Մամիջանյանը բացառություն չէ․ ԵԽԽՎ֊ում հայ պատվիրակները նախկինում ևս միասնական չեն քվեարկել․ FIP.am

Հունվարի 27-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձայների մեծամասնությամբ ընդունեց «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը» բանաձևը, որին հայաստանյան պատվիրակությունից ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Հայկ Մամիջանյանը դեմ է քվեարկել: Սա հայաստանյան մամուլի մի զգալի հատվածում և սոցիալական մեդիայում բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ: 

Հատկապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները կամ համակիրները սուր քննադատության ենթարկեցին Մամիջանյանի քվեարկությունը՝ շեշտելով, որ հայանպաստ բանաձևին, Մամիջանյանից բացի, դեմ են քվեարկել հիմնականում Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները։ Որոշները նշում էին, որ Մամիջանյանի այս վարքը «աննախադեպ» է։  

«Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե արդյո՞ք Մամիջանյանի այդպիսի քվեարկությունն աննախադեպ էր և արդյո՞ք նախկինում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ընդդիմադիր և իշխանական պատգամավորները միասնական են եղել  Հայաստանի ներքաղաքական հարցերին վերաբերող բանաձևերի քվեարկության ընթացքում:  

Հակիրճ՝ բանաձևի մասին

Հայաստանյան մամուլը հիմնականում դրական գլխագրերով անդրադարձավ բանաձևին՝ այն որակելով հայանպաստ: Դրանում արձանագրվում է «ժողովրդավարական նշանակալի առաջընթաց» Հայաստանում 2018-ից ի վեր․ մասնավորապես՝ դրական է գնահատվում ընտրական, դատաիրավական, հակակոռուպցիոն բարեփոխումների ընթացքը, նշվում է, որ 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմին հաջորդած քաղաքական ճգնաժամը երկրում լուծվել է ազատ և արդար ընտրությունների միջոցով։

Հետպատերազմյան իրադարձությունները՝ մասնավորապես 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ցուցարարների հարձակումներն օրենսդիր ու գործադիր մարմինների շենքերի վրա, ԵԽԽՎ-ն որակում է որպես երկրում «սահմանադրական կարգի տապալման փորձ»։ Վեհաժողովն արձանագրում է նաև, որ Հայաստանը հաջողությամբ հաղթահարել է լուրջ քաղաքական ճգնաժամը, որն առաջացել էր Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության ելքի հետևանքով։

Բացի հայաստանյան ներքաղաքական հարցերին տրված գնահատականից, բանաձևն անդրադառնում է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին, մասնավորապես՝ Արցախյան հակամարտությանն ու վերջին պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին, պահպանել Արցախի հայկական մշակութային ու կրոնական ժառանգությունը, ինչպես նաև արձանագրում՝ ԼՂ հակամարտությունը լուծված չէ, իսկ դրա արդար և տևական լուծմանը պետք է հասնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ 

Բանաձևին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ UIC.am-ում: 

Մամիջանյանի քվեարկությունն աննախադեպ չէր

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց, թե ինչպես են քվեարկել հայկական պատվիրակությունները երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող բանաձևերին ՀՀ-ի՝ ԵԽԽՎ անդամ դառնալուց ի վեր։ Պարզեց, որ նախկինում ևս մեր պատվիրակները ոչ միշտ են միասնական եղել․ ընդդիմադիր և իշխանական պատգամավորները բազմիցս քվեարկությամբ միմյանց հակառակ դիրքորոշումներ են հայտնել: 

Մասնավորապես, 2008 թվականին ԵԽԽՎ-ի՝ Եվրոպայում դեմոկրատական ինստիտուտների աշխատանքի վերաբերյալ ընդհանուր զեկույցում, անդրադարձ կատարելով Մարտի 1-ի իրադարձություններին, ընդգծվում էր ընտրական գործընթացների բարելավման և դրանց նկատմամբ հանրության վստահության վերականգնման անհրաժեշտությունը, արձանագրվում էին ընդդիմադիրների հանդեպ բռնությունները, խոսքի ազատության սահմանափակումները և այլն: 

ՀՀ իշխանությունների համար այս խնդրահարույց բանաձևին դեմ էր քվեարկել այդ ժամանակվա իշխանական կոալիցիայի անդամ ՀՅԴ-ից Արմեն Ռուստամյանը, իսկ ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունից Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀՀԿ-ական Դավիթ Հարությունյանը ձեռնպահ էին եղել: 

2009-ին Մարտի 1-ին վերաբերող մեկ այլ՝ ՀՀ իշխանությունների համար խնդրահարույց բանաձևի քվեարկության ընթացքում ևս հայաստանյան պատվիրակությունը միասնական դիրքորոշում չի արտահայտել․ մասնավորապես, «Ժառանգությունից» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կողմ է քվեարկել բանաձևին, իսկ դաշնակցական Արմեն Ռուստամյանը, հանրապետական Դավիթ Հարությունյանը և ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը՝ դեմ: 

2009-ին և 2011-ին ընդունված «Ժողովրդավարական ինստիտուտների աշխատանքը Հայաստանում» համանման բանաձևերում Վեհաժողովը կրկին անդրադարձել էր Մարտի 1-ի իրադարձություններին․ առաջինում ԵԽԽՎ-ն ողջունում էր քրեական օրենսդրության բարելավումը, երկրորդում՝ Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման նպատակով քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ինչպես նաև այդ իրադարձությունների գործերով դատապարտվածների համաներումը: Առաջինին Արմեն Ռուստամյանը քվեարկել է ձեռնպահ, Նաիրա Զոհրաբյանը և Դավիթ Հարությունյանը՝ կողմ: Երկրորդին՝ Ռուստամյանը, Զոհրաբյանը և Հարությունյանը կողմ են քվեարկել, իսկ Փոստանջյանը՝ ձեռնպահ: 

Ինչ վերաբերում է գործող իշխանության տեսանկյունից նպաստավոր բանաձևերին, ապա, օրինակ, 2013-ին ԵԽԽՎ մոնիթորինգի կոմիտեի ներկայացրած բանաձևին, որը նույն թվականի փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունները դրական էր որակում, հայաստանյան պատվիրակության անդամ, ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լևոն Զուրաբյանը դեմ է քվեարկել՝ ի տարբերություն իշխող մեծամասնությունից Նաիրա Կարապետյանի: Բանաձևում նշվում էր, որ 2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում «լավ են կազմակերպվել, դրանց ընթացքում հարգվել են հիմնարար ազատությունները և դրանք վկայում են երկրում ընտրական գործընթացի հստակ բարելավման մասին»։ 

2014-ին Լևոն Զուրաբյանը՝ դեմ, իսկ այն ժամանակ ընդդիմադիր ՀՅԴ խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ ձեռնպահ են քվեարկել ՀՀ-ում սահմանադրական բարեփոխումների գործընթացի վերաբերյալ բանաձևին, որում նշվում էր՝ գործընթացը տեղի է ունենում քաղաքական լայն կոնսենսուսի պայմաններում ու միտված է երկրում իշխանության ճյուղերի փոխզսպման ու հակակշիռների մեխանիզմների ամրապնդմանը: 

Մեկ այլ դեպքում, որն ուղղակիորեն ԵԽԽՎ-ում քվեարկություններին չի վերաբերում, ՀՀ իշխանությունների և իշխանամետ հանրության սուր քննադատությանն արժանացավ ընդդիմադիր պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ակտիվությունը։ 2013 թվականի ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից հետո՝ պատգամավորների հետ հարցուպատասխանի ընթացքում, Փոստանջյանը հայտարարեց, թե Սարգսյանը ԵԽԽՎ-ում հայտնվել է «կազմակերպված հանցագործության հետևանքով՝ փետրվարի 18-ին հայ ժողովրդի քվեի գողության հետևանքով»: Այնուհետև ընդդիմադիր պատգամավորը, Սարգսյանին խաղամոլության մեջ մեղադրելով, հարցրեց, թե արդյո՞ք նա 70 մլն եվրո է տանուլ տվել եվրոպական խաղատներից մեկում և ով է վճարել այդ գումարը: 

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ԵԽԽՎ-ում ՀՀ ներքաղաքական իրադարձություններին վերաբերող բանաձևերի քվեարկություններում հայ ընդդիմադիր ու իշխանական պատվիրակները բազմիցս են միմյանց հակառակ դիրքորոշումներ արտահայտել, և ընդդիմադիր Հայկ Մամիջանյանի հունվարի 27-ի քվեարկությունն աննախադեպ չէ: 

Փաստերի ստուգման հարթակ