Ես նրա մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս ոչինչ չի հիշում, որովհետև պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր. Նիկոլ Փաշինյան․ Տեսանյութ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր» հեռուստալիքին տված հարցազրույցում խոսել է Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների և Կառավարության կողմից վետերաններին տրամադրված աջակցության մասին։

Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես է Հայաստանը նշելու Հաղթանակի տոնը, Փաշինյան ասել է, որ կորոնավիրուսը, ցավոք, թույլ չի տվել իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված էին, սակայն մայիսի 9-ին օդային շքերթ է կազմակերպվելու։

«Մայիսի 9-ին մենք կկազմակերպենք միջոցառումներ, և դրանց հիմնական էությունը փառաբանելն է այն վետերաններին, ովքեր դեռ մեզ հետ են: Ներկայումս Հայաստանում ապրում է 287 վետերան, և մայիսի 9-ին տեղի կունենան նրանց նվիրված պաշտոնական միջոցառումներ»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ  ՀՀ կառավարությունը որոշել է Հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ պատվավոր մրցանակներ տրամադրել բոլոր վետերաններին՝ 300 հազար դրամի չափով:

«Անցյալ տարի մենք կրկնապատկեցինք Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր վետերանների թոշակները: Հուսով եմ, որ կորոնավիրուսի պայմաններում  կկարողանանք ստեղծել տոնական մթնոլորտ բոլորի և հատկապես՝ վետերանների համար»,- նշել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև իր պապի մասին, ով զոհվել է Հայրենական մեծ պատերազմում․

«Ես նրա մասին ոչինչ չեմ հիշում, նույնիսկ հայրս ոչինչ չի հիշում, որովհետև պապս գնացել է ռազմաճակատ, երբ հայրս մեկ տարեկան երեխա էր: Ինձ համար պապս պարզապես լուսանկարներ են և հորս մի քանի պատմություններ: Կարող եմ ասել միայն, որ նա եղել է 138-րդ հրաձգային դիվիզիայի սերժանտ, որպես 554-րդ հրաձգային գնդի մաս: Ըստ որոշ փաստաթղթերի, նա մահացել է 1943-ի փետրվարին, այլ փաստաթղթերի համաձայն, նա անհայտ կորած է: Ըստ որոշ փաստաթղթերի, Ստալինգրադի մերձակայքում, ըստ այլ փաստաթղթերի, Ղրիմում: Ես բախտ չեմ ունեցել պապիս հետ խոսելու, և նույնիսկ հայրս այդ հնարավորությունը չուներ»,- նշել է նա։