«Խաղաղության խաչմերուկ» նախագծի իմաստը Հայաստանով անցնող բոլոր հնարավոր ճանապարհները բացելու պատրաստակամության մասին է։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում արտաքին ու ներքին անվտանգային միջավայրի վերաբերյալ քննարկմանը։
«Սյունիքով, Տավուշով, Գեղարքունիքով, Վայոց ձորով, մենք բոլոր հնարավոր տեղերով մեր ճանապարհները պատրաստ ենք տրամադրել։ Ի՞նչ սկզբունքներով՝ ճանապարհները պետք է գործեն առանց շրջանցելու կամ առանց վնասելու, ստորադասելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, այսինքն՝ ինչպես աշխարհի բոլոր երկրներում։
Երբ մենք խոսում էինք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, Ադրբեջանի արձագանքն այն էր, որ շատ լավ, եթե Հայաստանը չի ուզում, մենք Իրանի տարածքով կիրականացնենք այդ նախագծերը։ Նախ՝ ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել պաշտոնապես, որ Հայաստանն ուզում է և պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել այդ նույն անցումները, ինչ Իրանը։ Ավելին՝մենք չենք բացառում նաև ընթացակարգերի որոշակի պարզեցումներ և դա ընկալում ենք երկկողմանիության տրամաբանության մեջ»,-ասաց Փաշինյանը։