Ադրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված ակտիվիստը  դատարանում ինքնավնասման քայլի է դիմել

Ադրբեջանցի բանտարկված ակտիվիստ և հետազոտող Բահրուզ Սամադովը ուրբաթ օրը Գերագույն դատարանում կայացած դատական նիստի ընթացքում սուր առարկայով կտրել է ձեռքը։ Այս մասին «OC Media»-ին հաստատել է նրա փաստաբան Զիբեյդա Սադիգովան։

31-ամյա Սամադովը, որը մինչև 2024 թվականին ձերբակալվելը մի քանի տարի աշխատակցել է «OC Media»-ին, ներկայումս կրում է 15 տարվա ազատազրկման պատիժ։ Նա դատապարտվել է պետական դավաճանության մեղադրանքով, որը չի ընդունում։

Ուրբաթ օրվա միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Գերագույն դատարանը քննում էր Սամադովի վճռաբեկ բողոքը։ Դատական նիստը նախագահում էր դատավոր Իլքին Աբդուլլաևը։ Նիստի ընթացքում Սամադովի փաստաբան Զիբեյդա Սադիգովան միջնորդություն է ներկայացրել՝ պահանջելով վերացնել պետական դավաճանության մեղադրանքը։ Դատարանը մերժել է միջնորդությունը։ Դրանից հետո Սամադովը մի քանի միջնորդություններ է ներկայացրել, որոնք նույնպես մերժվել են դատարանի կողմից։

Փաստաբան Զիբեյդա Սադիգովան «Qəzetçi»-ին հայտնել է, որ երբ Բահրուզ Սամադովը կտրել է ձեռքը, ասել է․ «Երբ բառերն այլևս չեն բավականացնում, պետք է արյան միջոցով խոսել»։

Սադիգովայի խոսքով՝ Սամադովը նաև ասել է, որ իրեն, չնայած անմեղ լինելուն, պատժում են վրեժխնդրության նպատակով, և որ իրեն տեղափոխել են բարձր անվտանգության ռեժիմով բանտ ու երկու ամսով տեղավորել պատժախուց։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանում օրենքը չի գործում։

Սամադովը ադրբեջանցի հետազոտող և ակտիվիստ է, որը հանդես է եկել Հայաստանի հետ խաղաղության օգտին։ Ադրբեջանը մի քանի անգամ ձերբակալել է խաղաղության կոչերով հանդես եկող անձանց։

2025 թվականի հունիսին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Սամադովին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության մեջ և դատապարտել 15 տարվա ազատազրկման։ Հետագայում նրա նկատմամբ կայացված դատավճիռը անփոփոխ է թողնվել վերաքննիչ դատարանի, ապա նաև Գերագույն դատարանի կողմից։

Նրա գործը միջազգային ուշադրության է արժանացել իրավապաշտպան և ակադեմիական կազմակերպությունների կողմից, որոնք Սամադովին համարում են քաղբանտարկյալ։