Փոխվարչապետը խոսել է եռակողմ աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումների մասին

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում, «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումներ նախատեսվո՞ւմ են:

«Այս պահին ես կոնկրետ ամսաթվի մասին բան չեմ ասի, բայց ենթադրաբար, այո՛, աշխատանքները կշարունակվեն այդ հարթակում», – պատասխանել է փոխվարչապետը:

Մհեր Գրիգորյանը նաև դրական պատասխան է տվել «Ռուսական երկաթուղիների» հետ համագործակցությանը վերաբերող հարցին:

««Ռուսական երկաթուղիների» ԲԲԸ-ի հետ, այո՛, համագործակցություն կա, որովհետև անկախ եռակողմ հարթակի աշխատանքներից՝ երկկողմ հարաբերությունների ներքո բազմաթիվ քննարկումների կարիք ունենք, որովհետև, ինչպես դուք գիտեք, անկախ ապաշրջափակման հանգամանքներից՝ «Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը մեր օպերատորն է և կոնցեսիոները: Դա նշանակում է, որ բոլոր տեսակի տեխնիկական փաստաթղթերը՝ նախագծային, հետագա շահագործման հետ կապված, իհարկե, ճիշտ է քննարկել գործընկերների հետ: Ի վերջո, իրենք են լինելու շահագործողը», – պարզաբանել է Հայաստանի փոխվարչապետը:

Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով և այդ մասին հայտարարվել է 2021 թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքներով՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը աշխատանքային խմբի համանախագահն է Հայաստանի կողմից: Դեկտեմբերի 14-ին եվրոպական կողմի միջնորդությամբ Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը տեղեկացրեց, որ հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման մասին պայմանավորվածությունը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության այսօրվա՝ փետրվարի 17-ի նիստում հույս է հայտնել, որ Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները կարձանագրվեն որևէ փաստաթղթի տեսքով, և դե յուրե գործընթացն արդեն ամբողջ թափով կծավալվի: