«Տպավորություն է, որ կրակելու և սպանելու ազատություն կա բանակում, այդ գործերը կոծկվում են»․ ըստ իրավապաշտպանի՝ հեղափոխությունը բանակ չի հասել

«Տպավորություն է, որ կրակելու և սպանելու ազատություն կա բանակում, այդ գործերը կոծկվում են»․ ըստ իրավապաշտպանի՝ հեղափոխությունը բանակ չի հասել
«Տպավորություն է, որ կրակելու և սպանելու ազատություն կա բանակում, այդ գործերը կոծկվում են»․ ըստ իրավապաշտպանի՝ հեղափոխությունը բանակ չի հասել

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

– Տիկի՛ն Ալեքսանյան, օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել, ապա այցելել էր Կոթի գյուղի բնակչին, որը վիրավորվել էր հակառակորդի կրակոցից, ինչը բարձր էիք գնահատել ձեր ֆեյսբուքյան էջում։ Ձեր կարծիքով՝ բանակում ի՞նչ է փոխվել վերջին շրջանում, հեղափոխությունից հետո։ Կա՞ դրական դինամիկա այս ոլորտում։

– Բացարձակապես ոչինչ չի փոխվել։ Ես նույնիսկ կարող եմ արձանագրել այդ համակարգի աշխատակիցների անտարբերությունը, որովհետև շարունակում են մահվան դեպքերը ինքնասպանություն որակել։ Ես չեմ տեսնում մտահոգություն, որ բանակում մահվան դեպքերը կանխվեն նոր իշխանությունների կողմից, ես դա չեմ տեսել։ Ես ստիպված հիմա դրա մասին ասում եմ։ Նաև քննչական մարմիններն են խայտառակ վիճակում, ինչպես միշտ եղել են։ Բացարձակապես որևէ փոփոխություն, անգամ փոփոխության միտում չկա։

Մենք տեսնում ենք, թե տարբեր գործերով ինչ խայտառակ զարգացումներ են լինում։ Օրինակ՝ մի գործով մահացած տղայի վրա 4 մեղադրանք են դրել։ Մի խոսքով, ես շատ դժգոհ եմ։ Ես գիտեմ, որ Նիկոլ Փաշինյանը լավ տիրապետում է բանակին և շահագրգիռ է, որ ինչ-որ բան փոխի, վստահ եմ դրանում, բայց հատուկ անդրադարձ չկա, հատուկ կարևորություն չի տրվել, չնայած մահվան դեպքեր են եղել բանակում։

Բանակում զոհերը դինամիկ ինչ-որ կարգավիճակ ունեն, դրանք տեղի-անտեղի որակվում են ինքնասպանություն։ Մի խոսքով, չկա որևէ փոփոխություն։ Ես շատ եմ զարմանում, որ Հայաստանում խաղաղ պայմաններում զոհվող զինվորները չեն դառնում մտահոգության թեմա։ Բանակի նկատմամբ սեր է քարոզվում, բոլորը սիրում են բանակը, իսկ ինչո՞ւ չեն մտածում, որ չսպանեն այդ տղաներին։

– Դա պայմանավորված է նրանով, որ կադրային փոփոխություններ չե՞ն լինում բանակում, նույն սպայական ու հրամանատարական կազմն է պահպանվում։

– Պարզապես սա առաջնային թեմա չեն համարում։ Երբ բանակում մահվան դեպք է լինում, պաշտպանության նախարարությունը ծնողին միանգամից ուղարկում է քննչական մարմիններ, ասելով՝ գնացեք, էնտեղից իմացեք, կարծես ծնողներն իրենց որդիներին քննչական մարմիններին են տվել։ Ծնողն իր որդուն տվել է բանակին, որը պարտավոր է պահել։

Պետությունը պարտավոր է պահպանել 18 տարեկան տղայի կյանքը, որը գնում է հայրենիքին ծառայելու։ Ես տեսնում եմ պատասխանատվության իսպառ բացակայություն։ Վերջին, այսպես կոչված, ինքնասպանությունների գործերով նույնիսկ կալանավորվածներ չկան, այսինքն՝ մարդիկ չեն պատժվում այդ դեպքերի համար, ինչն ահավոր է։

Ես այս 4 ամսվա մեջ այս ոլորտում փոփոխություն չեմ տեսել։ Ես չեմ տեսել, որ պաշտպանության նախարարը վեր կենա, գնա դեպքի վայր՝ զորամաս, ցույց տալով, որ ինքը խիստ շահագրգիռ է, որ դա իրեն շատ մտահոգում է։ Բայց ես չեմ տեսել, որ նախարարը գնացած լինի նման տեղ, մինչդեռ դա իրոք կարող է կանխարգելիչ նշանակություն ունենալ, ես վստահ եմ դրանում։

Ես խիստ մտահոգված եմ, որ այդ զոհերը տեղի են ունենում։ Ինձ մոտ տպավորություն է, որ կրակելու և սպանելու ազատություն կա բանակում։ Կոծկվում են այդ գործերը։

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ հեղափոխությունը բանակ չի հասել։

– Ես վստահ եմ, որ հեղափոխությունը բանակ չի հասել, ես կարող եմ դա պնդել։ Ես տեսնում եմ, որ պաշտպանության նախարարը միայն ադրբեջանական հարձակումների ու սադրանքների մասին է խոսում։

– Դուք դրական համարեցիք վարչապետի այցը Կոթի գյուղ՝ հանդիպելու վիրավորված գյուղացուն։ Դա ինչ-որ բան փոխո՞ւմ է։

– Վարչապետը չի կարող բոլորի փոխարեն աշխատել։ Ես իսկապես ողջունում եմ վարչապետի քայլը, չկա Հայաստանում էդպիսի օրինակ, մենք չենք տեսել նախկինում, որ վարչապետը զանգի հակառակորդի գնդակից վիրավորված գյուղացուն։ Տարիներ շարունակ նման դեպքեր են եղել, բայց երբեք չի եղել նման նախադեպ։

Ու վարչապետը սրանով օրինակ է ցույց տալիս, որ բոլորը պետք է այդպես աշխատեն։ Դա բարեփոխման նման մի քայլ է։ Ես ասում եմ՝ եթե Դավիթ Տոնոյանն ինքն այցելի զորամաս, և դա պարբերական բնույթ կրի, կձգվեն էնտեղ։

Նա պետք է գնա ու ասի՝ ծառայողական քննություններ եմ նշանակում, պարզեք, թե ովքեր են սպանել զինվորին։ Ոչ թե նպաստի կոծկելուն։ Մենք այսօր տեսնում ենք, որ ՊՆ-ն բացարձակապես հետաքրքրված չէ, որ այդ մահվան դեպքը, որ եղել է, իրենք էլ այդտեղ անելիք ունեն։ Իրենք պետք է տան այդ տեղեկատվությունը, թե ինչ է տեղի ունեցել, մինչդեռ կոծկում են, թույլ չեն տալիս իմանալ իրականությունը։ Այո՛, ինձ համար բարձր արժեք է, որ վարչապետը ոչ միայն զանգեց, այլ նաև գնաց Կոթի։

Պատկերացրեք, թե դա ինչ աջակցություն է սահմանամերձ գյուղին։ Ամբողջ գյուղը գիտի, որ վարչապետն ուշադիր է իրենց նկատմամբ և ցանկացած պահի կարող է գալ, հասնել գյուղ ու լսել իրենց գանգատները, խնդիրները։ Սա շատ մեծ աջակցություն է այդ սահմանամերձ գյուղում ապրող բնակիչներին, որոնք տարիներ շարունակ մատնված են եղել անտարբերության։

Մանե Հարությունյան

MediaLab.am