Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Հարգելի հայրենակիցներ
Նշանակալից այս տոնը խորհրդանշում է պայքարի բազում ուղիներ անցած եւ այդ ճանապարհին կարեւորագույն հաղթանակներ ունեցած հայ ժողովրդի պետականության կերտման ու պահպանման մեծագույն կամեցողությունն ու արժանապատիվ ապրելու ձգտումը: 1918 թվականի մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետության հռչակումը տրամաբանական շարունակությունն էր Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսայի ճակատամարտերում մեր ժողովրդի մղած հերոսական պայքարի ու հաղթանակների:

Եվ այդ հերոսական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց պատմական Հայաստանի մի պատառիկ հողի վրա կերտել Հայաստանի Հանրապետությունը, որը եւ դարձավ համայն հայության դարավոր իղձերի մարմնացումը:Այդ սխրանքի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը դարձավ միջազգային իրավունքի սուբյեկտ, ունեցավ գերբ ու դրոշ, ձեռք բերեց քաղաքացիության իրավունք:

Այսօր ապրողներիս պարտքն է՝ ծաղկեցնել ու հզորացնել մեզ ավանդված Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները, լինել արժանի զավակները մեզ համար հայրենիք ու պետություն կերտած այրերի:

Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, սեր ու համազգային միություն: Լավագույն ցանկություններով՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան