Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը

Այսօր հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաչվերացը: Խաչվերացը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին:

Հայաստանյայց եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վերացման):

Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց: Ժողովրդական ավանդույթի մեջ Խաչվերացը կամ «Սըրբխեչը» աշնան սկիզբը խորհրդանշող ուրախ տոն է: Տոնի նախօրեին` շաբաթ օրը կանայք խմորեղեն են պատրաստում, տղամարդիկ` ուլ մորթում ու գորովի պատրաստում:

Ժողովրդական ավանդության համաձայն ուլի միսը և ձավարով փլավն այդ օրվա առանձնահատուկ ուտելիքներն են, առանց որոնց տոնը լիարժեք չի կարող լինել: Շատ տեղեր Խաչվերացը` «Սըրբխեչը», ընկալում են որպես աշնանամուտ: Ինչպես ասում էին քեսապցիները, «Խաչ, վերմակը առ, ներս փախիր», – այսինքն` բացօթյա գիշերողներն այլևս տանն են գիշերում: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է:

Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Սբ. պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: