«Նպատակ ունենք սիգի ընդհանուր պաշարը հասցնել 10-12 հազար տոննայի». չնայած արգելքին՝ երևանյան բակերում սիգ է վաճառվում

Թեպետ սիգ ձկնատեսակի որսի նկատմամբ ուժեղացված հսկողությունը Հայաստանում ու Սևանա լճի տարածքում մեկնարկել է դեռևս դեկտեմբերի 1-ից, այդուհանդերձ Երևանի որոշ տարածքներում, մասնավորապես բնակելի շենքերի բակերում հնարավոր է տեսնել ձկնավաճառների:

Պոլիէթիլենով պատված արկղերում մարդիկ վաճառում են սիգը և հարցերին՝ որտեղի՞ց, ինչպե՞ս են կարողացել ձեռք բերել, եթե որսն արգելված է, չեն պատասխանում: «Լավ ենք անում»,- «Մեդիալաբի» լրագրողի հարցին կոշտ արձագանքել է ձկնավաճառներից մեկը:

ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Բարդուխ Գաբրիելյանն հստակեցնում է՝ սիգի աշնանային որսը պետք է լիներ մինչ նոյեմբերի 20-ը, որից հետո աստիճանաբար կգործեր սիգի որսի արգելքը:

«Այն, ինչ տեսնում եք դրսերում, անօրեն որս է: Դեկտեմբերի 20-ից միահամուռ ուժերով ուժեղ վերահսկողություն է իրականացվելու: Օրերս շրջակա միջավայրի նախարարի հետ քննարկում էր, որին ներկա էին հարցին առնչվող տարբեր մարմինների ներկայացուցիչներ: Հենց այդ քննարկման ժամանակ էլ որոշվեց, որ միահամուռ ուժերով դեկտեմբերի 20-ից ուժեղացված հսկողություն է իրականացվելու»,-«Մեդիալաբին» ներկայացնում է Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ հանձնարարականը տրվել է, իսկ թե ինչպե՛ս կիրականացվի այն, հայտնի չէ: Շատ հաճախ, ըստ նրա, այս հարցում վերահսկողությունները ձևական բնույթ են կրել, ինչի հետևանքով արդյունքը չի երևացել: Բայց վերջին տարիներին, գիտնականի խոսքով, սիգի պաշարները շատացել են, ինչը հենց պատշաճ պահպանության շնորհիվ է:

«Եթե պահպանությունն իրականացվում է պատշաճ ձևով, արդյունք տալիս է: Ինչքան ձվադրման սեզոնին պահպանությունը լավ իրականացվի, այնքան ձկան պաշարի ավելացման առումով արդյունք կտեսնենք: Վերջին երկու տարիներին պահպանությունը քիչ թե շատ ավելի լավ է իրականացվում, արդյունքում, փաստորեն, այս տարի անցյալ տարվա համեմատ ունենք պաշարի ավելացում»,- նշում է Գաբրիելյանը:

Այսպես, եթե նախորդ տարիներին սիգի ընդհանուր պաշարը 3000 տոննայի չափ է եղել, ապա 2021 թվականի վերջից այդ թիվը հասել է 5000-ի: Միաժամանակ նա նշում է, որ սիգի արդյունագործական պաշարը բավարար չափով չի ավելացել, քանի որ ինտենսիվ է հիմնականում այս խմբի ձկնատեսակի որսը: «Եթե մենք թույլ տանք, որ ձկների հասունացող սերունդը կամ, ինչպես մասնագետներն են ասում՝ լրացնող սերունդը հասունանա, թույլ չտանք այդ մանրաձկան որսը, ապա մեր մայրական կազմն էլ կավելանա: Ավելի կարևոր է, որ մայրական կազմը ձվադրման ժամանակ, այսինքն՝ հիմա, այս սեզոնին պահպանենք: Ինչքան լավ պահպանություն ունենանք, ինչքան շատ ձուկ ձվադրի, այնքան մենք մյուս տարի ավելի շատ պաշար կստանանք»,- նշում է Բարդուխ Գաբրիելյանը:

Գիտնականն ասում է՝ որսի գրված ու չգրված կանոնն է՝ գոնե մեկ սերունդ չտված կենդանու որսը արգելվում է, այսինքն՝ մատղաշ սերնդին որսալ չի կարելի:

«Բայց, ցավոք, հենց այդ մանր ձուկն էլ որսում են, եթե չլիներ այդպես, ապա մեր սիգի պոպուլյացիան կավելանար 3-5 անգամ: Մեր նպատակն է, որ սիգի ընդհանուր պաշարը հասցնենք 10-12 հազար տոննայի, բայց դա կախված է հենց պահպանության արդյունքներից»,- ասում է կենտրոնի ղեկավարը:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահն ասում է՝ սիգի և, ընդհանրապես, ձկան առկայությունը լճում էկոլոգիական մեծ նշանակություն ունի:

«Եթե մենք ունենանք ձկան պատշաճ պաշար ու այդ պաշարները արդյունավետ օգտագործենք, այսինքն՝ այնքան հանենք, որ այդ պաշարը չպակասի, ապա դա կարող է դրական անդրադառնալ լճի էկոհամակարգի վրա: Ինչպե՞ս է դա ստացվում. այդ ձուկը սնվում է մանր, անողնաշարավոր կենդանիներով, որոնք սատկելով իջնում են ջրի հատակը ու օրգանական նյութ են ստեղծում, ինչը հետագայում բարենպաստ պայման է ստեղծում լճի ծաղկման համար: Եթե մենք չչարաշահենք որսը, ապա Սևանա լճի էկոհամակարգին մեծ օգուտ կտանք»,- գիտականորեն ներկայացնում է Գաբրիելյանը:

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am