Փաշինյանի ուղերձում կոչ կար Արևմուտքին՝ կանխել, օգնել դիմագրավելու այդ ռիսկերին ու մարտահրավերներին. Հակոբ Բադալյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը 

– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝անկախության վերաբերյալ, ինչպե՞ս եք գնահատում, ո՞րն էր ասելիքը:

– Ուղերձի հիմնական նպատակները երկուսն են՝ իմ գնահատմամբ: Մեկն այն է, որ ծավալվող ընդդիմադիր շարժման ֆոնին փորձ է անում համախմբել իր շուրջը հնարավորինս լայն հասարակական զանգված՝ այդ նպատակով առաջ քաշելով ու նույնացնելով իրեն ինքնիշխանության ու անկախության հետ ու այդ կերպ փորձելով սահմանել մի նշաձող, որը կլինի, ֆորմալ իմաստով, ապակուսակցական կամ վերքաղաքական, այն իմաստով, որ կներառի նաև մարդկանց, որոնք կարող են դեմ լինել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, բայց, դեմ չլինելով ինքնիշխանությանը, կանգնել այդ իշխանության կողքին: Այս հաշվարկով առաջ քաշված ուղերձ էր: 

Մյուս թիրախը, ըստ իս, հետևյալն էր. բնականաբար, այն, ինչ տեղի է ունենում Արցախում ու Արցախի փաստացի հայաթափումը, ամենևին չեն նշանակելու Հայաստանի անվտանգության մարտահրավերների վերջ: Հակառակը՝ դրանից հետո մարտահրավերներն ավելի անմիջականորեն են մոտենալու, ոչ ֆիզիկական իմաստով, որովհետև այդ իմաստով դրանք Հայաստանի սահմաններին են միշտ: 

Քաղաքական իմաստով դրանք անմիջականորեն են մոտենալու Հայաստանին առնչվող խնդիրներին, որոնք շրջանառվել են բաց տեքստով՝ դրանք «անկլավների» ու «Զանգեզուրի միջանցքի» հարցերն են, ու այստեղ կան ռիսկեր ու մարտահրավերներ: 

Փաշինյանի ուղերձում կոչ կար Արևմուտքին՝ կանխել, օգնել դիմագրավելու այդ ռիսկերին ու մարտահրավերներին: Միևնույն ժամանակ այդ կոչով նաև կար Արևմուտքի պատասխանատվությունը շեշտադրելու խնդիր՝ այդկերպ հնարավորինս նվազեցնելով սեփական քաղաքականության պատասխանատվության բեռը ու, բնականաբար, պատասխանատվության մյուս ու հիմնական մասը բաց տեքստով, ինչպես արդեն երկար ժամանակ, դրվում է Ռուսաստանի վրա:

Ընդ որում՝ պետք է ասել, որ թե՛ Ռուսաստանը, թե՛ Արևմուտքը ունեն մի շարք ֆորմալ հիմքերով պատասխանատվության իրենց բաժինը, բայց, անկասկած, այն, ինչ կատարվում է Հայաստանի շուրջ, ու հավանական մարտահրավերներն ու ռիսկերը որ կան, եղել ու մնում են առաջին հերթին Հայաստանի քաղաքական ղեկավարության պատասխանատվության դաշտում:

-Իսկ Ռուսատանի և Հայաստանի հարաբերությունը կոնկրետ այս փուլում ինչպիսի՞ն է:

– Հարաբերություն, լայն իմաստով, գոյություն չունի, և այստեղ պատճառները շատ խորքային են, իսկ անմիջական իմաստով մենք տեսնում ենք համաշխարհային պատերազմ: Ռուսաստանն այդ պատերազմող բևեռներից մեկն է, ու այս իմաստով բոլոր հարաբերությունները ստանում են բացարձակապես օպերատիվ բնույթ, նկատի ունեմ մեր կարգի երկրների հետ հարաբերությունները:

Նույնը կարող ենք ասել Ադրբեջանի հետ հարաբերության մասին: Մենք ստիպված ենք ու պետք է կարողանանք այս օպերատիվ ռեժիմում առավելագույն արդյունավետություն ապահովել ռուսների հետ հարաբերության իմաստով՝ շատ լավ պատկերացնելով դրանից բխող խնդիրներն ու վտանգները, բայց այսօր այդ հարաբերություն ասվածը գտնվում է հենց այդ ռեժիմի հրամայականի ներքո:

Բնական է, սա չի նշանակում, թե պետք է մոռանալ բոլոր ռազմավարական խնդիրները, հետաքրքրությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, բայց աշխատանքը պահանջում է օպերատիվ ռեժիմով աշխատանք, իսկ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի միջև կա հետևյալ պատկերը. Հայաստանի քաղաքական ղեկավարությունը Ռուսաստանին է նշանակել գլխավոր մեղավոր մեզ հետ տեղի ունեցողի համար, իսկ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունն էլ՝ ի պատասխան, մեղավոր է նշանակել Հայաստանի քաղաքական ղեկավարությանը: 

Այս իրավիճակը, չգիտեմ՝ բարձրաձա՞յն, թե՞ լռելյայն փոխհամաձայնությամբ, բավարարում է բոլորին, ոչ միայն երկու կողմին, այլ նաև արտաքին մյուս բոլոր դերակատարներին ու նաև Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական կյանքում շատ թե քիչ նշանակալից սուբյեկտներին, ու միակը, որին չի կարող բավարարել այս իրավիճակը, Հայաստանի շահն ու անվտանգությունն է: 

– Պարո՛ն Բադալյան, իսկապե՞ս Հայաստանն այսօր անկախության ու ինքնիշխանության կորստի վտանգի առաջ է կանգնած:

– Բնականաբար վտանգված են: Այստեղ մի այնպիսի առերևույթ միջավայր ու զարգացում ունենք, որ ակնառու է, որ այդ վտանգները կան: Մենք հիմա պետք է քննարկենք՝ կա՞ն դրանց հակազդման ինստիտուցիոնալ, բովանդակային կարողություններ թե՛ պետական, թե՛ ընդհանրապես հասարակական-քաղաքական օրգանիզմի մակարդակում, ու, ցավոք սրտի, այստեղ է, որ մենք ունենք լրջագույն ռիսկեր ու մարտահրավերներ: 

Մենք պետք է կարողանանք մեր անելիքն ու արդյունավետության մեխանիզմները գտնել այսօրվա իրավիճակում՝ առանց մաղն առած որոնելու՝ սա պատեհապաշտ է, սա անկեղծ նվիրում ունի: Եթե մեր ներքին կյանքի ռեժիմը մնում է այս բևեռացված դիմակայության տրամաբանության մեջ, մենք գործնականում չենք կարող ստանալ բարձր արդյունավետություն պետական մարտահրավերների դիմակայման տեսանկյունից:

– Իսկ «Զանգեզուրի միջանցքի» բացմանը դիմադրելու կարողություն ունի՞ Հայաստանը:

– Կարծում եմ, որ Հայաստանը չի կարողանա դիմադրել դրա բացմանը, եթե այդ հարցում լինի որևէ ծանրակշիռ աշխարհաքաղաքական համաձայնություն, ինչ կոնֆիգուրացիայով էլ լինի դա: Այլ հարց է, այստեղ Հայաստանը դիմադրության ռեսուրս չունի, ու Հայաստանի շանսն այստեղ իրականանալի քաղաքական փոխհամաձայնության ձգտելն է:

Մենք տեսնում ենք ամենաթարմ ու ծանր օրինակը Արցախում այս օրերին, եթե ձևավորվում է աշխարհաքաղաքական որոշակի կոնսենսուս ինչ-որ հարցի վերաբերյալ, ապա այդտեղ, եթե չկան կյանքի կոչելու քաղաքական մեխանիզմներ, դրանք կյանքի են կոչվում ռազմական մեխանիզմներով: 

Ցավոք սրտի, Հայաստանի ռազմական մեխանիզմներն ի վիճակի չեն, ու չունենք պաշտպանական այնպիսի կարողություն, ընդ որում՝ նաև օբյեկտիվ պատճառներով, ինչպիսին կա «միջանցքի» շուրջ աշխարհաքաղաքական շահերի տիրույթում: 

Հետևաբար պատրանք ունենալ, թե մենք կարող ենք պաշտպանել ռազմական որևէ հավակնություն, ինքնախաբեություն կլինի, ու մեզ ռազմական ճանապարհով պարզապես կպարտադրեն հերթական քաղաքական որոշումը: 

Դրա համար եմ նշում, որ պետք է գերջանք գործադրենք շահագրգիռ ուժային խաղացողների հետ, քաղաքական նույնիսկ ոչ պոպուլյար որոշումներով, փոխհամաձայնության այնպիսի եզրահանգման գալու համար, որպեսզի բանը չհասնի որևէ քաղաքական որոշում ռազմական ճանապարհով մեզ պարտադրելուն, ինչը մենք տեսել ենք անցնող երեք տարիների ընթացքում:

-Ձեր տպավորությամբ՝ Հայաստանի գործող իշխանությունը արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն ուզո՞ւմ է մտցնել, թե՞ չէ:

– Եթե առաջնորդվենք ողջախոհության կանխավարկածով՝ կարծում եմ, որ այդպիսի խնդիր չպետք է դրվի, որովհետև նման խնդիր դնելը նախ՝ պահանջում է դրան համարժեք ինքնաբավ ուժ, որը մենք չունենք: Հայաստանն այստեղ, մեղմ ասած, արկածախնդրություն կանի, եթե չունենալով այդ ուժը, դնի նման խնդիր: 

Մեր խնդիրը պետք է լինի առավելագույնս ընդլայնել մեր արտաքին քաղաքականության աշխարհագրությունը, որը պահանջում է շատ մեծ ռեսուրս: Ես դրա համար եմ նշում, որ անհրաժեշտ է ռեսուրսների համախմբում, որովհետև դրանք չեն կարող բավարար լինել միայն պետական տիրույթում եղածի առումով, պետք է ներգրավենք ընդհուպ սփյուռքում եղած ռեսուրսները: 

Իսկ եթե առաջնորդվենք արկածախնդրության կանխավարկածով, կարող են դրվել այնպիսի խնդիրներ, որոնք Հայաստանի համար պարզապես կարող են թողնել ծանր հետևանքներ, ընդ որում՝ չունենալով բարեհաջող լուծման որևէ երաշխիք: 

Համաշխարհային ուժգնացող պատերազմի պայմաններում դնել նման խնդիր ու գնալ դրա հետևից, իսկապես արկածախնդրություն կլինի: Ի վերջո, կա նման չափազանց վառ օրինակ՝ վատ իմաստով, դա Ուկրաինայի օրինակն է, ու Հայաստանը դարձնել նման գոտի, նշանակում է վերացնել հայկական պետականությունը: Ողջախոհությունը պետք է հուշի զերծ մնալ նման քայլերից: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am