«124 մլն դրամը տոնի համար մեծ գումար չէ, միայն առաջին եռամսյակում նոր իշխանությունը 11,5 մլրդ դրամ ավելի է հավաքել, քան նախատեսվում էր». Հայկ Գևորգյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը:

– Պարո՛ն Գևորգյան, կառավարությունը որոշեց 124 մլն դրամ տրամադրել Քաղաքացու օրը նշելու համար։ Սա շատերը համարում են ավելորդ շռայլություն, ո՞րն է ձեր տեսակետը։

– Կառավարությունը շատ լավ է արել, որովհետև իմ կարծիքով, սա կարևորագույն օրերից մեկն է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում ունեցել է մեր ժողովուրդը, որովհետև, պատկերավոր ասած, մեկ քաղաքացին Հայաստանում իշխանություն փոխեց, և իշխանության եկավ այն ուժը, որին ինքն ուզում էր։ Իշխանության եկավ առանց ընտրակեղծիքների, առանց բռնության։

Բայց Քաղաքացու օրը վերաբերում է մինչև այդ եղածին, մինչև նոր իշխանության ձևավորմանը։ Դրա համար այս տոնի ամբողջ հմայքը ոչ թե այն է, թե մայիսի 8-ից հետո ո՛վ եկավ իշխանության, այլ ի՛նչ եղավ մինչև մայիսի 8-ը։ Ժողովուրդը հաղթեց, և եթե որևէ մեկը դա տոն չի պատկերացնում, ինձ համար տարօրինակ է։ Ինչ վերաբերում է փողին, փողն այնքան պայմանական հասկացություն է։ Կարելի է գտնել այնքան ծախսեր, որ արվել են, որոնք լրիվ անիմաստ են եղել։

124 մլն դրամը նման տոնի համար մեծ գումար չէ։ Եթե ուզում ենք տեսնել՝ 124 մլն դրամը մե՞ծ գումար է, թե՞ ոչ, կարող եմ ասել, որ միայն առաջին եռամսյակի ընթացքում նոր իշխանությունը 11,5 մլրդ դրամ ավելի է հավաքել, քան նախատեսվում էր։

– Միջազգային ինդեքսը ցույց է տալիս, որ մամուլի ազատության առումով Հայաստանը 19 կետով բարելավել է իր դիրքերը և Վրաստանի հետ գրեթե նույն դիրքում հայտնվել։ Ձեր կարծիքով՝ իրականությանը որքանո՛վ են համապատասխանում այս ցուցանիշները։

– Ես կարծում եմ, որ դուք գիտեք այդ հարցի պատասխանը, և եթե ամեն ինչ այս ձևով ընթանա, մենք կարող ենք բարձրանալ առաջին տեղը։

– Բայց խոսում են ճնշումների մասին, ժուռնալիստների միության նախագահը պարբերաբար խոսում է այդ մասին։

– Թող խոսեն, դա էլ է խոսքի ազատություն, որ չեղած բանն էլ են կարողանում ասել։ Նախկինում ես չեմ հիշում, որ աղմուկ բարձրանար ամեն մի փոքր իրադարձության շուրջ։ Այսօր ամեն մի փոքր իրադարձություն դառնում է աշխարհացունց մի իրադարձություն։ Ինձ համար կարևոր է, որ լրագրողներին չճնշեն, որ լրատվամիջոցները ճնշման չենթարկվեն։ Մի քիչ իրար կքննադատեն, մի քիչ կհայհոյեն, ոչինչ։

– Նախօրեին գլխավոր դատախազն էր կոռուպցիայից խոսել և նշել, որ հիմա հասարակությունն ավելի շատ է մասնակից այդ պրոցեսներին, կոռուպցիայի դեմ պայքարն ավելի մեծ թափ է ստացել։ Արդյո՞ք դա այդպես է, և արդյոք վատ ցուցիչ չէ, որ մինչև հիմա կառավարությունում չունենք ձևավորված հակակոռուպցիոն մարմին։

– Հիմա ես հարց տամ՝ Հայաստանում հեղափոխությունից հետո կոռուպցիան նվազե՞լ է, թե՞ ոչ։ Իհարկե նվազել է, և ոչ մի առանձին հակակոռուպցիոն մարմին չի եղել։ Այսինքն՝ մենք գործ ունենք քաղաքական կամքի հետ։ Քաղաքական կամքը դրսևորվել է, կոռուպցիան շեշտակի նվազել է, հիմա արդեն կա ինստիտուցիոնալացման խնդիր։

Կոռուպցիայի դեմ պայքարն ինստիտուցիոնալացնելու ամենաարդյունավետ միջոցը առանձին հակակոռուպցիոն մարմինն է, բայց կան նաև կարծիքներ, որ այդ նույն գործառույթը կարող են կատարել, ասենք՝ 2-3 մարմին տարբեր իրավապահ մարմիններում։ Այստեղ մոտեցումների խնդիր է։ Իմ կարծիքով՝ հակակոռուպցիոն մարմինն ամենաարդյունավետը կարող է աշխատել։ Գլխավորն այն է, որ մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ և պայքարելու ենք։

– Գագիկ Ծառուկյանն ասում է, որ շատ սփյուռքահայեր հեղափոխությունից հետո որոշել էին գալ Հայաստան, բայց հիմա «տոռմուզները քաշել են»։

– Ես մի բան ասեմ. եթե մարդն ուզում է ներդրում անել, նրան ծեծես էլ, նա ներդրում անելու է, իսկ եթե չի ուզում, ծեծելով էլ չես կարող ստիպել, որ ներդրում անի։ Նպաստավոր պայմաններն այսօր կան, եթե ինչ-որ մեկը մտածում է, որ իր ներդրումներն այստեղ վտանգված են, սխալվում է։ Բայց կան նաև այլ հարցեր. Եթե, օրինակ՝ մեկն ուզում է Երևանի կենտրոնում 30 հարկանի շենք կառուցել առանց համապատասխան կոմունիկացիաների, չի կառուցելու։

Շենքի բարձրությունը լինելու է այնքան, որքան թույլ է տալիս տվյալ տարածքի կոմունիկացիան։ Եթե ինչ-որ մեկն ուզում է շինարարություն անել կանաչ տարածքներում, ասենք՝ 10 հա անտառ կտրել, տեղը տուն սարքել, այդ ներդրումն էլ չի լինելու։ Իսկ նորմալ, սովորական ներդրումները լինելու են, և այսօր շատ մեծ ու ծանրակշիռ ներդրումների քննարկումներ են ընթանում։ Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ որքան մեծ է ներդրումը, այնքան դրա նախապատրաստական փուլն է մեծ։ Օրինակ՝ եթե դուք ունեք մի քանի հազար դոլար և ուզում եք հիփոթեքով տուն գնել, քանի՞ ամիս կմտածեք։

Այդ դեպքում խոսքը մի քանի հազար դոլարի մասին է, դե հիմա պատկերացրեք, որ խոսքը մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է։ Ինչքան պետք է մտածես, հաշվարկներ անես, ռիսկերը գնահատես, ուսումնասիրես ոչ միայն Հայաստանում, այլ նաև հարևան երկրներում սպասվող իրադարձությունները։ Օրինակ՝ մեր հարևան երկրներում իրադարձությունները շատ մեծ չափով ազդում են մեզ մոտ ներդրումային ֆոնի վրա։ Իսկ որ ներդրումներն աճել են, կարող եք նայել 2018 թվականի պաշտոնական տվյալները, շուտով կհրապարակվեն նաև առաջին եռամսյակի տվյալները։ Այնպես չէ, որ տնտեսությունը ներդրումներից պայթում է, բայց շատ նորմալ է, որ այս փուլում հենց այսպես պետք է լինի։ Մի՛ մոռացեք, որ հեղափոխությունից հետո ցնցումների սպասում կար, նաև հոկտեմբերի 2-ը հենց այդ նպատակն ուներ ու ծառայել է իր նպատակին, որ ներդրումները հետաձգվեն։ Այո՛, հետաձգվել են, բայց անպայման լինելու են։

Լուսանկարը`«Ֆոտոլուր»

Մանե Հարությունյան

MediaLab.am