Ադրբեջանի նպատակն է ցույց տալ, թե իբր հայկական կողմը ագրեսիվ գործողությունների միտում ունի. Պապիկյան

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի պաշպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: 

«Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում մշտապես կեղծ տեղեկատվություն տարածելով՝ հենք է ստեղծում, որ կարողանա իր իսկ կողմից սադրիչ գործողությունները ներկայացնել իբրև հայկական կողմի նախահարձակ գործողություններ»,-ասաց նախարարը:

 Նա հիշեցրեց՝ ՊՆ-ն մշտապես հանդես է գալիս պատշաճ հաղորդագրություններով, այն, ինչ տեղի է ունենում սահմանին, ներկայացնում է  հանրությանը: 

«Այս ամենի պատճառն իհարկե ադրբեջանական կողմի նպատակներն են՝ ի ցույց դնելու, որ հայկական կողմը որոշակի ագրեսիվ գործողությունների միտում ունի: Նման բան չկա, հայկական կողմը մեր իսկ հնչեցրած բոլոր հայտարարություններին համապատասխան, բանակցությունների սեղանի շուրջ շարունակելու է առաջ մղել խաղաղության օրակարգը՝ իհարկե նաև պաշտպանելով մեր երկրի սուվերեն տարածքը»,-ասաց Պապիկյանը: