«Արցախի իշխանական պրոպագանդան միշտ Հայաստանի նոր իշխանությունների դեմ է, հակափաշինյանական». Հայկ Խանումյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը:

– Պարո՛ն Խանումյան, Հայաստանի վարչապետի մասնակցությամբ Արցախում անցկացված անվտանգության խորհրդի նիստից ու նաև Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ի՞նչ տրամադրություններ են այդտեղ:

– Արցախի հասարակությունը բավական փխրուն է այն առումով, որ չկան անկախ լրատվամիջոցներ, չկա ուժեղ քաղաքացիական հասարակություն: Եվ այդ առումով մանիպուլյացիաները արդյունավետ են լինում: Դրա համար մի քիչ դժվար է ասել՝ ինչ տրամադրություններ են: Եթե նկատի ունեք անվտանգության խորհրդի համատեղ նիստը, թե դրանից հետո ինչ տրամադրություններ են, բարոմետր չունենք չափելու: Իմ բարոմետրը իշխանական պրոպագանդան է, որը միշտ եղել է Հայաստանի նոր իշխանությունների դեմ, հակափաշինյանական:

– Արցախի իշխանությունների հակափաշինյանական պրոպագանդան ինչպե՞ս է արտահայտվում: Բանակցային գործընթացի վերաբերյալ առաջ քաշած թեզերի դե՞մ էլ կան դժգոհություններ:

– Ո՛չ, դժգոհությունը բանակցային գործընթացից կամ հնչեցրած թեզերից չէ: Դժգոհությունը քաղաքակրթային է: Նիկոլ Փաշինյանը մի իշխանություն է ղեկավարում, որը կարևորում է հանրային միջոցների արդյունավետ ծախսը, հաշվետվողականությունը և այլն: Արցախում իշխանություններ են, ովքեր այդ հանրային միջոցներն օգտագործում են իրենց բիզնեսների համար, սովոր են թալանի և այլն: Եվ բնականաբար, այս երկու մոտեցումների միջև լուրջ տարբերություն կա, և կոնֆլիկտը սա է:

– Կարո՞ղ ենք ասել, որ ի դեմս Արցախի իշխանությունների՝ Հայաստանի իշխանությունների դեմ հակահեղափոխության օջախ կա:

– Այդ բառը չեմ սիրում օգտագործել, բայց ասեմ՝ քաղաքակրթային և արժեքային տարբերություն կա Երևանի և Ստեփանակերտի իշխանությունների միջև:

– Անվտանգության խորհրդի համատեղ նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած ուղերձները ինչպե՞ս եք գնահատում:

– Շատ նորմալ, նա հավատարիմ մնաց բանակցություններին: Բանակցություններից հետո Ալիևի հետ տարածած համատեղ հայտարարությունը հենց դա էր վկայում: Այնպես որ, ես կարծում եմ, որ Փաշինյանը հստակ սկզբունքներ է դրել և գնում է դրանց հետևից:

– Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն առաջ մղեց այն թեզը, որ Արցախը պետք է մասնակցի բանակցային գործընթացին, Արցախի ժողովրդի կողմից ինչպե՞ս է ընդունվում: Եվ նաև՝ դուք ի՞նչ կարծիք ունեք նրա այս դիրքորոշման մասին: Ադրբեջանն ասում է, որ ձևաչափի փոփոխության հարց չի կարող քննարկվել, եթե կողմերից մեկը համաձայն չէ, իսկ հայկական կողմից ասում են, թե դա ձևաչափի փոփոխություն չէ, ի սկզբանե Արցախը ներգրավված է եղել բանակցություններում:

– Շատ տրամաբանական հարց է դրված Փաշինյանի կողմից՝ Արցախի բնակիչներին ներկայացնող չկա: Արցախի բնակիչներին պետք է ներկայացնի նրանց կողմից ընտրված ներկայացուցիչը: Իսկ այդ ներկայացուցիչն այս պահին Արցախի իշխանություններն են: Եվ, հետևաբար, Արցախի բնակչության մասնակցությունը գործընթացին տրամաբանական է, նորմալ տրամաբանությամբ չես կարող հակափաստարկներ բերել դրա վերաբերյալ:

Մյուս տարբերակը կարող է լինել այն, երբ Արցախի բնակչությունն սկսի մասնակցել Հայաստանի ընտրություններին, մասնակցի ՀՀ իշխանության ձևավորմանը, և Հայաստանի իշխանությունները ներկայացնեն իրեն: Ես համատեղ հայտարարությունից հասկացա, որ այդ հարցը օրակարգում է, և արտգործնախարարությունները պետք է քննարկեն: Իսկ հանդիպումներից հետո ադրբեջանական կողմից արվող հայտարարությունները երևի հին իներցիայի հետևանք են, երբ փորձում են անլրջացնել ամեն ինչ:

– Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսեց այն մասին, որ «տարածքներ խաղաղության դիմաց» թեզը վերաձևակերպել է «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

– Շատ դրական եմ գնահատում, սա նորմալ հայտարարություն է և նորմալ ուղերձ է Ադրբեջանին: Սա մի քայլ ավելի է, քան Հայաստանի նախորդ իշխանությունների կողմից արված քայլերը, որովհետև Ադրբեջանին պատերազմից կարող է հետ պահել միայն նոր տարածքներ կորցնելու վախը:

– Ինչպես եք գնահատում Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը, բանակցային գործընթաց կա՞:

– Իմ կարծիքով՝ դրանք հանդիպումներ են բանակցությունների ձևաչափը ճշգրտելու և այլնի մասին: Այս փուլում մարտավարական առումով մենք ժամանակի խնդիր էլ ունենք: Եվ կարծում եմ, որ դիվանագիտական ջանքերին զուգահեռ պետք է շարունակենք սպառազինությունների ձեռքբերումը, որը Նիկոլ Փաշինյանի օրոք բավական ակտիվացել է:

Լուսանկարը` «Սիվիլնեթ»

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am