Ոտնձգությունները շարունակվում են. «Նախախորհրդարանը» Գեւորգ Սաֆարյանի հետ կատարվածը որակում է որպես «մահափորձ»

Ոտնձգությունները շարունակվում են. «Նախախորհրդարանը» Գեւորգ Սաֆարյանի հետ կատարվածը որակում է որպես «մահափորձ»
Ոտնձգությունները շարունակվում են. «Նախախորհրդարանը» Գեւորգ Սաֆարյանի հետ կատարվածը որակում է որպես «մահափորձ»

Երեկ գիշերվանից սկսված ոտնձգություններին` «Նախախորհրդարանի» անդամների առնվազն 5 մեքենաների հրկիզումներին,  գումարվել է եւս մեկը. hարձակման է ենթարկվել «Նախախորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը: Ըստ «Նախախորհրդարանի» հաղորդագրության, կոշտ առարկայով գլխին հասցված վնասվածքով, Սաֆարյանը տեղափոխվել է հիվանդանոց:

«Գևորգ Սաֆարյանի հետ կատարվածը կարող ենք որակել որպես մահափորձ»,-նշված է «Նախախորհրդարանի» տարածած հաղորդագրության մեջ:

Սաֆարյանը հարձակման է ենթարկվել այսօր` ժամը 18:00-ի սահմաններում, Երեւանի խանջյան փողոցի վրա: Անհայտ անձինք, ըստ «Նախախորհրդարանի», հարձակվել են Գեւրոգ Սաֆարյանի վրա եւ կոշտ առարկայով հարվածել նրա գլխին, որի հետեւանքով Սաֆարյանը կորցրել է գիտակցությունը: Գլխի շրջանում ունեցած վնասվածքով Սաֆարյանին տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն»:

Գեւորգ Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ հեւտեւից հարվածողներին չի տեսել, քանի որ կորցրել է գիտակցությունը:

«Նախախորհրդարանը» հայտարարել է, որ Սաֆարյանի հետ տեղի ունեցած միջադեպը ևս մեկ անգամ ապացուցում է, որ նախորդ գիշերներին տեղի ունեցածը, մասնավորապես՝ Հիմնադիր Խորհրդարանի պատգամավորության թեկնածուների ավտոմեքենաների հրկիզումը, ծրագրավորված հարձակում է, որն ունի քաղաքական շարժառիթ և ուղղված է «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման դեմ:

««100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ մարտահրավերն ընդունված է, և հայտնում է իր հաստատակամությունը, որ ապրիլի 24-ին ժողովրդի կամքի պարտադրմամբ հեռացնելու է ռեժիմին»,-նշված է «Նախախորհրդարանի» հաղորդագրության մեջ:

ՀՀ ոստիկանությունը դեպքի կապակցությամբ դեռեւս որեւէ հայտարարություն հանդես չի ելել:

Լուսանկարը` «Նախախորհրդարանի»

© Medialab.am