Հարցերի և ելույթների մեջ համարյա բացառապես քաղաքական, ընդ որում անբարոյական քաղաքական պաշտպանության փորձ է․ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը Ֆեյսբուքի էջում գրել է․

«Լսում եմ ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու գլխավոր դատախազի միջնորդության քննարկումը: Առայժմ առավոտից հարցեր են տալիս և ելույթներ են ունենում գլխավորապես ԲՀԿ-ականները: Գլխավոր դատախազի միջնորդության հիմքում քրեական հանցագործություններն են:

Քրեականների մասին՝ ոչ մի հարց, ոչ մի ելույթ: Հարցերի և ելույթների մեջ համարյա բացառապես քաղաքական, ընդ որում անբարոյական քաղաքական պաշտպանության փորձ է՝ «մի արեք այդպիսի բան, քաղաքական հետևանքները վատ են լինելու…բոլոր մյուս քաղաքական ուժերը կմոբիլիզացվեն ձեր դեմ …մի արեք այդպիսի բան, վաղը էս ուղտը ձեր դռանն էլ է չոքելու… դուք էլ եք անցնելու էս ճանապարհը…վաղը քաղաքական իրավիճակ կփոխվի, և դուք եք կանգնելու իրավական պատասխանատվության առաջ…» ևլն:

Այս ամենից ես լսում եմ՝ «բոլոր քաղաքական և կուսակցական կոչվող խմբերը նույնն են, բոլորում էլ կան քրեականներ…բոլորն էլ կարող են քրեական պատասխանատվության կանչվել, ուրեմն եկեք քաղաքականների քրեական գործերին չխառվենք, դա լիարժեք քաղաքական հետապնդում է…»: Այսքան անթաքույց, այսքան մերկ, այսքան անամոթ… Եվ ցավն այն է, որ մեր ողջ անցյալն իսկապես էլ սրանով է լցված: Երաշխիք էլ չկա, որ ապագան նույնպես…»