Նյու Յորքի Թայմս Սքվերում երկու մարդու դանակահարած կնոջ հարձակման զոհերից մեկը Bank of America-ի փոխնախագահն է

Նյու Յորքի Թայմս Սքվերում դանակահարության հետևանքով մահացել է Bank of America-ի 32-ամյա փոխնախագահ Էրին Պիաչենտին։ Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 31-ին՝ կեսօրից հետո, 42-րդ փողոցի և 7-րդ պողոտայի խաչմերուկի մոտ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Նյու Յորքի ոստիկանությանը։

Ոստիկանության տվյալներով՝ 49-ամյա Պամելա Սիսներոսը, որը երկու մեծ դանակ է ունեցել, հարձակվել է Պիաչենտիի և ևս մեկ՝ 68-ամյա տղամարդու վրա։ Պիաչենտին տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։ Երկրորդ տուժածը գտնվում է կայուն վիճակում։

Դեպքի վայր ժամանած ոստիկանները Սիսներոսին տեսել են դանակներով զինված։ Ըստ իրավապահների՝ նա շարժվել է ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո վերջիններս կրակ են բացել։ Կինը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է։ Ոստիկանության ղեկավար Ջեսիկա Թիշի խոսքով՝ նախնական տվյալներով՝ հարձակումը եղել է չհրահրված, իսկ Սիսներոսը նախկինում ունեցել է հոգեկան առողջության հետ կապված խնդիրների պատմություն։

Bank of America-ն հաստատել է իր աշխատակցի մահը։ Բանկի հայտարարության մեջ Պիաչենտիին անվանել են «արժեքավոր թիմակից»՝ ցավակցություն հայտնելով նրա ընտանիքին և հարազատներին։ Պիաչենտին շուրջ մեկուկես տարի աշխատել է Bank of America-ի Business Selection and Conflicts բաժնում։

Դանակահարությունը տեղի է ունեցել ցերեկային ժամին՝ Նյու Յորքի ամենամարդաշատ զբոսաշրջային հատվածներից մեկում, և դեպքից հետո Թայմս Սքվերի մի հատվածում երթևեկությունն ու մարդկանց տեղաշարժը ժամանակավորապես սահմանափակվել են: