«Մորս մի հարց եմ տվել՝ ինչո՞ւ ես հրաժարվել ինձնից. չեմ ներում նրան». Անի Առաքելյան

«Մորս մի հարց եմ տվել՝ ինչո՞ւ ես հրաժարվել ինձնից. չեմ ներում նրան». Անի Առաքելյան
«Մորս մի հարց եմ տվել՝ ինչո՞ւ ես հրաժարվել ինձնից. չեմ ներում նրան». Անի Առաքելյան

«Քեզանից մեծերը կարող են գնալ-գալ, մի հատ խփել, հարվածել։ էն, որ դուրը պարզապես չես գալիս, մի հատ իջնում ա գլխիդ, ու դու կուլ ես տալիս, որովհետև չես կարող ձայն հանել»,- պատմում է 32-ամյա Անի Առաքելյանը, ով կյանքի 21 տարիներն անցկացրել է Գավառի մանկատանը՝ անցնելով բազմաթիվ դժվարությունների ու խնդիրների միջով։

«Ես փորձում էի ինձ հավաքել, չխեղճանալ։ 16 տարեկանից հետո, երբ աշխարհն սկսեցի ավելի լավ ճանաչել, հասկացա, որ պետք է ինքս ինձ պաշտպանեմ, եթե նեղացնում են, ստորացնում, պատասխան տամ, հակառակ դեպքում միշտ էդպես կլինի»,- անկեղծանում է Անին։

Մանկատան դժվար կյանքին գումարվում է Անիի անձնական կյանքի փակ պատմությունը, ինչը նրան հոգեբանական խնդիրների առաջ է կանգնեցնում։ Ասում է՝ անհամբերությամբ էր սպասում չափահաս դառնալուն, քանի որ միայն այդ տարիքից հետո էին թույլ տալիս մանկատան սաներին ծանոթանալու անձնական պատմությանը։

Ծնվելուց անմիջապես հետո Անին հայտնվել է Գավառի մանկատանը։ Մեծացել է՝ անտեղյակ ծնողներից, ընտանիքից, հարազատներից։ Անկեղծանալով ասում է՝ չգիտեր ի՞նչ էր նշանակում «ծնող» կամ «ընտանիք» բառերը։

«Մի անգամ դպրոցում ասացին, որ ծնողական ժողով է լինելու, զարմացած հարցրեցի՝ ծնողական ժողովն ի՞նչ է, ծնողներն ովքե՞ր են։ Ավելի ուշ՝ երեկոյան, մանկատանը ընկեր Ջուլիետան ասաց. «Ծնողները երեխաների մամաներն են, ովքեր նրանց լույս աշխարհ են բերում»,- պատմում է Անին՝ թերթելով հիշողության տխուր էջերը։

Սեփական երևակայության մութ անկյուններում Անին սկսում է նկարել երբևէ չտեսած, անծանոթ, բայց հարազատ ծնողներին։

«Մեր 12 հոգանոց խմբում բոլորն ունեին մամա, պապա։ Նրանց գալիս էին տեսակցության։ Գլխումս մի հարց էր ինձ տանջում. ինչո՞ւ ինձ այցելող չկա։ Մի օր էլ այդ հարցը ընկեր Ջուլիետային տվեցի: Ասաց, թե մայրդ շատ է աշխատում, չի հասցնում գալ։ Դրանից հետո ինքս ինձ խոստացա՝ այլևս երբեք չհարցնել մորս մասին»,- հիշում է Անին՝ աչքերի խորքում թաքցնելով վաղուց անցած դժվարությունները։

Տարիներ շարունակ սպասել է, որ իրեն էլ կայցելեն, կոնֆետ ու թխվածք կբերեն, ինքն էլ կվազի մեկին ընդառաջ ու կփարվի պարանոցին, կզգա, թե այդ ո՞վ է ծնողը կամ ի՞նչ է նշանակում կարոտել։ Միայնակ լինելու ու ոչ ոք չունենալու վախը հոգեբանական այն խոչընդոտն էր, որը հաղթահարելու համար Անին դեռ երկար ճանապարհ պետք է անցներ։

«Տատիկ, պապիկ էին գալիս, ուտելիք էին բերում իրենց երեխաներին, գալիս էին ծննդյան օրերին, ինձ մոտ դատարկություն էր, սպասում, լռություն, որը երբեք չէր լցվում, ու այդ ամենը ահավոր էր։ Ու ես էլի իմ հարցերն ուղղում էի ընկեր Ջուլիետային՝ ինչո՞ւ ինձ չեն այցելում։ Նա համբերատար ասում էր՝ մի օր կգան, ու ես սպասում էի…» – վերհիշում է անցած կյանքը Անին։

Ծնողների ու հարազատների բացակայությունը Անիին ստիպում են փորփրել սեփական կյանքի պատմությունը։ Չափահաս դառնալուց հետո մանկատան տնօրենը նրան թույլ է տալիս ծանոթանալ անձնական պատմությանը, զգուշացնելով, որ կարդալուց առաջ հոգեբանորեն պատրաստվի։

«Ուզում եմ հասկանալ՝ արդյոք պատրա՞ստ ես դրան, թե՞ ոչ»,- ասաց ընկեր Նալբանդյանը։ Ասացի` պատրաստ եմ»,- հուզված հիշում է Անին։

Համարձակորեն առերեսվում է թղթերի մեջ թաքնված ճշմարտությանը։

«Հետճաշիկը այդ օրը կոնֆետ էր, մտածեցի՝ կոնֆետներս էլ ուտեմ՝ նոր կարդամ։ Կարդացի։ Ծնվելուց անմիջապես հետո մայրս հրաժարվել էր ինձնից։ Խոստացա ինձ՝ այլևս երբեք չսպասել նրան։ Մենակ մի բան էի մտածում. եթե մի օր տեսնեմ, թղթերը պատռելու եմ երեսին»,- ասում է Անին։

Հարվածը կրկնակի է դառնում, երբ իմանում է, որ ունի երեք եղբայր ու մեկ քույր, որոնցից մայրը չի հրաժարվել, ընդամենը որոշակի ժամանակով հանձնել է «Զատիկ» մանկատուն, երբ հայտնվել է քրեակատարողական հիմնարկում։ Պատիժը կրելուց հետո երեխաներին նորից հետ է վերցրել։

«Միայն ինձնից էր հրաժարվել։ Տարիներ անց մի անգամ մորս տեսա՝ կես ժամով, ինքն էր ինձ գտել։ Մի հարց եմ տվել. «Ինչո՞ւ ես հրաժարվել ինձնից»։ Ասաց՝ իրեն ստիպել են, ասելով, թե ես իբր հիվանդ եմ ծնվել… Չեմ ներում նրան»,- ասում է Անին։

Հոգեբանորեն ճնշված ու կոտրված Անին չի թուլանում, հասկանում է, որ պետք է դիմագրավելով դժվարությունները առաջ ընթանա, հակառակ դեպքում ամբողջ կյանքն է ճնշված ապրելու։

Մինչև 21 տարեկանը Անին անցկացնում է Գավառի մանկատանը՝ գնալու այլ տեղ չունենալով։ 2006 թվականից ընդգրկվում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող «Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրին, որի շրջանակներում բնակարան է ստանում միայն տասը տարի անց։

Նրա կյանքում մեծ դեր ու նշանակություն է ունենում «Մեր տունը» ՀԿ-ն, որտեղ հայտնվում է Գավառի մանկատնից հետո։

Էջմիածնում գործող այս ՀԿ-ի շահառուներ են դառնում Հայաստանի տարբեր մանկատներից 18 տարին լրացած այն աղջիկները, ովքեր ցանկություն են ունենում շարունակելու ուսումը՝ իրենց հետագա կյանքի հինգ տարիները անցկացնելով «Մեր տունը» ՀԿ-ում։

Այսօր Անին մասնագիտությամբ հոգեբան-մանկավարժ է։ Ասում է, որ մտածված է ընտրել այդ մասնագիտությունը, որպեսզի նախևառաջ ինքն իրեն օգներ։

«Կարող էի շատ լավ հաշվապահ կամ իրավաբան դառնալ, բայց ընտրեցի հոգեբանությունը։ Այդ մասնագիտությունն օգնեց ինձ կարգի բերելու հոգեկան աշխարհս, ձերբազատվել կոմպլեքսներից, հակառակ դեպքում մեծ խնդիրներ կունենայի կյանքում։ Կարողացա ավելի լավ ճանաչել թե՛ ինձ, թե՛ մարդկանց»,-ասում է նա։

Անին տիրապետում է բազմաթիվ ձեռքի հմտությունների՝ մակրամեից մինչև բատիկ, հուլունքագործություն… Երազում է դպրոց բացել, իր իմացածը փոխանցել երեխաներին, զուգահեռ մտածում է նույն ոլորտում բիզնես հիմնելու մասին։

Երկու տարի առաջ ամուսնացել է բոստոնաբնակ Նարեկի հետ։ Պատմում է, որ իր ամուսնությունը բացառիկ դեպք էր, քանի որ ապագա ամուսինն իր մասին կարդացել էր լրատվամիջոցներից մեկում, որտեղ ինքը`Անին, ասում է. մանկատան աղջիկները կարողանում են դառնալ ընտանիքի լավ հարս, կին ու մայր՝ կոտրելով կարծրատիպերը։

«Հիմա ինձ համարում եմ կայացած, քանի որ լավ ընտանիք եմ կազմել»,- ասում է Անին։

Հետադարձ հայացք նետելով անցած ճանապարհին՝ հասկանում է, որ շատ բան է հաղթահարել։

«Մեծանալ մանկատանը՝ էդ մի բան է, որն ամբողջ կյանքում հետապնդում է մեզ։ Շատ կուզեի, որ այդ կարծրատիպը փոխվեր։ Անկախ մեր կամքից, մեր ճակատին գրված է՝ մանկատուն։ Ես որքան էլ հաղթահարեմ իմ մեջ այդ խնդիրը, մեկ էլ մի պահ է գալիս, երբ քեզ նորից հիշեցնում են։ Ու սա հասարակության ու մանկատան երեխայի միջև եղած խնդիր է, ինչը հաղթահարել է պետք»,- ասում է Անին։

Համոզված է, որ փոփոխություններն ակնառու են, բայց անջրպետը դեռևս շարունակվում է։

«Ինչքան եմ ուզում, որ ինձ տեսնելիս չհարցնեն. «Վա՜յ, որ մանկատնից էիր»։ Շատ եմ ուզում, այդ հարցը չտան։ Ճանաչում ենք լրագրող Մհեր Արշակյանին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին, նրանք էլ են մանկատնից, մարդիկ այսօր կայացած մասնագետներ են։ Հետևում եմ նրանց, կարդում մարդկանց մեկնաբանությունները կայքերում։ Եթե մի բան իրենց սրտով չեն կարդում, գրում են. «Ա՛յ որբ…» Հասարակությունը չի թողնում մոռանալ, որ դու մանկատնից ես, սրա դեմ պետք է պայքարենք»,- համոզված է Անին։

Անին այժմ աշխատում է «Մեր տունը» ՀԿ-ում՝ որպես գիշերային մանկավարժ։ Ասում է՝ սիրով է անում իր գործը, փորձում է օգնել աղջիկներին, ովքեր գրեթե նույն ճանապարհն են անցնում, ինչ ինքը ժամանակին։

Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է ընտանիքը։

Գայանե Մկրտչյան

MediaLab.am