Եթե սահմանազատման հիմքում դրվեն 1925-1926 թթ. քարտեզները, դրանք մեզ համար ընդունելի են, այդ ժամանակ անկլավներ չեն եղել. քարտեզագետ

Լուսանկարը՝ Հանրային հեռուստաընկերություն

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քարտեզագետ, ԳԱԱ պատվավոր դոկտոր Ռուբեն Գալիչյանը

– Պարո՛ն Գալիչյան, ըստ մամուլի տեղեկությունների՝ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու, որոնցից մեկով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է ճանաչեն միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների ԽՍՀՄ պաշտպանական գերատեսչության գլխավոր շտաբի քարտեզները: Այդ մասին նաև խոսել է Պուտինը: 1920-ականների քարտեզներն ի՞նչ են ենթադրում, մենք այստեղ ի՞նչ ենք ունենալու արդյունքում:

– Ես գիտեմ, որ 1920 թվականից մինչև 1925-1926 թվականները Խորհրդային Միության քարտեզների մեջ բոլոր այն տարածքները, որոնք հետո տրվեցին Ադրբեջանին, Հայաստանինն էին, և անկլավներ գոյություն չունեին: 

Արծվաշենը ամբողջովին իր շրջակա տարածքներով Հայաստանի տարածքում էր: Հետո դրանք աստիճանաբար հանձնվեցին Ադրբեջանին: Եթե 1920-ական թվականների սկզբի քարտեզները վերցնեն, ոչ թե 1929 թվականի քարտեզները, երբ հողերը վերջնականապես հանձնվել էին Ադրբեջանին, դրանք մեր տեսանկյունից ընդունելի են, որտեղ ոչ մի անկլավ գոյություն չունի, Ադրբեջանը ոչ մի անկլավ չունի Հայաստանում: Բայց պետք է այդ քարտեզները ֆիզիկապես տեսանելի լինեն, տեսնենք: 

– Այսինքն՝ հնարավո՞ր է բոլորովին այլ քարտեզ մեզ հրամցնեն:

– Այո՛, կարող է 1929 թվականի քարտեզ հրամցնեն, երբ բոլոր տարածքներն արդեն տրված էին Ադրբեջանին, հետո 1930 թվականի քարտեզ կարող են ներկայացնել, երբ անկլավները ևս տրվել էին Ադրբեջանին: Ի վերջո, ո՞րն է սովետական քարտեզը:

– 1920-ից հետո մենք էլ ի՞նչ քարտեզներ ենք ունեցել, և դրանցից ո՞րն է ավելի ճիշտ դիտարկել:

– Սահմանների առումով 1920-ականների սկզբին մինչև 1929 թվականը այն տարածքները, որոնք Կարմիր Քրդստանի պատրվակով Ադրբեջանը Հայաստանից վերցրեց, հետո Կարմիր Քրդստանը չեղարկվեց, իսկ էդ տարածքները հետ չտրվեցին Հայաստանին՝ դրանք բոլորը Հայաստանի տարածքում էին: 

Ես կարող եմ ցանկացողներին ցուցադրել 1926 թվականի Խորհրդային Միության մեծ հանրագիտարանում առկա Հայաստանի քարտեզը, որտեղ չկան անկլավներ, իսկ Արցախը կպած է Հայաստանին, միայն Աղավնո գետն է նրանց միջով անցնում: Ադրբեջանը կընդունի՞ այդ սահմանները, չեմ կարծում, թե կընդունի: Եթե այդ քարտեզները լինեն հիմքում, ապա մեզ համար ընդունելի են: 

Այսօր Գորիս-Կապան ճանապարհը, որի 21 կիլոմետրն անցնում է Ադրբեջանի տարածքով, այդ տարածքը մինչև 1940 թվականը Հայաստանինն էր: Գորիսից մի քիչ հարավ գտնվող Էյվազլի գյուղն էլ Հայաստանինն էր: Հիմա այդ ճանապարհի տվյալ հատվածը Ադրբեջանինն է, և նրանք հենց այդ ճանապարհին էին կանգնեցնում իրանական բեռնատարները: 

– Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ Ադրբեջանը համաձայնի ձեր նշած քարտեզներով իրականացնել սահմանազատումը: 

– Այո՛, դժվար թե Ադրբեջանը համաձայնի, և դժվար թե Ռուսաստանն էլ համաձայնի ու Ադրբեջանի ուզածը չանի: 

– Վերջին անգամ քարտեզագրումը ո՞ր թվականին է տեղի ունեցել:

– Պաշտոնական քարտեզագծում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն չի ունեցել: Խորհրդային Միության կենտրոնական կառավարության կարգադրությամբ սահմանագծում է եղել: 

Ալ լճերը հանձնել էին Ադրբեջանին, մինչդեռ տեղի ժողովուրդը չգիտեր, որ նման բան է տեղի ունեցել: Երբ իմացան, բողոքեցին, բայց Թիֆլիսից, Կովկասյան դաշնությունից նամակ եկավ, որ սահմանն արդեն գծել ենք: 

Մարդիկ ասում էին՝ մեր գյուղի տարածքը, մեր արոտավայրերը, դաշտերը տվել եք Ադրբեջանին, մենք ինչո՞վ պետք է ապրենք, խնդրում ենք վերանայել, բայց պատասխանել էին, որ սահմանն արդեն գծված է և վերջ: Այդ եղանակով Ադրբեջանին տարածքներ են տրվել: Իհարկե Ադրբեջանը կընդունի 1980-ականների քարտեզներով գծված սահմանը: 

Մի բան էլ կա, երբ 1920 թվականին Հայաստանի անկախ Հանրապետությունը իր հսկողության տակ եղած տարածքները տվեց Խորհրդային Ռուսաստանին, որը հետո էլ դարձավ Խորհրդային Հայաստան, մենք ունեինք շուրջ 43 հազար քառակուսի կիլոմետր տարածք: 

Նախիջևանը մերն էր, Քաշաթաղի ու Քարվաճառի մեծ մասը մեր հսկողության տակ էր: Իսկ հետո՝ 1921 թվականին, այդ բոլորը փոխանցվեցին Ադրբեջանին: Նույնիսկ նրանց փոխանցվելուց հետո այն տարածքները, որոնք հետո Ադրբեջանը գրավել էր, դրանք 1926 թվականի քարտեզում Հայաստանի տարածքում էին: 

– Իսկ Տիգրանաշենը, որ պաշտոնապես չի մտնում Արարատի մարզի վարչական տարածքի մեջ, այդ մասով կարո՞ղ են խնդիրներ ստեղծել:

– 1930-ական թվականներին է դա տրվել Ադրբեջանին: Եթե 1920-ականների քարտեզները հիմք ընդունեն, Տիգրանաշենը հայկական տարածք է, Ադրբեջանի հետ կապ չունի: 

Ինչ վերաբերում է Արծվաշենին, դա բոլորովին կարևոր չէ մեզ համար: Դա մի խուլ անկյուն է Ադրբեջանում, իսկ ադրբեջանական անկլավները մեր մայրուղիներում են գտնվում, այսինքն՝ հսկում են մեր ճանապարհները: Եթե Տիգրանաշենը տանք Ադրբեջանին, մեր ճանապարհը դեպի Իրան, դեպի Սյունիք կփակվի, քանի որ բեռնատարները, մեծ մեքենաները չեն կարող գյուղական ճանապարհներով անցնել:

– Այսինքն՝ որևէ կերպ չպետք է թողնել Տիգրանաշենը:

– Իհարկե չպետք է թողնել, վարչապետը երկու ամիս առաջ անձամբ հայտարարեց, որ մենք պետք է Արծվաշենը տանք Ադրբեջանին և դրա փոխարեն երեք անկլավները վերցնենք՝ Տիգրանաշենը, Բարխուդարլուն և Ասքիփարան: Ասքիփարան Ոսկեպարի ադրբեջանական անունն է, Կողբի մոտ: Իմիջիայլոց, այդ երեքը և Արծվաշենը տարածքով համարյա հավասար են: Մենք պետք է փոխանակենք, Արծվաշենը տանք, իսկ այդ երեքը մնան մեզ: 

– Այս քարտեզներով սահմանազատման դեպքում ի՞նչ վտանգներ կան, որոնց Հայաստանը կարող է բախվել:

– Պետք է այդ քարտեզները տեսնել, ես չեմ կարող հիմա հստակ բան ասել: Կարող է 1920-ականներին իրենք ինչ-որ մի այլ քարտեզ են գծել ժամանակին: Մինչև քարտեզը չցուցադրվի, ոչինչ չենք կարող ասել: Եթե 1925-1926 թվականի քարտեզներն են, մեծ հավանականությամբ, դա մեզ համար ընդունելի է: Բայց, կրկնեմ, որ դժվար թե դա ընդունի Ադրբեջանը, և դժվար թե Ռուսաստանը դեմ քայլ անի Ադրբեջանին:

Մանե Հարությունյան

MediaLab.am