Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և Մանե Թանդիլյանը քննարկել են պատերազմի հետևանքով ստեղծված ծանր սոցիալական իրավիճակը և դրանից բխող խնդիրները

Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հյուրընկալել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նորանշանակ նախարար Մանե Թանդիլյանին:

Հանդիպման առանցքում սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով պատուհասած ծանր սոցիալական իրավիճակն էր և դրանից բխվող բազմաթիվ ու բազմաբնույթ խնդիրները:

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ներկա պայմանները բարելավելու տարբերակների շուրջ` երկուստեք կարևորելով աշխատանքների ճիշտ համակարգման և առկա սուղ ռեսուրսների մոբիլիզացնելու ու գրագետ օգտագործելու անհրաժեշտությունը:

Դավիթ Սարգսյանը քաղաքային իշխանությունների կողմից պատրաստակամություն հայտնեց հետայսու ևս նեցուկ կանգնել բնակչությանը` նրան հուզող խնդիրների փաթեթը օր առաջ կարգավորելու գործում:

Գործընկերները պայմանավորվեցին իրենց ղեկավարած կառույցների միջև համագործակցությունն էլ ավելի ամրապնդել` հօգուտ ազգաբնակչության շահերի պահպանման:

Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանից։