Սա կոռուպցիոն ռիսկերով ողողված ոլորտ է. 30-մետրանոց ծառը կտրում են, 5-մետրանոց են դնում. Վարդանյանը՝ Թումանյանի ծառահատումների մասին

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը 

– Տիկի՛ն Վարդանյան, Թումանյան փողոցում ծառահատում է ընթանում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանն ասում է, թե դրանք չորացած ծառեր են, դուք հակառակն եք պնդում: Ի՞նչ է կատարվում իրականում ձեր գնահատմամբ:

– Ես ուղղակի դժվարանում եմ արդեն ինչ-որ բան ասել այս ողբերգական վիճակի վերաբերյալ. ամբողջ Թումանյանը բացել են, մարդիկ որտե՞ղ են կանգնելու կիզիչ արևին, կամ կարելի՞ է թեղին հանել ու փոխարենը հուդայածառ դնել, 30-մետրանոց ծառը կտրել, փոխարենը դնել 5-մետրանոց ծառ: Ես չգիտեմ, թե ինչով է վերջանալու այս ամենը, համարում եմ, որ սա ուղղակի պատվեր է, հատուկ անում են ժողովրդին գժվեցնելու համար, սա նաև ամբողջապես կոռուպցիոն ռիսկերով ողողված մի ոլորտ է: 

2021 թվականին Կանաչապատման ՀՈԱԿ-ում մենք անցկացրել ենք ուսումնասիրություն ու ավարտել ենք Կենտրոն վարչական շրջանը, նույն գլխավոր դենդրոլոգն էր աշխատում ՀՈԱԿ-ի ստեղծման օրվանից, մենք չենք ունեցել ոչ մի ծառ, որը գնահատվել է որպես անբավարար: Ի՞նչ տեղի ունեցավ, երբ եկավ Բեգոյանը, ու այդ ծառերը դարձան անբավարար ու հատման ենթակա: Վնասված ծառերը բուժեցինք այնքան, մինչև արդյունքի գայինք, եկանք արդյունքի, սկսեցին ծառերը հատել, ես այս ամեն ինչի բացատրությունը չունեմ: 

Միջազգային ամենահեղինակավոր կառույցներից ու փորձագետներից եզրակացություն բերեցինք, դա հո իմ ասածը չէր, այսինքն՝ դուք թքած ունեք Քեմբրիջի մասնագետների վրա, Լանդշաֆտի ֆեդերացիայի ասոցիացիայի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտխորհուրդ Ֆրանսիայի, բոլորի վրա թքած ունեք, որտեղից մենք եզրակացություններ բերեցինք, այսինքն՝ մենք թքած ունենք, ինչ կուզենք կանենք, գնացեք, ինչ ուզում եք արեք, մենք մեր Բեգոյանը, սա՞ է ձեր վերաբերմունքը: 

Ո՞նց կարել է երեք տարի շարունակ չլսել ոչ մեկին ու պնդաճակատի նման անել միայն այս սարսափելի միջամտությունը, այն պարագայում, որ Երևանում հինգ անգամ պակաս կանաչ ֆոնդ ունենք, շինարարությունը մեկ տարվա ընթացքում երեք անգամ ավելացել է, ձեր ոչ մի շինհրապարակ կահավորված չէ, փոշին դարձել է Երևանի տերը, ինչքա՞ն կարելի է այս ամենը հանդուրժել: 

– Ինչո՞ւ չկան բնապահպանների, քաղաքացիների բողոքները:

– Չեմ կարող ասել, կարծում եմ, որ մեր ժողովուրդն ընդհանուր առմամբ շատ հոգնած է, շատ խաբված է, ոչ մեկին չի հավատում, իր ճակատագրի նկատմամբ էլ հեռանկարներ չի տեսնում: 2020 թվականի պատերազմից սկսած մեր ժողովուրդը ստանում է միայն բացասական լուրեր, անհուսալիության մի իրավիճակ, որտեղ ոչինչ անել չի կարող: Ես որպես մասնագետ այսքան միջազգային կազմակերպությունների, փորձագետների եզրակացություն բերեցի, ի՞նչ եղավ: Ամեն բան դարձել է անհասկանալի մի բան, ամեն ինչի նշաձողն իջեցրել են այնպիսի մակարդակի, որ դրանից ներքևը չգիտես էլ ո՛րն է:

– Տիկի՛ն Վարդանյան, կոռուպցիոն ռիսկերի մասին եք ասում, ի՞նչ նկատի ունեք:

– Թեղի ծառատեսակը եզակի է նաև իր հայտնի որակային հատկանիշներով պայմանավորված, բավականին բարձր գնային սանդղակում է այդ ծառատեսակը: Թող գնան ստուգեն, բազմիցս եմ ասել, որ ծառերի այդ մասով կան նաև կոռուպցիոն ռիսկեր, ես այդքան ծառ եմ նկարել, այդտեղ դատարկ բնով ծառ տեսե՞լ եք, 3 հատ նման ծառ են գտնում ու մարդկանց ցույց տալիս և ամբողջ օրն ապատեղեկություն տարածում, թե բոլոր ծառերը փչացած են: Ամենամեծ աղետը Երևանի համար դուք եք: 

Հայկ Մարությանի ժամանակ այդ նույն Բեգոյանը ընդամենը մեկ ամիս աշխատեց, չարաշահումների համար քրեական գործ բացվեց, հետո ո՞նց ստացվեց, որ Մարությանի դուրս գալուց հետո նրան ԱՄՆ-ից հետ բերեցիք ու նստացրեցիք որպես արտակարգ աշխատակից, որովհետև ձեր հետաքրքրություններն է սպասարկում, չէ՞, իսկ Հայկ Մարությանը չհանդուրժեց, հանեց աշխատանքից: Ի դեպ, այդ քրեական գործը մինչև օրս փակված չէ: 

70 խոշոր թեղի ծառ կտրելով՝ խնդիրն ավելի են խորացնում, այս ծառերի փոխարեն նրանք պետք է 70 հազար հատ տնկեն, որ ինչ-որ էֆեկտիվություն ունենա: Զանգվածային անգրագիտություն է, այդ Ագրարային համալսարանի ամբիոնը պետք է գնա վերապատրաստվի, որովհետև այն մոտեցումները, որ իրենք են դրսևորում, ուղղակի ծիծաղելի է: Սա բոլորիս առողջությանն է սպառնալիք, խնդիրը շատ լուրջ է, անցած տարի ամռանը մենք դեռ խնդիրներ ունեինք, իսկ ի՞նչ է լինելու այս տարի: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am