«Մեր իշխանությունը որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է». Նիկոլ Փաշինյան. «Հայկական Ժամանակ»

«Մեր իշխանությունը որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է». Նիկոլ Փաշինյան. «Հայկական Ժամանակ»
«Մեր իշխանությունը որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է». Նիկոլ Փաշինյան. «Հայկական Ժամանակ»

«Կոռուպցիայի հետ կոնկրետ առնչություններ ունեցած եւ կոռուպցիայի մեջ թաթախված որեւէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն, երկրորդը՝ արյան հետ առնչություն ունեցած որեւէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ, երրորդը՝ կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները, ընդ որում ասեմ՝ էս սկբունքները միայն նախկիններին չեն վերաբերում, որովհետեւ ո՞վ է ասում, թե նրանք, ովքեր նոր են միայն պաշտոն ստանձնում, նրանք հրեշտակներ են»:

Այդ մասին ԱԺ այսօրվա իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Փոխանցում է «Հայկական Ժամանակ»-ը:

Փաշինյանը նշել է, որ ինքն այս ընթացքում անտանելի  հիասթափություններ եւ ստրեսներ է ապրել, երբ եղել են մարդիկ, ովքեր հանդես գալով որպես հեղափոխության ամենաջերմեռանդ պաշտպան, ամենասկզբունքային, ամենամաքուր, մի քանի ամսվա մեջ, մի քանի շաբաթվա մեջ քանդուքար են եղել:

«Ու ես չեմ կարող այս մասին չասել, որովհետեւ դա անազնիվ կլինի մեր ժողովրդի առաջ, անազնիվ կլինի ինքներս մեր առաջ: Եւ էս կտրվածքով ինձ համար տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա: Տարբերություն չկա, նույնիսկ եթե խոսքը լինի անձմաբ իմ մասին, որովհետեւ սկզբունքը եւ ճշմարտությունը ամենակարեւորն է:

Եթե մենք մի միլիմետր շեղվեցինք ճշմարտությունից, շեղվեցինք մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելուց, ուրեմն մեր ողջ կյանքը, գործունեությունը եւ էս ամենն անիմաստ է: Մենք իրավունք չունենք որեւէ ընկերական կապ, ազգակցական կապ, ընտանեկան կապ ավելի բարձր գնահատել, քան էն արժեքները, որ մենք միասին ստեղծել ենք: Դա կլինի ուղիղ դավաճանություն՝ պետության նկատմամբ, հայրենիքի նկատմամբ, ժողովրդի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը:

Նա դիմել է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր տարբեր առիթով քննադատում են ներկայիս իշխանություններին եւ իրեն, եւ ասել՝ յուրաքանչյուր քննադատություն շատ ուղիղ ընկալվում է, շատ ուղիղ վերլուծվում է, շատ ուղիղ հետեւություններ են արվում:

«Մենք երբեք չենք վախենալու ճշմարտությունից: Մենք միշտ համագործակցելու ենք բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են հանուն ճշմարտության՝ անկախ նրանից՝ էդ ճշմարտությունը մեզ համար դրական կլինի, թե բացասական»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, սակայն, թե հույս ունի, որ որեւէ մեկը չի ուզում Հայաստանում տեսնել անողնաշար, անդեմ, անկարծիք, որոշումներ կայացնելու անընդունակ, ամեն քննադատությունից ճկվող, ամեն հարվածից քանդվող եւ նոկաուտի ենթարկվող կառավարություն:

«Մեր իշխանությունը երբեք չի լինելու թույլ: Մեր իշխանությունը լինելու է սկզբունքային, էնտեղ, որտեղ պետք է հարվածի, հարվածելու է, էնտեղ, որտեղ պետք է հարվածներ ստանա, ստանալու է էդ հարվածները եւ ամուր կանգնելու է իր ոտքերի վրա, եւ մի՛ միլիմետր չի շեղվելու ճշմարտությունից, միլիմիլիմետր չի շեղվելու ծառայությունից, միլիմիլիմետր չի՛ շեղվելու առաքելությունից: Եւ ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել, որ այո՛, կոռուպցիայի դեմ պայքարը համարում ենք մեր ամենակարեւոր առաքելություններից մեկը»,- ասել է Փաշինյանը: