«Ոստիկանությունը վերազինելը Սերժ Սարգսյանի՝ մենթապետություն կառուցելու կարևոր բաղադրիչներից է, որ ինքը պաշտպանված լինի». Լեւոն Բարսեղյան

«Ոստիկանությունը վերազինելը Սերժ Սարգսյանի՝ մենթապետություն կառուցելու կարևոր բաղադրիչներից է, որ ինքը պաշտպանված լինի». Լեւոն Բարսեղյան
«Ոստիկանությունը վերազինելը Սերժ Սարգսյանի՝ մենթապետություն կառուցելու կարևոր բաղադրիչներից է, որ ինքը պաշտպանված լինի». Լեւոն Բարսեղյան

«Մեդիալաբի» զրուցակիցն է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը:

– Պարո՛ն Բարսեղյան, կառավարության «Մեկ անձից կատարվող գնումներ» բաժնից տեղեկանում ենք, որ այս տարի ոստիկանությունը 331 մլն դրամ կվճարի «Տոյոտա Երևանին» ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Այսինքն՝ ոստիկանությունը շարունակում է տեխնիկապես հագենալ, ավտոմեքենաների ձեռքբերման համար դարձյալ միլիոններ են հատկացվում: Ինչպե՞ս սա կգնահատեք:

– Ես պարբերաբար ուսումնասիրում են ոստիկանությանը հատկացվող գումարի  չափն ու իրենց ծախսերը: Երևի թե Հայաստանում պետական իշխանության ապարատի ամենաշատ աճող ոլորտն է դա՝ ֆինանսավորման, նյութատեխնիկական ապահովման ու աշխատակազմի տեսանկյունից: Իսկ թե որքա՛ն է այդ կառույցի արդյունավետությունը` շատ կասկածելի է: Օրինակ` վերցնենք համեմատաբար անմեղ մի ոլորտ՝ ճանապարհային ոստիկանությունը: Այդ կառույցը տեխնիկապես ապահովված է` տեսախցիկներ, արագաչափեր և այլն, բայց Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը մնում է նույն մակարդակի վրա: Էլ չեմ ասում հասարակական կարգի պահպանության, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման աշխատանքների մասին: Այս մասով իրավիճակը մտահոգիչ է, որևէ տեղաշարժ չկա:

Իմ բացատրությունն այն է, որ սա Սերժ Սարգսյանի՝ մենթապետություն կառուցելու կարևոր բաղադրիչներից է: Վատ իմաստով ոստիկանական պետություն է կառուցում, որ ինքը պաշտպանված լինի: Նա ցանկանում է, որ երկրում լինեն շատ ոստիկաններ, ոստիկանների հանդերձանքն ու կահավորանքը լինեն ամենաբարձր մակարդակի: Դրանով ինքը ռեժիմ է պահպանում, այնինչ այդ փողերը կարող էին ուղղվել այլ ոլորտներ:

– Օրինակ՝ ի՞նչ ուղղություններով կարելի էր արդյունավետ ծախսել այդ գումարները:

– Այդ գումարները կարելի էր ուղղել կրթությանը, գիտությանը, առողջապահությանը: Այդ ոլորտներում խայտառակ վիճակ է, բազմաթիվ թերություններ կան, որոնք մեծ մասամբ կապված են ֆինանսական ապահովվածության հետ:

– Հատկապես ապրիլյան պատերազմից հետո սրվեց հարցը, որ ոստիկանությանը զինելու փոխարեն պետությունը պետք է այդ գումարները բանակին հատկացնի, ավտոմեքենաները բանակի համար գնի: Հենց այս ֆոնին ինչպե՞ս եք գնահատում այս ծախսերը:

– Մենք անընդհատ խոսել ենք այդ մասին: Երկիրն ահռելի մեծ թվով խնդիրներ ունի: Այդ խնդիրների լուծման առաջնահերթությունները Սերժ Սարգսյանի գլխում մի ձև են գրված, հանրության գլխում՝ այլ ձև: Հանրությունն իշխանություն չունի, չի կարող վերցնել ու ասել, որ այս փողն այս ուղղությամբ պետք է ծախսվի: Պետության զավթման ու կոռուպցիայի բուրգի գագաթին Սերժ Սարգսյանն է: Հնարավոր չէ, որ նա չիմանա երկրում առկա խնդիրների մասին: Բայց մարդը որոշել է, որ ճիշտը ոստիկանությանը չաղացնելն է: Ինչո՞ւ պետք է սահմանամերձ գյուղերում երեխեքը ահուդողով ինչ-որ դպրոցներում դաս անեն, որոնք պաշտպանված չեն հակառակորդի կրակոցներից: Էլեմենտար բաներ են սրանք: Պաշտոնական թվերով՝ Հայաստանում անօթևանությունը 4,5 տոկոս է կազմում:

Քաղաքաշինության կոմիտեի թվերով՝ Հայաստանում կան 30 հազար անօթևան ընտանիքներ: Ընդ որում, դրանում ներառված չեն Գյումրիի 3000 անօթևան ընտանիքները: Այս իրավիճակում դու ոստիկանություն ես չաղացնում, նպատակդ ո՞րն է: Ոստիկանությունը մասամբ ծառայում է հասարակությանը, բայց մեծ մասամբ ծառայում է իշխանությանը: Այս խնդիրը պետք է հանրությանը ներկայացվի, բացատրվի: Ոստիկանության այդքան մեծ թվով անձնակազմն ինչո՞ւ ես աճեցրել, որպեսզի պետք եղած ժամանակ այդ մարդկանց բերես ցուցարարների դեմ՝ որպես դագանա՞կ օգտագործես:

– Պետական բյուջեից շարունակում են հարյուրավոր միլիոններ հատկացվել պաշտոնյաների շքեղ ծախսերի ու մեքենաների համար: Այսինքն ՝ շարունակո՞ւմ են բյուջեի հատկացումներն անարդյունավետ ծախսել:

– Ակնհայտորեն բյուջեի գումարները նպատակային չեն ծախսվում: Իշխանությունն ասում է՝ չէ՛, մենք արդյունավետ ենք ծախսում: Ես խնդիրներն եմ մատնանշում, որ մանկավարժը 40-60 հազար դրամ աշխատավարձով է աշխատում, նրա տված կրթությունը ի՞նչ պետք է լինի: Նման խնդիրները թողած` ոստիկանություն չաղացնելու նպատակը ո՞րն է: Սա արդյանավետ չէ պետության հեռանկարային զարգացման տեսանկյունից: Ինչ վերաբերում է պաշտպանության ոլորտին, ասում են՝ անում ենք, չենք կարող ասել` ի՛նչ ենք անում:

– Բայց ապրիլյան պատերազմից առաջ էին այդպես ասում, հետո քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ բանակին հատկացված գումարները, մեղմ ասած, նպատակին չեն ծառայել:

– Այո՛, ասացին՝ գաղտնի է, բայց կոնկրետ փորձը ցույց տվեց, որ մատակարարման գծով, թիկունքի և այլ ուղղություններով պրոբլեմներ են եղել: Եվ Սերժ Սարգսյանն իր բերանով ասել է, որ 80-ականների զենք ունենք: Ա՛յ ընկեր, բա մենք գիտեինք, թե մեր փողերով նորմալ զենք էիք առնում: Երբ մանրամասներ էինք հարցնում, ասում էիք՝ գաղտնիք է, մենք էլ սուս էինք մնում, ասում էինք՝ երևի էս մարդիկ մի բան գիտեն: Բայց պարզվեց, ոչ մի բան էլ չգիտեին: Մարդիկ գնացին կրծքով սահմանը պահեցին, ոչ թե քո առած զենքերով; Բայց այն ոլորտները, որոնք համեմատաբար բաց են, բազմաթիվ անելիքներ ունես ու հանրությանը պետք է ներկայացնես, իսկ դու ոստիկանական ապարատ ես խորոշացնում: Երևի պատարստվում ես, որ հաջորդ տարվա ապրիլի 9-ին նախագահի աթոռից անմիջապես թռնելու ես վարչապետի աթոռին: Իսկ երբ մարդիկ դուրս գան փողոց՝ ցույցեր անելու, դու կբերես քո ոստիկանությանը, նորից կշարես դեմները: Սա՛ է քո նպատակը:
Եվ ստացվում է, որ եթե իշխանությունը ժողովրդից չէ, ամեն անակնկալ պետք է սպասել այդ իշխանությունից:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am