«Այս անլրջացումը, վարակի մասին կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը պատճառն են այն բազմաթիվ մահերի, որոնք տեսնում ենք». Նվարդ Մարգարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Սոցիոսկոպ» ՀԿ ծրագրերի ղեկավար, հետազոտող Նվարդ Մարգարյանը

– Տիկի՛ն Մարգարյան, կորոնավիրուսի տարածումից մինչ օրս չեն դադարում այս հիվանդության մասին տարածվող ամենատարբեր խոսակցություններն ու մեկնաբանությունները: Ընդհանուր առմամբ, այս համավարակի համատեքստում կարծես թե դավադրության տարբեր տեսություններ դրվեցին: Նախ կխնդրեմ ասեք, թե ի՞նչ է իրենից ենթադրում դավադիր տեսությունը, ու ի՞նչ նպատակով է այն օրակարգ նետվում:

– Դավադրությունների տեսությունները միշտ առաջ են քաշում երկակի հասարակության միտքը: Կա լայն հասարակություն ու գաղտնի հասարակություն, ու այդ գաղտնի հասարակությունը կառավարում է լայն հասարակությանը, այսինքն՝ ճգնաժամերի, արհավիրքների ժամանակ, երբ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում, որոնք դեռ այդքան էլ հայտնի չեն, այս դավադրությունների տեսությունները շատ մեծ տարածում են գտնում՝ ստեղծելով կեղծ թեզեր, որոնք առաջ են բերվում իրականությունը մեկնաբանելու համար: 

Դավադրությունների տեսությունները ճգնաժամային իրավիճակներում միշտ փորձում են մեղավորներ գտնել: Տարբեր խմբեր են գտնում, որպեսզի դրանք դարձնեն այդ իրավիճակի քավության նոխազներ, ու, սովորաբար, դրանք մեծ խմբերից կարող են դառնալ փոքր խմբեր, օրինակ՝ տարածվածներից են մասոնները, հրեաները, Բիլ Գեյթսը, Սորոսը, Բեզոսը և այլն: 

Նպատակ ունենալով պարզել, թե համավարակի համատեքստում ի՞նչ դավադրությունների տեսություններ են ի հայտ եկել, դրանց գլոբալ ու տեղական չափումներն ու արդյոք դրանք համընկնո՞ւմ են, թե՞ ոչ, և ինչքանո՞վ են այդ տեսություններն ազդել հանրային շահի, մարդու իրավունքների ոտնահարումների վրա, մենք իրականացրեցինք հետազոտություն:

– Եվ ի՞նչ ցույց տվեց ձեր հետազոտությունը:

– Համավարակի շրջանակներում շատ շրջանառվող դավադրությունների տեսությունները թե՛ գլոբալ էին, թե՛ ունեին տեղական մեկնաբանություններ, և դա հիմնավորված էր թե՛ սուբյեկտիվ, թե՛ օբյեկտիվ պատճառներով: 

Օբյեկտիվն այն էր, որ երբ համավարակը տարածվեց, այն նոր տեսակի վիրուս էր, դրա մասին շատ տեղեկություններ հայտնի չէին, ու այն կառույցները, որոնք համավարակի վերաբերյալ տեղեկատվություն էին տալիս, հաճախ իրարամերժ տեղեկություններ էին ներկայացնում: 

Մյուս կողմից՝ նկատելի էր, որ այդ դավադրական տեսությունները շատ ավելի տեղական նշանակություն ունեին՝ պայմանավորված տեղական առանձնահատկություններով, և այն խմբերը, որոնք վարակի մասին տարածում էին այդ տեսությունները, այլ երևույթների համատեքստում ևս դավադրություններ են տարածել՝ նեղ քաղաքական նպատակներից կամ այլ շահերից ելնելով:

– Գլոբալ դավադրապաշտական առավել տարածված տեսությունները որո՞նք են, տիկի՛ն Մարգարյան:

– Գլոբալ դավադրություններից տարածվածը, որը նաև Հայաստանում տեղ գտավ, այն է, որ այդ վարակը գոյություն չունի: Կային պետություններ, որ նույնիսկ արգելեցին «կորոնավիրուս» բառն օգտագործել՝ կարծելով, որ եթե բառի օգտագործումն արգելեն, ապա վիրուսը կվերանա, օրինակ՝ Թուրքմենստանը: 

Միջազգային տարածված դավադրական տեսություններից էր նաև, որը սկսվեց ԱՄՆ-ում, «Քենն» դավադրական խմբավորման ներկայացուցիչներ էին և տարածում էին տեղեկություն, որ կա ինչ-որ մի տեսակի հրաշք հանքային հավելում, որը խմելուց հետո ընդհանրապես կարող ես կանխարգելել քովիդի զարգացումը քո օրգանիզմում: 

Կոնկրետ այս դավադրապաշտական տեսության ներկայացուցիչները բավականին գումար էին աշխատել, որովհետև այդ՝ իբր հրաշք հանքային հավելումի մեկ սրվակը վաճառել էին 45 դոլարով: 

Շատ տարածված էր նաև 5G ալեհավաքների մասին թեզը, որ քովիդը տարածվում է այդ 5G ալեհավաքների միջոցով, և, մարդիկ, պայքարելով դրանց դեմ, պայքարում էին նաև վիրուսի տարածման դեմ, չնայած հանգամանքին, որ դա ամենաարագը հերքվեց, բայց մինչև հիմա կարող ենք տեսնել, որ արդեն պատվաստանյութերի դեմ սկսված պայքարում ևս այդ 5G-ի դավադրությունը դեռ կա: 

Ամենատարածվածներից էին նաև այդ էլիտաների մասին խոսակցությունները, օրինակ՝ Բիլ Գեյթս, Սորոս, Բեզոս, որ իրենք են ստեղծել այս կենսաբանական զենքը, որ վերացնեն համաշխարհային բնակչության մի մասին, որ սա բիզնես պլան է, և վիրուսի տարածումը հարստություն ու եկամուտ կբերի այդ մարդկանց: Ակտիվ տարածվում էր նաև մասոնների ու հրեաների տեսությունը:

– Իսկ Հայաստանում տարածված դավադրապաշտական ի՞նչ թեզեր ի հայտ եկան:

– Բացի այդ «Քեննից», մյուսներն ինչ-որ չափով արտահայտվում էին: Ամենասկզբում շատ տարածված էր այդ վիրուսի մտացածին լինելու տեսությունը, կամ փորձել են նվազեցնել նրա վնասակար ազդեցությունը, թե սովորական գրիպի նման մի բան է, որ վիտամիններ խմելով կարող ես հաղթահարել: 

– Ձեր հետազոտությունից պարզ դարձա՞վ, թե քաղաքական որ ուժերի կողմից են ուղղորդվում այդ դավադրապաշտական տեսություններ տարածողները կամ արդյո՞ք ուղղորդվում էին, թե՞ ամեն մեկն իր նեղ, անձնային շահից ելնելով է դա անում:

– Կոնկրետ քաղաքական ուժեր կային, որ ինչ-որ մի այլ հարցի պայքարի ժամանակ առաջ էին քաշում թեզեր կորոնավիրուսի մասին: Օրինակ՝ ընդդիմադիր հայտնի շրջանակները, որ պայքարում էին իշխանության դեմ, նշում էին նաև, որ իշխանությունը ձախողել է համավարակի դեմ արդյունավետ պայքարը: Կային նաև աջ ծայրահեղական խմբեր, որոնք տարածում էին ապատեղեկատվություն, որպեսզի խաթարեն հանրային համերաշխությունը: 

Այս խմբավորումների ներկայացուցիչները նրանք են, ովքեր միշտ պայքարում են ամեն ինչի դեմ, օրինակ՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ գարդասիլ պատվաստանյութի դեմ պայքարում կամ Լանզարոտեի կոնվենցիայի ռետրոսպեկտիվ վավերացման դեմ պայքարում, կամ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ պայքարում, այսինքն՝ այդ խմբերը միշտ ինչ-որ բանի դեմ պայքարում են: 

Այդ խմբերը հիմնականում պայքարում են մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը միտված բարեփոխումների դեմ, ու իրենք էլ իրենց նեղ քաղաքական շահերն ունեն: 

Իրենք ունեն որդեգրած մի վտանգավոր քաղաքականություն, որ իրենց խոսնակներին ներկայացնում են որոշակի ստատուս տալով՝ փորձագետի, բժշկի ու պատասխանատվություն չեն կրում, թե դա հետագայում ինչ վատ ազդեցություն կարող է թողնել հանրային առողջության վրա: Խմբերի կամ անձանց անուններն առանձին չենք նշել, ավելի ընդհանրական ենք նշել:

– Տիկի՛ն Մարգարյան, իսկ այդ դավադրապաշտական թեզերի վտանգավորությունը, հետևանքները հասարակական կյանքի վրա կնշե՞ք:

– Այս անլրջացումը, վարակի մասին կեղծ լուրերն ու ապատեղեկատվությունը պատճառն են այն բազմաթիվ մահերի, որոնք տեսնում ենք: Այս մանիպուլյացիաների, դավադրապաշտական թեզերի տարածումը բերել է նաև նրան, որ այսօր ունենք պատվաստվողների շատ ցածր ցուցանիշ, ինչի հետևանքով էլ տուժում է հանրային առողջությունը:

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր  259 779 դեպք, որոնցից  240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով:

– Իսկ հասարակությունն ինչո՞ւ է ավելի վստահում այս խմբերին, քան մասնագիտական հանրությանը:

– Խնդիրն էլ հենց այն է, որ մասնագիտական հանրությունից էլ կան մարդիկ, որոնք այս դավադրությունները տարածողներն են: Օրինակ՝ բժիշկներ կան, որ խորհուրդ են տալիս չպատվաստվել, կարծում եմ՝ ընդհանուր շատ ցածր կրթական ցենզի խնդիր է:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am