Արտակարգ իրավիճակ՝ «Դալմա մոլ» առևտրի կենտրոնում․ Մարդիկ տարհանվել են

«Դալմա մոլ» առևտրի կենտրոնում արտակարգ իրավիճակ է ստեղծվել, տարհանվել են աշխատակիցներն ու հաճախորդները։

Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության՝ այսօր՝ ժամը 18։40-ի հատվածում առևտրի կենտրոնի տարածքում ցնցումներ են գրանցվել։

«Ցնցումները տևել են մոտ կես ժամ։ Շենքի այդ հատվածը դողողում էր։ Երկորրդ հարկի մի շարք խանութների գծով այդ դողդողալը զգացվում էր։ Երկար ժամանակ չէին դադարում ցնցումները, և հարց առաջացավ, թե ի՞նչն է դրա պատճառը։ Այդ իսկ պատճառով, անվտանգությունից ելնելով, աշխատակիցներին ու ժողովրդին տարհանեցինք։ Մեր սեյսմիկ ծառայության աշխատողները ներկայում տեղադրում են չափող սարքեր, որ ճշտեն, ինչ է եղել։ Ցնցումներ այլևս չկան, ոնց հայտնվեցին, այդպես էլ կտրվեցին»,- լրագրողներին ասաց ԱԻՆ Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետի հետևանքների վերացման վարչության պետ Տիգրան Գիդաչյանը։ Նա հավելեց, որ հավանաբար ցնցումները եղել են շրջակայքում որևէ ծանր շինարարական տեխնիկայի աշխատանքի հետևանք։

«Քանի որ ցնցումները կտրուկ դադարել են, դա նշանակում է, որ ամենայն հավանականությամբ արտաքին ազդեցությունն է պատճառը»,- նշեց մասնագետը։