«Բելառուսի քաղաքականությունը հակահայաստանյան է, հետևաբար չպետք է զարմանալ, որ Լուկաշենկոն նսեմացնող հայտարարություն է արել». Ստեփան Գրիգորյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը

  Պարո՛ն Գրիգորյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը փախչելու տեղ չունի և որ, ի վերջո, հայտնվելու է Մոսկվայի ու Մինսկի նախաձեռնած Միութենական պետության կազմում: Լուկաշենկոյի այս հայտարարությունը ինքնանպատա՞կ արված դիտարկում էր, թե՞ այն որոշակի մեսիջներ էր պարունակում:

– Նախ՝ ֆիքսենք, որ Բելառուսը վաղուց մեր ռազմավարական գործընկերը չէ, ֆորմալ առումով՝ այո՛, մեր ռազմավարական գործընկերն է, բայց շատ վաղուց սերտ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի հետ, ու նրա քայլերն ուղղված են մեր դեմ:

Բելառուսը մեր նկատմամբ իրեն պահում է գրեթե թշնամական երկրի պես, հիշում եք նրա հայտնի հայտարարությունները 2016 թվականի ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ առաջինը ՀԱՊԿ-ից կոշտ ելույթ ունեցավ մեր դեմ ու պաշտպանեց Ադրբեջանին:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ թույլ չէր տալիս, որ ՀԱՊԿ-ում ինչ-որ արձագանք լինի հօգուտ մեզ, ավելին՝ պատերազմից անմիջապես հետո Բելառուսը պաշտպանության նախարարի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկեց Ադրբեջան, բայց չեկան Հայաստան՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ, համագործակցության ինչ-որ լուրջ փաստաթղթեր ստորագրեցին, ու Բելառուսը շնորհավորեց Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականության վերականգնման համար: Այսինքն՝ Բելառուսի քաղաքականությունը միայն երեկ չէ, որ հակահայաստանյան է, հետևաբար չպետք է զարմանալ, որ Լուկաշենկոն նսեմացնող հայտարարություն է արել:

Սա նաև այն սխալի հետևանքն է, երբ Բելառուսում անցկացված խայտառակ ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն անմիջապես շնորհավորեց Լուկաշենկոյին, ինչի համար ես առաջիններից էի, որ քննադատեցի Փաշինյանին, որովհետև այդ արդյունքները ժողովրդավարական ճանապարհով չէին գրանցվել, ինչո՞ւ պետք է մենք այդ խայտառակ արդյունքների լեգիտիմությունն ապահովեինք:

Այդ սխալի պտուղներն ենք հիմա քաղում, որովհետև մենք մեզ սկզբունքային չպահեցինք: Համոզված եմ, որ Նիկոլ Փաշինյանը մտածում էր, թե այդկերպ կմեղմի Լուկաշենկոյի վերաբերմունքը մեր նկատմամբ, բայց նա երբեք չի փոխի իր դիրքորոշումը Հայաստանի հանդեպ, քանի որ նա ավտորիտար լիդեր է, նա հակաժողովրդավարական երկրի ղեկավար է:

Լուկաշենկոյի նման պահվածքի պատճառները կարող են տարբեր լինել, միգուցե դա պատվեր էր Ադրբեջանի կողմից, կոպիտ ասած՝ մի հատ էլ հարվածել Հայաստանին, միգուցե այլ խաղացողներ էին ուզում, որ Բելառուսը նման քայլ անի:

– Դուք ասում եք, որ Բելառուսը վարում է հակահայաստանյան, թշնամական քաղաքականություն, բայց իշխանական պատգամավորներից Հակոբ Արշակյանն ասում է, թե Լուկաշենկոյի այս հայտարարությունը չի կարող ազդել հայ-բելառուսական բարեկամական հարաբերությունների վրա: Այսինքն՝ նրանք համաձայն չեն ձեզ հետ, որ Բելառուսը Հայաստանի հանդեպ թշնամական քաղաքականություն է վարում:

– Ինձ հետաքրքիր չէ՝ ինչ են ասում իշխող ուժի պատգամավորները, իրենց իրավունքն է, թող խոսեն, բայց ես ասում եմ, որ Բելառուսի քաղաքականությունը թշնամական ու հակահայաստանյան է:

– Արտաքին գործերի նախարարության արձագանքը պատշա՞ճ եք համարում նման հայտարարության համար, պարո՛ն Գրիգորյան:

– Շատ մեղմ արձագանք է, և շատ իզուր են այդքան մեղմ արձագանքում: Դիվանագիտության մեջ ընդունված է, օրինակ՝ խզել դիվանագիտական հարաբերությունները, հետ կանչել դեսպանին կոնսուլտացիաների համար, այսինքն՝ ժամանակավորապես իջեցնում են դիվանագիտական հարաբերությունների մակարդակը:

Մենք բավական երկար ժամանակ է՝ բարդ հարաբերությունների մեջ ենք Բելառուսի հետ, իսկ այս պարագայում մեր արձագանքը պետք է ավելի կոշտ լիներ, օրինակ՝ դիվանագիտական հարաբերությունները չխզել, սակայն առնվազն հետ կանչել դեսպանին Երևան կոնսուլտացիաների համար: Սրանով ցույց ես տալիս քո դժգոհությունը, որ դու նեղացած ես, որ քո երկիրը նսեմացրել են:

Բելառուսի առաջնորդը չի քննադատել մեզ, նա մեզ ուղղակի նսեմացրել է, իսկ եթե դու դրան մեղմ ես արձագանքում, նշանակում է ինչ-որ չափով ընդունում ես նրա խոսքերը: Եթե Հայաստանը ժամանակավորապես հետ չի կանչում դեսպանին՝ ցույց տալով, որ դժգոհ է Լուկաշենկոյի ասածներից, ուրեմն մասամբ ընդունում է նրա ասածը: Այդպես է, դիվանագիտական լեզուն շատ կարևոր է, քո արձագանքի խստությամբ ցույց ես տալիս, որ նեղացած ես: Լուկաշենկոն դեսպանական ուժեղ հարված տվեց ու նսեմացրեց մեզ, եթե դու ցույց չես տալիս քո դժգոհությունը, դա նշանակում է, որ պաշտոնական Երևանը մասամբ ընդունում է նրա խոսքերը:

– Իսկ ձեզ համար նկատելի՞ է Հայաստանի՝ Միութենական պետության կազմում հայտնվելու վտանգը:

– Դա իրականում շատ մեծ վտանգ է, որովհետև Միութենական պետության կազմում հայտնվելը կնշանակի, որ դու կորցնում ես Արցախի հայերի իրավունքների համար պայքարելու, Ցեղասպանության հարցերով պայքարելու հնարավորությունը, կորցնում ես աշխարհին բողոքելու իրավունքը, երբ վաղը Ադրբեջանը նորից մտնի մեր տարածք: Մարդկանց հրամցնում են այն միտքը, թե Ռուսաստանը քեզ կպաշտպանի, բայց պաշտպանե՞ց, թեև մեր ռազմավարական գործընկերն է, ուղիղ հակառակը՝ աջակցում է Ադրբեջանին:

Միութենական պետության մեջ մտնելը լրջագույն սպառնալիք է հայ ժողովրդի գոյությանը, բացի այն, որ դա հակասահմանադրական է, մեր Սահմանադրությունը չի նախատեսում անկախության տարրերից հրաժարում:

Լուկաշենկոն անգամ ասաց, որ Հայաստանը Միութենական պետության համար պետք չէ, նա նշեց մի քանի երկրներ, որոնց մեջ Հայաստանը չկար: Մարտահրավերը շատ շուրջ է, և ես կոչ եմ անում կառավարությանը համարժեք արձագանքել, եղած արձագանքը լիարժեք չէր: Նման հայտարարության արձագանքը չի կարող այդքան փափուկ լինել, այլապես ստացվում է, որ համաձայն ես Լուկաշենկոյի հետ, որ դու ոչ ոքի պետք չես:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am