Ռուստամ Բադասյանը խոսել է քրեական ենթամշակույթի դեմ պայքարում գրանցված հաջողությունների մասին

Տարիներ շարունակ քրեկատարողական հիմնարկներում տեղի ունեցող խոշտանգման դեպքերը կապված են եղել քրեական ենթամշակույթի, քրեական ենթամշակույթի ազդեցության, այդ թվում՝ քրեակատարողական ծառայության վրա ազդեցության հետ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Նա ընդգծեց, որ նախարարությունը զբաղված է այդ հետևանքը ծնող պատճառների վերացմամբ։

«Ակնհայտ է, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարում մենք գրանցում ենք հաջողություններ: Հարուցված վերջին քրեական գործերին բոլորդ ծանոթ եք, բոլորդ տեսնում եք դրանցում Քրեակատարողական ծառայության ներդրումը։ Բնականաբար, որոշ դեպքերում այդ գործերի շրջանակում ՔԿՀ-ների խցերում կատարված խուզարկությունները կարող են որոշակի դիմադրության արժանանալ: Այդ դիմադրությունը հաղթահարելու օրենքով սահմանված մեխանիզմ կա, և խոշտանգման մասին խոսելը ավելորդ է»,- ասաց Բադասյանը։

Նախարարը սխալ մոտեցում է համարում քրեական ենթամշակույթի կողմից տարածվող լուրերին վստահելը, ըստ որոնց՝ ՔԿՀ-ներում խոշտանգումներ են տեղի ունենում, այլ ոչ թե Արդարադատության նախարարության կամ Քրեակատարողական ծառայության տեղեկատվությանը։

Բադասյանը վստահեցրեց, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարն ընթանում է և ընթանալու է: