Արցախի հիմնախնդրի հետ կապված մտահոգություն չունեմ․ Մարուքյանը՝ Փաշինյանի հետ ունեցած քննարկման մասին

Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի թեմայով։ Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում Էդմոն Մարուքյանը մանրամասներ ներկայացրեց․

«Երեկ ժամը 11։30-ի ընդմիջմանը ես հրավիրել էի արտաքին գործերի նախարարին, սուրճ ենք խմել և զրուցել եմ արտգործնախարարի հետ։ Թեման եղել է բոլոր, այսպես ասած, մտահոգությունները, շահարկումները Արցախի հիմնախնդրի հետ կապված։ Այսօր էլ վարչապետին էի հրավիրել նույն թեմայով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Մարուքյանը։

Հարցին, թե ինչ է ասել վարչապետը, պատգամավորը պատասխանեց․ «Այն բոլոր հայտարարությունները, որ հրապարակային արվում են, դրանցից դուրս որևէ բան չկա։ Ըստ էության, Արցախի հարցն այն հարցն է, որի շուրջ բոլորս համախմբված ենք։ Այսինքն, այս մասով տարաձայնության հարց չկա։ Կարծում եմ ժամանակ առ ժամանակ  կարիք կա նման քննարկումներ ունենալու, նման ճշտումներ ունենալու»,- ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Անդրադառնալով հարցին՝ ԱԺ ամբիոնից այդ թեմայով հնչած հայտարարությունները բավարար չե՞ն եղել, որ լրացուցիչ քննարկումների անհրաժեշտություն է առաջացել, Մարուքյանը պատասխանեց․ «Կարճ կարող եմ ասել, որ Արցախի հիմնախնդրի շուրջ այն շահարկումները, որոնք կան, ինձ համար ի սկզբանե փարատված էին, իսկ հիմա առավելևս փարատված են։ Այն, ինչ հրապարակային հայտարարվել է, դրանից դուրս որևէ բան չկա»,- նշեց նա։

Մարուքյանը հավելեց, որ մտահոգություն չունի՝ Արցախի հիմնախնդրի հետ կապված։