Ինչո՞ւ որոշեցիք հենց այս պահին վերադառնալ Հայաստան, սովորաբար Դուք ամռանն եք գալիս ու ամեն անգամ նոր ներկայացմամբ: Կա՞ արդյոք նոր ներկայացում, որը համահունչ է նախագահական ընտրություններին հաջորդող այս իրավիճակին:
Արդեն սկսել էի այս տարվա նոր ներկայացման նախապատրաստական աշխատանքները. միջազգային մեծ ներկայացում էի ծրագրավորել, ֆրանսիական և հայկական ուժերով, բայց հիմա դադարեցնում եմ գործի ընթացքն ու գալիս Երևան: Այս անգամ ներկայացմամբ չեմ գալիս. գալիս եմ մասնակցելու Ազատության հրապարակում` փետրվարի 28-ի հանրահավաքին:
Պատրաստվո՞ւմ եք ելույթ ունենալ Ազատության հրապարակում: Երբևէ այնտեղ ելույթ ունեցե՞լ եք:
Երբեք ելույթ չեմ ունեցել Ազատության հրապարակում. ո՛չ հարթակից, ո՛չ էլ ներքևում: Չեմ թաքցնում` երբեմն ուզել եմ, երբ զգացմունքները խեղդել են, բայց ինձ զսպել եմ՝ հասկանալով գործի պատասխանատվությունը:
Ի՞նչքան եք մնալու Հայաստանում:
Չեմ կարող ասել… ես չեմ գալիս ինչ որ ծրագիր իրականացնելու, գալիս եմ դժվար պահին մարդկանց կողքին կանգնելու…կմնամ ինչքան անհրաժեշտ կլինի…
Արդյո՞ք Ֆրանսիայից հետևում էիք Հայաստանի նախագահական ընտրություններին: Ինչպիսի՞ն էին Ձեր դիտարկումները:
Հետևել եմ, այո՛, քարոզարշավին, ընտրությունների ընթացքին և հետընտրական զարգացումներին… ըստ իս, այսպիսի ընտրություններ մեզ մոտ դեռևս չեն եղել… բայց հեռվից որոշ բաներ կարող են այնքան էլ ճիշտ չթվալ. կգամ, տեղում ամեն ինչ ինձ համար ավելի պարզ կդառնա…
Փոփոխությունների անհրաժեշտության մասին բոլորն են խոսում՝ դիմադիր, թե ընդդիմադիր. ինչպիսի՞ փոփոխությունների կողմնակից եք Դուք անձամբ:
Այսօր Հայաստանում ստեղծվել է բացառիկ հնարավորություն` երկիրը վերակառուցելու: Եվ ո՛չ թե կոսմետիկ, այլ` ռադիկա՛լ, խորքայի՛ն փոփոխություններ անելու: Քաղաքական ուժերը պետք է իրենց մեջ ուժ գտնեն, հրաժարվեն ամեն տեսակի հավակնություններից ու նստեն երկխոսության: Մենք մի անգամ արդեն այդ բացառիկ հնարավորությունը կորցրինք, այս անգամ սխալվել չի կարելի: Սա՛ է պահի հրամայականը: Ինչու՞ է մեր քաղաքական միտքն աշխատում ըստ մինչ այժմ գործող ստանդարտների: Այդ ստանդարտները տանելու են դեպի փակուղի: Ինչու՞ մենք ռիսկ չենք անում մտածել, որ կարելի է գտնել միանգամայն նոր, բացառիկ ճկուն, մինչ այժմ պատմությանն անհայտ և հայ ժողովրդի ու հայ պետականության շահերից բխող լուծումներ… Կրկնում եմ, այսօր մեզ մոտ ստեղծվել է բացառիկ հնարավորություն` աշխարհը ցնցելու հեղափոխության հայկական տարբերակով…
Սպասո՞ւմ էիք ժողովրդական նման ալիքի բարձրացման, թե՞ կիսում էիք այն կարծիքը, որ ընտրությունների ելքը կանխորոշված է:
Ո՛չ, ակեղծ պիտի լինեմ: Ո՛չ: Ես էլ արդեն շատ շատերի նման կարծում էի, որ ընտրությունները կանցնեն պասիվ, անտարբերության մթնոլորտում, ընտրությունների ելքն արդեն որոշված էր, և մխիթարում էի ինձ նրանով, որ գոնե «հայկական ձմեռը» նախընտրելի է «արաբական գարունից»: Բայց կատարվեց անսպասելին: Եվ դա արեց ժողովուրդը: Հույսը կտրած, վտանգի ու սպառնալիքների տակ, ինչ-որ ներքին բնազդով, զգալով պահի օրհասականությունը, նա գնաց ու իր խղճի ձայնը տվեց: Նա իրեն չդավաճանեց, իսկ մենք՝ այդպես մտածողներս, դավաճանեցինք և պետք է մեր սխալն ուղղենք… երբ տեսա առաջին հանրահավաքի կադրերը` տարեց մարդիկ, մեր հայրերն ու մայրերը, որոնց մեծ մասի զավակներն այժմ աշխատում են օտար երկրներում, լուռ, համեստ, մի քիչ էլ հուսահատ, մի քիչ էլ անպաշտպան, բայց արժանապատիվ, եկել, կանգնել են իրենց իրավունքները պաշտպանելու, ես ամաչեցի, այո՛, ուզեցի ամոթից գետինը մտնել: Բայց հետո` խոնարհվել նրանց առաջ: Այո՛, ժողովուրդը մեծ հաղթանակ է տարել: Եվ պատահական չի` արցախյան շարժման 25-րդ տարեդարձն է: Ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա, ամեն մարդ հաղթահարեց ինքն իր մեջ վախն ու անտարբերությունը ու գնաց վճռական քայլի: Ինչպես և արցախյան շարժումը, անպես էլ այս լուսավոր «Բարևը» հեղախոխություն չի, այլ ինքնամաքրման ճանապարհ: Եվ իսկական հոբելյանը նշում են ոչ թե շամպայնով ու մեդալների բաժանմամբ, այլ հենց այսպես` ինքնամաքրմամբ ու լուսավոր գործերով: Հայ ժողովուրդն այսօր նորից ոտք դրեց լույսի ճանապարհին:
Զարուհի Մեջլումյան