Պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա ադրբեջանական գերության մեջ. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական գերության մեջ գտնվող պաշտոնապես հաստատված առնվազն չորս հայ կին կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին դեկտեմբերի 23-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Գերության մեջ գտնվող առնվազն չորս կին կա Ադրբեջանի կողմից հաստատված: Կարծեմ` չորսից ավելին արդեն վերադարձվել են»,- ասաց Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը հավելեց, որ պաշտոնապես հաստատված գերիների մեծ մասն արդեն իսկ վերադարձվել են, իսկ քաղաքացիական անձինք ամբողջությամբ են վերադարձվել:

«Կան մի քանի ռազմագերիներ, որոնք պաշտոնական ցանկում են եղել, բայց դեռ չեն վերադարձվել: Կան անհետ կորածներ, որոնք կամ սպանվել են, կամ գերության մեջ են կամ թաքստոցում են: Առկա են տվյալներ ու ապացույցներ, որ գերության մեջ սպանվել են գերիներ, այդ թվում` քաղաքացիական անձինք»,- նշեց Արցախի ՄԻՊ-ը: