Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. «Հետք»

Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. «Հետք»
Փոխվարչապետի ՍՊԸ-ն 35 հազար ԱՄՆ դոլար գրանտ է ստացել չրի արտադրությունը զարգացնելու համար. «Հետք»

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ 35 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

Գրում է «Հետքը»՝ նշելով, որ կայքը գրավոր հարցում էր ուղարկել հիմնադրամ եւ ստացել «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հայտադիմումը, կնքված համաձայնագիրը:

«Փոխվարչապետների` կառավարության կայքում տեղադրված կենսագրություններից տեղեկանում ենք, որ Տիգրան Ավինյանը 2010-2011 թվականներին հիմնադրել է «Իրիգեյթ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով։ .. Ընկերությունը հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 30-ին: «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենը Արմեն Մարտիրոսի Ավինյանն է, որը փոխվարչապետի հայրն է: ՍՊԸ-ն գրանցված է այն հասցեում, որտեղ հաշվառված է Տիգրան Ավինյանը: Փոխվարչապետը ընկերության մասնակիցների ցանկից դուրս է եկել 2018թ. հունիսի 5-ին: Այժմ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնեմասը պատկանում է Դավիթ Արմենի Ավինյանին, որը փոխվարչապետի եղբայրն է: Դավիթ Ավինյանը պլաստիկ վիրաբույժ է»,- գրում է «Հետքը»:

Նշվում է, որ դրամաշնորհի համար Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամին ուղղված «Իրիգեյթ» ՍՊԸ-ի տնօրենի դիմումը ստորագրված է 2018 թվականի փետրվարի 14-ով: Այդ ժամանակ Տիգրան Ավինյանը Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության անդամ էր և հիշյալ ՍՊԸ-ի տնօրեն: Դիմում-հայտը ստորագրել է անձամբ Տիգրան Ավինյանը: «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի հետ կնքված փաստաթղթերը պարունակում են առևտրային գաղտնիք, սակայն հիմնադրամի բանավոր հարցմանն ի պատասխան՝ ընկերությունից համաձայնել են, որպեսզի փաստաթուղթը մեզ տրամադրվի:

Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեորգի Խաչատրյանը մեզ հայտնել է, որ 2018թ. մարտի 15-ին «Իրիգեյթ» ՍՊԸ-ն  և այլ ընկերություններ հիմնադրամ են ներկայացրել թվով 49 բիզնես-հայտեր: Դրանից 16-ը մերժվել է: Մայիս 25-ին տեղի է ունեցել «Արժեշղթային զարգացման» հանձնաժողովի նիստը, որի արդյունքում թվով 33 բիզնես-հայտերից հաղթող է ճանաչվել է 29-ը: Սակայն վերջնարդյունքում համաձայնագրեր են կնքվել 26 ընկերությունների հետ, այդ թվում` «Իրիգեյթ» ՍՊԸ-ի: Ընկերության հետ պայմանագիր է կնքվել օգոստոսի 1-ին:

Արձանագրենք, որ Տիգրան Ավինյանը 2018թ. մայիսի 25-ին փոխվարչապետ էր, իսկ «Իրիգեյթ» ՍՊԸ-ի մասնակիցների ցանկից դուրս է եկել դրամաշնորհի մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո՝ 2018 թվականի հունիսի 5-ին»,- գրում է «Հետքը»:

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: