Ռուսաստանը հասկացել է, որ չի կարող պարտադրել Հայաստանին զիջել Ղարաբաղը. Ում է ձեռնտու սահմանային լարվածությունը

Ռուսաստանը հասկացել է, որ չի կարող պարտադրել Հայաստանին զիջել Ղարաբաղը. Ում է ձեռնտու սահմանային լարվածությունը
Ռուսաստանը հասկացել է, որ չի կարող պարտադրել Հայաստանին զիջել Ղարաբաղը. Ում է ձեռնտու սահմանային լարվածությունը

Չնայած պատերազմի վերսկսման հնարավոր կանխատեսումներին, հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի վերջին սրացումներն ու լարվածությունը ըստ  Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը`Կոմանդոսի, չի նշանակում, թե կրկին կարող է պատերազմ ծագել:

«Ադրբեջանը դրանով փորձում է խուճապ ստեղծել  Հայաստանում: Մենք չպետք է տրվենք դրան: Ամեն տարի գյուղատնտեսական աշխատանքների սեզոնին երեւույթը կա, ռմբակոծում են, այս տարի մի քիչ ավելի շատ է: Ցավալի է, որ դրա հետեւանքով մեր զինվորները նույնպես զոհվեցին»,- «Մեդիալաբին» ասում է Արկադի Տեր-Թադեւոսյանը:

Գեներալ-մայորը վստահ է՝  հայկական ուժերն արժանի հարված են հասցնում հակառակորդին եւ ի վիճակի են պահել սահմանը:

«Մեր պատասխանները համարժեք են»,-ասում է նա:

Հիշեցնենք, ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում և հայ-ադրբեջանական պետական սահմանին տիրող իրավիճակը վերջին  մի քանի շաբաթվա ընթացքում խիստ լարվել է:

ԼՂՀ պաշտպանության նախարարության տվյալների համաձայն, հուլիսի 28-ից մինչև օգոստոսի 3-ը ադրբեջանական բանակը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում իրականացրել է հետախուզադիվերսիոն գործողության 5-ից ավելի փորձ:Աղբյուրի համաձայն, ընդհանուր առմամբ ադրբեջանական բանակը հուլիսի 28-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում տվել է առնվազն 25 զոհ և 30-ից ավելի վիրավորներ:

Նույն ժամանակահատվածում Արցախի պաշտպանության բանակի կորուստների թիվը կազմել է 5 զոհ, 7 վիրավոր:

Սահմանային լարվածությունը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով Ադրբեջանի շարունակ սպառազինվելու եւ ռազմաշունչ հռետորաբանության օբյեկտիվ պատճառից բացի  նաեւ  Արեւմուտքի ու Ռուսաստանի շահագրգռությունը կարող է ունենալ:

«Ծրագրված մեծ պատերազմի առումով ես այդուհանդերձ չեմ տեսնում շահագրգռություն: Կոնֆլիկտի ինտենսիվացման  շահը կա, բայց, որ այն չվերածվի մեծ պատերազմի»,-«Մեդիալաբին» ասում է է Արա Պապյանը:

Ըստ փորձագետի, Ռուսաստանը Ադրբեջանին Եվրասիական Միությանն անդամակցելու համար նրան գայթակղելու խնդիր ունի:

«Ռուսաստանը ցանկանում է Ադրբեջանին հասկացնել տալ, որ ԵՏՄ անդամակցության դեպքում նա կփորձի պարտադրել Հայաստանին զիջումներ, բայց կարծում եմ, ռուսները արդեն սկսել են հասկանալ, որ իրենք շատ բան կարող են անել Հայաստանի հետ, շատ բան կարող են պարտադրել, բայց հաստատ չեն կարող պարտադրել Ղարաբաղը տալ, որովհետեւ մենք չափից ավելի թանկ ենք դրա համար վճարել: Ղարաբաղը բաշխիչ ցանց չէ, ատոմակայան չէ, այն ավելի մեծ բան է՝ հայրենիքի մի մասն է եւ մեր ժողովուրդը, ի վերջո, բացի ռացիոնալ մտածողությունից, բավականին հուզական է»,-ասում է Արա Պապյանը:

Բացի այս, Արա Պապյանի խոսքով չպետք է մոռանալ, որ Ռուսաստանը  վերջին շրջանում հսկայական քանակության զենք է վաճառել Ադրբեջանին եւ պետք է հուսալ, որ նա նաեւեւ Հայաստանին է տվել կամ վաճառել, որովհետեւ այդ մասին ավելի քիչ  լուրեր կան :

Վերլուծաբանը չի բացառում, որ Արեւմուտքը եւ մասնավորապես, ԱՄՆ-ն ավելի ինտենսիվ բախումների պարագայում խաղաղության շահագրգռությունը եւ տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու տեսանկյունից եւս իր շահերն ունի, բայց նրա համոզմամբ, Արեւմուտքին այսօր Հարավային Կովկասում պատերազմ ձեռնտու չէ: 

«Նավթի եւ գազի այլընտրանքային մատակարարումը Եվրոպային, ի հակակշիռ Ռուսաստանի կարեւոր է Արեւմուտքի համար: Բացի այս, պետք է ընդունել, որ եւ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի համար այսօր Հարավային Կովկասը պակաս կարեւոր է, քան Ուկրաինան»,-նկատում է Արա Պապյանը:

Հիշեցնենք, որ թե ԱՄՆ Պետդեպը, թե Ռուսաստանի ԱԳՆ-ն կողմերին զսպվածության կոչ են արել: 

Վերլուծաբանի խոսքով, նման իրավիճակներում վտանգն այն է, որ երբեմն դեպքերը կարող են վերահսկողությունից դուրս գալ եւ, եթե օրինակ Ադրբեջանի գործողությունները հաջող անցնեին եւ նրաք կարողանային ճեղքել հայկական ուժերը, ապա գործողությունն անպայման կզարգացնեին եւ այդ դեպքում, մեծ պատերազմը գուցե եւ չբացառվեր:

«Նրանք դա չկարողացան: Այս լարումից հետո, կարծում եմ, մենք կունենանք որոշակի հանդարտության շրջան»,-ասում է վերլուծաբանը՝ հավելելով, որ  Ադրբեջանը սեփական ռազմական քարոզչության զոհն է դարձել եւ սեփական ժողովրդին հաղթանակներ ցույց տալու կարիք ունի:     

«Իմ կարծիքով, այս գործողությունների մեծ մասը Ալիեւի կողմից նախատեսված էր ներքին սպառման համար, բայց վստահ եմ, որ սա հակառակ արդյունքը տվեց: Իրենք  հասկացան, որ բավականին թույլ բանակ ունեն: Զենքը` զենք, բայց կարգուկանոնի ու պատրաստվածության առումով նրանք մեծ խնդիր ունեն: Մեր  դիրքերի առաջխաղացումը Նախիջեւանի ուղղությամբ, որի մասին քիչ խոսվեց , իրականում լուրջ պարտություն է Ադրբեջանի համար»,- «Մեդիալաբին» ասում է Արա Պապյանը:

Նրա կարծիքով, առաջիկայում լարվածությունը կթուլանա եւ Ադրբեջանը կսկսի վերլուծություններ անել ու պաշտոններից ազատել  զինվորականներին:

Ինչ վերաբերվում է Հայաստանին, Արա Պապյանի խոսքով, ստեղծված իրավիճակը պետք է դաս լինի:

«Մենք չպետք է հույս դնենք հերոսության վրա: Ի վերջո սա քսանմեկերոդ դարն է եւ մարդկային կյանքն ավելի թանկ է: Չպետք է լինի մի իրավիճակ, որ  ադրբեջանցի դիվերսանտը կարողանա դիրքերին այնքան մոտենալ, որ մեր զինվորին անզեն վիճակում հանկարծակիի բերի: Մենք այսօր հիանում ենք մեր զինվորի պատրաստվածությամբ,  որն անզեն կարողացել է  դիմադրություն ցույց տալ, բայց հարց է առաջանում, ինչպես եղավ, որ նրանք խմբով մոտեցան: Ի վերջո, ես չեմ կարծում, որ մեր զինվորն իր դիրքերից շատ էր հեռացել»,-ասում է Արա Պապյանը:

Քաղաքագետի խոսքով, վերջին դեպքերը ցույց տվին, որ  մեզ հարկավոր են նոր ազդանշանային ու դիտման սարքավորումներ:

Հուլիսի վերջին կառավարության նիստում ընդունված որոշմամբ, նախատեսվում է 33 մլն դրամ հատկացնել ԱԺ նախագահ նախագահ Գալուստ Սահակյանի համար ձեռք բերված «Տոյոտա Լենդ Քրուզեր» ջիփի դիմաց վճարում կատարելու համար, ինչը բուռն քննարկումների թիրախ էր դարձել: Թանկարժեք գնման հետ համեմատություններ անելով, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր, հաշվարկել էին, որ նույնքան գումարով կարելի է գնել 80 դոլար արժողությամբ 1250 հատ շարժման սենսորներ, որոնց գործողության շառավիղը մոտ 60 մետր է, ինչը հնարավորություն կտա վերահսկել սահմանները:

«Ես չգիտեմ, որքանով են ճիշտ այն թվերը, որոնք հրապարակվեցին, բայց մոտավորապես  այսպես է,  60 մետրը վերահսկելու համար 80 դոլարանոց սարք է պետք,-ասում է Արա Պապյանը:- Հետեւաբար, 100 հազար դոլարով կարելի է տասնյակ կիլոմետր վերահսկել, իսկ 100 հազարն այսօր մեկ մեքենայի գին է: Եթե պետությունն ի վիճակի չէ, ես կոչ եմ անում համաժողովրդական դրամահավաք կազմակերպել: Եթե տասը կյանք էլ փրկենք, իսկ ավելին կփրկենք, արժե դրան գնալ»:

Էմմա Քալաշյան

© Medialab.am