դատապարտված ու պատժված են պարզապես նախագահին անարգելու մեղադրանքով: Իսկ Քըլըչդարօղլուն խոսքի ազատություն է խոստանում: 

– Հայ համայնքը ո՞ւմ է նախընտրում տեսնել Թուրքիայի նախագահի պաշտոնում և ինչո՞ւ։

– Հարցադրումը սխալ է, որովհետև հայ համայնքը միատարր չէ, Թուրքիայի հայ համայնքն էլ բազմերանգ է, ունի տարակարծություններ: Կան իշխանամետներ, և կան ընդդիմադիրներ: 

– Ի՞նչ կտա Էրդողանի կամ Քըլըչդարօղլուի հաղթանակը Հայաստանին ու ընդհանուր տարածաշրջանին, ո՞ր թեկնածուի ընտրվելն է նախընտրելի։

44-օրյա պատերազմի փորձով գիտենք, թե Հայաստանին ինչ կտա Էրդողանի հաղթանակը: Նաև նշեմ, որ Հայաստանի հանդեպ քաղաքականությունը նախագահների կամ կուսակցությունների դիրքորոշումներից անկախ է ծրագրվում Թուրքիայի Հանրապետության պետականության խորունկ նրբանցքների մեջ և փակ դռների հետևում: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am