«Ալիևի սանձարձակ ու ցինիկ պահվածքին պետք է տրվի ոչ համարժեք պատասխան»․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Անկախ նրանից, թե մեր երկրում ինչպիսի քաղաքական զարգացումներ են տեղի ունենում և ում նկատմամբ է իրականացվում քրեական հետապնդում, չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանի ղեկավարն այս աստիճան լկտիանա և հայտարարի, թե Հայաստանի անկախության պատմությունը՝ սկզբունքորեն ամոթալի պատմություն է»։

Եթե մեր պատմությունն ամոթալի է, նրանցը խայտառակություն ու ստորացուցիչ է։

Իսկ եթե լուրջ, իր բոլոր թերություններով, սխալներով ու բացթողումներով հանդերձ՝ անկախության Հայաստանը մեր ժողովրդի հպարտության ու հաղթանակի պատմությունն է։

Այս անձին հնարավոր բոլոր միջոցներով սանձել է պետք։

Ինձ համար հասկանալի չէ, որ պարտված պետության ղեկավարը կարող է իրեն թույլ տալ այսպիսի ցինիզմով արտահայտվել պատերազմի ժամանակ բառիս բուն իմաստով իրենց հաղթած պետության հասցեին։

Պարզ է, որ Ալիևը պահպանում է ատելության քաղաքականության գիծը՝ պատրաստվելով պատերազմի։

Միաժամանակ ակնհայտ է, որ Հայաստանը, գնահատելով զարգացումների այսպիսի ընթացքը, պետք է հստակ ուղերձ հղի միջազգային հանրությանը` ներկայացնելով իր առավելագույն և նվազագույն ակնկալիքները Արցախի հարցի կարգավորման հետագա ընթացքի վերաբերյալ՝ հետևյալ համատեքստում․

1. Որևէ դեպքում չի ընկրկելու Ադրբեջանի ռազմական արկածախնդրության առաջ, ավելին` մշտապես ստանձնելու է ռազմական և քաղաքական պատասխանատվություն Արցախի և նրա ժողովրդի անվտանգության ապահովման գործում և այդ առումով ներդնելու է իր բոլոր հնարավորությունները,

2. Հայաստանը որևէ այլընտրանք չի տեսնում հարցի խաղաղ կարգավորմանը, պատրաստ է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո խաղաղ բանակցություններին` Միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքների հիման վրա, միաժամանակ պնդում է, որ արժանի ռազմական հակահարված կհասցնի Ադրբեջանին` այդ թվում և նրա ռազմավարական օբյեկտներին, եթե վերջինս շարունակի սպառնալ պատերազմով և փորձի իրականացնել ռազմական ավանտյուրա,

3. Հայաստանը կարող է դիտարկել և պահպանում է իր զինանոցում Արցախի Հանրապետությունը անկախ պետություն ճանաչելու հեռանկարը, եթե վերջնականապես հանգի այն համոզմանը, որ հարցի խաղաղ կարգավորման հեռանկարը Ադրբեջանի դիլենտանտության պատճառով վիժեցված է, և վերջինիս քաղաքականությունն իսկապես սպառնում է Հայաստանի և Արցախի, ինչպես նաև նրա ժողովուրդների անվտանգ գոյությանը,

4. Հայաստանը 1994թ-ից ի վեր Արցախի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր կողմից հռչակված սկզբունքներից և մոտեցումներից նահանջելու տեղ և իրավունք չունի, քանի որ այդ նշաձողից անգամ մեկ քայլ նահանջը սպառնում է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությանը…»