Տրանսֆերտները կնվազեն, դրամը կարժեզրկվի. Տնտեսագետներ

Տրանսֆերտները կնվազեն, դրամը կարժեզրկվի. Տնտեսագետներ
Տրանսֆերտները կնվազեն, դրամը կարժեզրկվի. Տնտեսագետներ

Ուկրաինայի տնտեսությունում ստեղծված ճգնաժամն ու ռուսական ռուբլու արժեզրկումը բացասական զարգացումներ կառաջացնեն Հայաստանում: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը: «Ռուբլու արժեզրկման պարագայում Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հետ կապված կունենանք ոչ ցանկալի իրավիճակ, Հայաստանում էլ կնկատվի հայրենական արժույթի արժեզրկում»,- ասաց Բոստանջյանը: Հիշեցնենք, որ դրամի արժեզրկում փետրվարին Հայաստանում արդեն արձանագրվել է: Ազգային վիճակագրական ծառայության […]

Ուկրաինայի տնտեսությունում ստեղծված ճգնաժամն ու ռուսական ռուբլու արժեզրկումը բացասական զարգացումներ կառաջացնեն Հայաստանում: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Ռուբլու արժեզրկման պարագայում Ռուսաստանից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտների հետ կապված կունենանք ոչ ցանկալի իրավիճակ, Հայաստանում էլ կնկատվի հայրենական արժույթի արժեզրկում»,- ասաց Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ դրամի արժեզրկում փետրվարին Հայաստանում արդեն արձանագրվել է: Ազգային վիճակագրական ծառայության տվյալով՝ փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.0% հավելաճ է գրանցվել՝ դրամն արժեզրկվել է:

Թեև Հայաստանի ու Ուկրաինայի միջև տնտեսական համագործակցությունը մեծ ծավալների չի հասնում, սակայն, տնտեսագետի խոսքով,  այս փուլում Հայաստանի ու Ուկրաինայի տնտեսական կապերը կաթվածահար վիճակում են:

Ուկրաինայի շուրջ ստեղծված զարգացումներով պայմանավորված՝ վերջին օրերին նաև ռուսական խոշոր ընկերությունների բաժնետոմսերի անկում է արձանագրվել: Վարդան Բոստանջյանն ասում է, որ սա բացասաբար կանդրադառնա Հայաստանում ռուսական ընկերությունների կողմից կատարվող ներդրումային ծրագրերի վրա:

«Ֆինանսական շուկայի այդ վայրիվերումները՝ արժեթղթերի ու ներդրումների կտրվածքով, այնքանով, որքանով կարժեզրկվեն տվյալ երկրում, նույն չափով էլ Հայաստանում տեղի կունենա նույն պրոցեսը: Դա ըստ էության շատ բացասական երևույթ է Հայաստանի տնտեսության համար»,- ասաց նա:

Այդուհանդերձ, Վարդան Բոստանջյանի խոսքով, այդ իրավիճակը Հայաստանի տնտեսության համար չի կարելի ցնցում համարել, բայց ամեն դեպքում ցանկալի զարգացումներ չեն լինի:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը նույնպես բացասական կանխատեսումներ ունի: «Մեր տնտեսությունը հիմնվում է տրանսֆերտների վրա, այդ գումարի 80 տոկոսը գալիս է Ռուսաստանից, հետևաբար Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձությունները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի տնտեսության վրա»,- Lragir.am-ին ասաց Վահագն Խաչատրյանը:

«Ինչ վերաբերում է Ուկրաինային, ապա Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների լրջագույն ազդեցությունը համաշխարհային տնտեսության վրա արդեն նախորդ օրը երևաց, երբ ռուսական բորսաներում 12 տոկոսով արժեզրկվեցին ռուսական կազմակերպությունների արժեթղթերը»,- ասաց նա:

Ուկրաինական իրադարձությունները Հայաստանի վրա էական ազդեցություն կունենան, քանի որ Ուկրաինան արտաքին առևտրում Հայաստանի չորրորդ-հինգերորդ գործընկերն է: «Դեռ տեղեկություն չկա՝ հիմա այնտեղից ներկրումները խաթարվել են, թե ոչ, բայց նման մտավախություն կա»,- ասաց Վահագն Խաչատրյանը:

Ռուսական խոշոր ընկերությունների բաժնետոմսերի անկման պատճառով, տնտեսագետի կարծիքով, ռուսական ընկերությունների կողմից 2014 թվականի համար Հայաստանում պլանավորված ներդրումային  ծրագրերը կհետաձգվեն:

«Ներդրումային գրավչությունն այս պայմաններում էական նվազել է: Ցանկացած տնտեսության զարգացման համար նախևառաջ հարկավոր է խաղաղություն: Իսկ տվյալ դեպքում նախ Ուկրաինայում չկա խաղաղություն, և Ուկրաինայի խաղաղությունը Ռուսաստանի տնտեսութան վրա է ազդում, իսկ Ռուսաստանը, եթե ինչ-որ ծրագրեր ունի Հայաստանում, իր ընկերությունների բաժնետոմսերի արժեզրկման ու նաև Ուկրաինայի տնտեսության խնդիրների պատճառով, այլևս այստեղ այդ ներդրումների մասին չի էլ մտածի»,- ընդգծեց տնտեսագետը: Կարդալ ավելին